Նորություններ

Դեռ պահպանվել է այն, որ կինը հիմնավորվում է ամուսնու ընտանիքում երեխա ունենալուց հետո. Շիրակի մարզպետարանի աշխատակից

«Մինչև այս աշխատանքիս անցնելը, ինձ համար հայ կինը երկնքի աստղերի բարձունքում էր: Բայց այս ինը տարվա աշխատանքի ընթացքում ես համոզվեցի, որ այդպես չէ»,- ասում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա պատմեց, որ բազմաթիվ են լինում դեպքերը, երբ հենց ծնողների կողմից են խախտվում երեխաների իրավունքները.

-Ես հումանիտար առարկաների գծով դասախոս եմ եղել ու երբեք չեմ առնչվել նման խնդիրների հետ: Իսկ հիմա կարող է կինը երեխայի ձեքը բռնած մտնել իմ աշխատասենյակ ու ասել, թե երեխայից հրաժարվում է, խնամքը հանձնենք որևէ հաստատության: Հարցնում եմ` եթե հրաժարվում ես, ինչու՞ ես բռնել երեխայի ձեռքը, կինը նույնիսկ կարող է պատասխանել, թե երեխան է բռնել, ես չեմ բռնել:

-Ի՞նչն է պատճառը, որ հրաժարվում են իրենց երեխայից:

-Անհաշտությունը ամուսնու կամ ուղղակի զուգընկերոջ հետ: Երբեմն գերադասում են իրենց անձնական կյանքը, քան երեխայի խնամքը: Մենք միշտ մտածում ենք, որ սա միգուցե պահի ազդեցության տակ ընդունված որոշում է, անմիջապես ընթացք չենք տալիս,  կնոջ, նրա զուգընկերոջ հետ աշխատում են նաև մեր հոգեբանները: Քիչ են լինում դեպքերը, երբ վերջանականապես հրաժարվում են: Մենք ասում ենք, որ դիմումի մեջ գրվի «ժամանակավոր» բառը, հակառակ դեպքում դիմում ներկայացնելուց եռօրյա ժամկետում երեխան հաշվառվում է որպես ծնողազուրկ և կարող է որդեգրվել: Անցյալ տարի մենք ունեցել ենք 4-5 դեպք, երբ երեխաները վերադարձվել են ընտանիք, քանի որ դիմումի մեջ նշել էին, որ ժամանակավոր են հրաժարվում երեխայից:

-Փաստորեն երեխայի իրավունքների պաշտպանության հարցը բավականին արդիական է:

-Իհարկե, հատկապես ամուսնալուծությունների դեպքում հաճախ են ոտնահարվում երեխայի շահերը:  Երբ զույգերն ամուսնալուծվում են, հաճախ չեն հասկանում, որ խնդիրը միայն երկուսի մեջ է, միյանցից են բաժանվում, բայց ոչ երեխայից: Երեխային դարձնում են կռվախնձոր, իրարից վրեժ լուծելու, իրար ինչ-որ բաներ հասկացնելու համար օգտագործում են երեխային: Եվ նման իրավիճակներում երեխան է շատ ծանր իրավիճակում հայտնվում: երեխայի շահերն են ոտնահարվում, երեխան ինքն է ընկնում շատ ծանր վիճակի համար:

-Ի դեպ, ամուսնալուծությունների ժամանակ հաճախ կնոջ և երեխայի իրավունքները խախտման խնդրի առջև են կանգնում, քանի որ ամուսնությունը ՔԿԱԳ մարմիններում գրանցված չի լինում: Տարածվա՞ծ խնդիր է ձեզ մոտ:

-Այո, այդպիսի դեպքերը շատ են: Երբ դիմում են մեզ, եթե հայրությունը ճանաչելու հնարավորություն կա, մենք աջակցում ենք, խորհուրդ տալիս, որպեսզի հայրությունը ճանաչվի, և այդ դեպքում հայրն իր պարտավորությունները պետք է կատարի երեխայի հանդեպ և նրա ապրուստավճարի հարցը կլուծվի: Իսկ եթե հնարավոր չի լինում երեխայի հայրության ճանաչման հարցը լուծելը, ապա նման դեպքերում դատական պրոցեսը բավականին ժամանակատար ու ծախսատար է լինում, իսկ մեզ մոտ կան մարդիկ, որ նույնիսկ չնչին պետական տուրքերը իվիճակի չեն լինում վճարել: Ընդհանրապես, երբ դիմում են մեզ` երեխայի խնամքը ծնողներից մեկին հանձնելու համար, ապա մեծամասամբ դա այն դեպքերն են, երբ ամուսնությունը գրանցված չէ, իսկ եթե ամուսնութունը գրանցված է, ապա այդտեղ խնդիրը հեշտ է լուծվում:

-Ի՞նչն է պատճառը, որ չեն գրանցում ամուսնությունը, հատկապես կանայք պետք է, որ շահագրգռված լինեն այդ հարցում:

-Պատճառները տարբեր են: Մի դեպքում սպասում են երեխայի ծնվելուց հետո կամ ծնվելու պահին գրանցեն. միգուցե իրենց որոշման մեջ հաստատ չեն, որ այդ ամուսնությունն ամբողջ կյանքի համար է: Կամ կարող են  ամուսնությունը չգրանցել, կինը հաշվառվում է որպես միայնակ մայր, քանի որ դա արտոնություններ է տալիս:

-Խոսքը պետության կողմից սոցիալական նպա՞ստ ստանալու մասին է:

-Այո: Լինում են դեպքեր, երբ ամուսնությունը գրանցում են երեխայի ծնվելուց հետո,  տղամարդը արժանապատվությունից ելնելով ասում է, թե ինչու իմ երեխան կնոջս ազգանունը կրի: Բայց երբեմն դա էլ չի գործում. մտածում են, որ եթե միայնակ մայր լինելը ավելի ձեռնտու է ընտանիքի համար` սոցիալական տեսանկյունից, ապա թող այդպես լինի: Եվ եթե մեկ երեխայի դեպքում հասկանալի է միայնակ մայր լինելը, ապա որևէ կերպ տրամաբանական չէ, երբ կինը գալիս ասում է, թե միայնակ մայր եմ, ունեմ չորս կամ հինգ երեխա: Ասում ենք` բոլորը նույն տղամարդու երեխաներն են, պատասխանում է` այո: Եվ հենց այս դեպքերն էլ հետագայում դառնում են երեխաների իրավունքների ոտնահարման պատճառ:

-Ասում են, որ հաճախ ամուսնությունը չգրանցելու գաղափարը տալիս են ապագա սկեսուրները:

-Այո, երբեմն ընտանիքի մեծահասկաները կարող են ասել, թե գուցե իրար չհասկանաք, գուցե խնդիրներ առաջանան, ու դեռևս պետք չէ շտապել ամուսնությունը գրանցելու հարցում: Դեռևս պահպանվել է այն, որ երեխա ունենալուց հետո է կինը հիմնավորվում ամուսնու ընտանիքում:

Իսկ իրավագիտակցության խնդիր չկա՞, երբ կինը չի հասկանում, որ ամուսնության չգրանցման հետևանքով կարող է մի օր փաստի առաջ կանգնել:

-Այդ խնդիրը տարիներ առաջ շատ ավելի մեծ էր, այսօր թե իրազեկվածության, թե իրավագիտակցության մակարդակն ավելի բարձր է: Նախկինում չէին էլ բարձրաձայնում իրենց խնդրի մասին, այսօր կարող են հանգիստ գալ, խնդիրը ներկայացնել, խորհրդատվություն ստանալ: Դիմելությունն աճել է: Եթե նախկինում վստահում էին միայն հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենց խնդիրը հասարակական հնչեղություն չստանա, ապա այսօր վստահությունը շատ մեծ է, դիմում են մեզ, մենք էլ համագործակցում ենք նաև հասարակական կազմակերպությունների հետ շատ հարցեր`  երկարատև  իրավական աջակցության, ապաստարան տալու և այլնի համար:

-Իսկ հիմնականում կանանց  իրավունքների ի՞նչ խախտումներն են տարածված ձեր մարզում:

-Հիմնական խնդիրը, ինչպես նշեցի, չգրանցված ամուսնությունների հետևանքով առաջացած խնդիրներն են: Կնոջ իրավունքները խախտվում են նաև աշխատանքային հարաբերություններում, երբ հաճախ առաջնությունը տալիս են տղամարդուն, թեև կին ու տղամարդ աշխատակիցն ունեն միևնույն կրթական մակարդակը, մասնագիտական որակավորումը և այլն, քանի որ կնոջ դեպքում կարող են որոշակի հարցեր առաջ գալ` կապված հետագայում նրա հղիանալու և երեխա ունենալու հետ, կամ եթե երեխա ունի, հաշվի է առնվում, որ հետագայում կարող բացակայություններ լինեն` երեխայի խնամքի հետ կապված:

-Բռնությունները` կանանց հանդեպ, սու՞ր խնդիր է ձեր մարզում:

-Բռնությունները քիչ են, բայց բռնությունը մնում է բռնություն: Եթե մեկ դեպք էլ կա, ապա պետք է ուսումնասիրվի և ընթացք տրվի դրան: Բռնարարն ինքն էլ կարիք ունի աջակցության, և եթե նրա հետ էլ աշխատանք է տարվում, դա էլ է արդյունավետ լինում:  Լավ է, որ այսօր բռնության ենթարկված կանայք կարողանում են բարձրաձայնել այդ դեպքերի մասին: Կոծկելով ոչնչի չենք հասնի:

Հարցազրույցը`Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել