ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ներպետական մցույթն անցել է լրջագույն խախտումներով. ԻԵՄ անդամի կոչը փաստաբանական համայնքին

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անդամ, փաստաբանՏիգրան Եգորյանը նամակով դիմել է փաստաբանական համայնքին՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ումՀՀ դատավորի ընտրության գործընթացին: Իր նամակում պարոն Եգորյանն արձանագրել է, որ ներպետական մցույթն անցել էր թափանցիկության և հրապարակայնության լրջագույն խախտումներով՝ դիտորդներին մրցութային ոչ մի փաստաթուղթ մատչելի չէր դարձվել:

Չնայած այս հանգամանքին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ընտրվելու նպատակով Հայաստանյան մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուների ցուցակն պաշտոնապես ներկայացվել է ԵԽԽՎ-ի ՄԻԵԴ դատավորների ընտրության կոմիտե, հունիսի 23-ին ԵԽԽՎ լիագումար նիստով քվեարկության է դրվելու ՄԻԵԴ-ում Հայաստանյան դատավորի ընտրության կամ ցուցակի մերժման հարցը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի փաստաբաններ,

Սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ընտրվելու նպատակով Հայաստանյան մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուների ցուցակն ուղարկվել է ԵԽԽՎ մասնագետների խորհրդատվական խմբին, որի եզրակացությունն այդ ցուցակի վերաբերյալ այդպես էլ չի հրապարակվել ՀՀ իշխանության կողմից (ըստ երևույթին` բացասական լինելու պատճառով): Այնուհետև ցուցակը պաշտոնապես ներկայացվել է ԵԽԽՎ-ի ՄԻԵԴ դատավորների ընտրության կոմիտե, որտեղ հնարավոր չի եղել ձայների 2/3-ով մերժել ցուցակը, արդյունքում Կոմիտեն ցուցակից երաշխավորել է Ա.Հարությունյանին: Ի դեպ, նրա և թեկնածու  Լիանա Հակոբյանի ձայների տարբերությունը չնչին է եղել: Այժմ հունիսի 23-ին ԵԽԽՎ լիագումար նիստով քվեարկության է դրվելու ՄԻԵԴ-ում Հայաստանյան դատավորի ընտրության կամ ցուցակի մերժման հարցը:

Հիշեցնում ենք, որ ներպետական մցույթն անցել էր թափանցիկության և հրապարակայնության լրջագույն խախտումներով՝ դիտորդներին մրցութային ոչ մի փաստաթուղթ մատչելի չէր դարձվել:

Թեկնածուները ըստ հարցազրույցների վերլուծության չէին համապատասխանում Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին:

Ա.Հարությունյանի հեղինակված գրքերից երկուսի ստուգման արդյունքում երկուսում էլ հայտնաբերվել էին գրագողության դեպքեր: Լրատվամիջոցներին վերջինս հայտնել էր, որ Հայաստան վերադառնալու ցանկություն անգամ նույնիսկ չունի:

Լ.Հակոբյանը նշել էր, որ չգիտի ֆրանսերեն, պատկերացում չուներ Հայաստանի համար կարեվորագույն նշանակություն ունեցող արտատարածքային իրավազորություն հասկացության մասին: Բացի դրանից, նա չի համապատասխանում ոչ բարձր դատարանի դատավոր չափանիշին, ոչ էլ ճանաչված, իրազեկ, իրավագետ չափանիշին:

Եվ այս անձինք ներկայացվել են որպես Հայաստանյան իրավաբանական համայնքի լավագույն ներկայացուցիչներ …

Հիմք ընդունելով վերոգրյալը` կոչ ենք անում ՀՀ իրավաբանական համայնքի առանցքային ինստիտուտը հանդիսացող փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին անտարբեր չմնալ այս հարցում և միանալ ԵԽԽՎ պատգամավորներին հասցեագրված հայտարարությանը և պահանջել նրանցից չթույլատրել և չհանդուրժել հրամցված թեկնածուներին, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Եվրոպական դատարանի դատավորի որակավորմանը այլ նաև չեն արտացոլում Հայաստանյան իրավաբանական համայնքի իրական պատկերը:

ՄԻԵԴ-ում որակյալ դատավոր ունենալը բխում է ոչ միայն Հայաստանից ՄԻԵԴ ուղարկվող գործերի քննության արդյունավետության շահից, այլև խիստ կարևոր է Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից:

Նախատեսում ենք կից հայտարարությունն ուղարկել ԵԽԽՎ և առաջարկում ենք դրան միանալու ցանկության դեպքում այդ մասին էլ. փոստով հայտնել “Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ-ին հետևյալ հասցեով` [email protected] մինչև օրվա վերջ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարության տեքստն անհրաժեշտ է թարգմանել և ուղարկել ԵԽԽՎ մինչև ս.թ. հունիսի 21-ը:

Հարգանով`

Տիգրան Եգորյան, փաստաբան

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել