Նորություններ

Պահանջում եմ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել. Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադառնալով «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու փաստին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաև արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, իսկ տղամարդիկ՝ նարկոդիսպանսեր: Կոնկրետ Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանությունից բողոքներ չկային, սակայն անխտիր բոլոր բերման ենթարկվածները բողոքում էին և պատմում, որ բռնությունների են ենթարկվել, իսկ 4 հոգուն ընդհանրապես տաքսի ավտոմեքենայի միջից են հանել և բերել բաժին:

Գագիկ Գինոսյանը պատմեց, որ նկատել է, որ օպերային երգչուհուն թևերը ոլորած տանում են, նա միջամտել է և ասել, որ նա օպերային երգչուհի է, հարցրել է՝ «Ի՞նչ եք անում», այնուհետև նրան ևս բռնության ենթարկելով բերման են ենթարկել, ինչի մասին նա մանրամասն հայտարարություն կտա քննիչի մոտ:

Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանության պետն ինձ տեղեկացրեց, որ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Պետք է ասեմ, որ բերման ենթարկվածներն արդեն շուրջ 6 ժամ չէին կարողանում պարզել իրենց դատավարական կարգավիճակը: Ոստիկանապետից պահանջել եմ, որպեսզի բերման ենթարկվածների կարգավիճակը պարզեն, անձամբ պարզաբանել եմ նրանց սահմանադրական և դատավարական իրավունքները, ինչից հետո նրանք տարվել են քննիչի մոտ՝ կարգավիճակի հարցը լուծելու համար: Ինձ միացավ նաև տիկին Անահիտ Բաշխյանը, ով նույնպես պահանջում էր ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել