Փոքր դրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԵԻԱ) և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններին և ոչ պետական հիմնադրամներին (այսուհետ`ՔՀԿ) և ԶԼՄ-ներին դիմելու փոքր դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլին, որի շրջանակներում մինչև 5 ծրագրերի ֆինանսավորման համար կտրվեն դրամաշնորհներ` 3 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ և 2-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ, կամ 2 դրամաշնորհ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ, և 3-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ):

Փոքր դրամաշնորհների մրցույթի նպատակն է իրականացնել հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն՝ ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի, ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց գործողությունների միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Նպատակները,

Ծրագրի նպատակներն են.

  • Հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում:
  • ՀՀ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի և ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարության ու դրանց գործողությունների միջոցառումների իրականացման նկատմամբ դիտորդումների և լրագրողական հետաքննությունների իրականացում:
  • ՔՀԿ-ների, լրատվամիջոցների, ու հասարակության միջև համագործակցության խորացում՝ կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության (քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով), սոցիալական և բնապահպանական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի վեր հանման և խնդիրների բարձրացման նպատակով:

Հիմնական պահանջներն ու չափանիշները.

Շահառուներ.

Դրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները, որոնք մասնակցել են Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից 2014թ.-ին կազմակերպված եռօրյա հակակոռուպցիոն դասընթացներին և ստացել մասնակցության վկայական:

ՔՀԿ-ների առանձնացված ստորաբաժանումները չեն կարող առանձին դիմել դրամաշնորհային ծրագրին:

ԶԼՄ-ները միայն կարող են ՔՀԿ-ների հետ համատեղ ներկայացնել դրամաշնորհային ծրագրի հայտ, որտեղ չեն կարող լինել հիմնական հայտատու:
Համատեղ ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրի հայտի դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն պարտավորագիր-նամակներ բոլոր համագործակցող կողմերից:

ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ընտրության դեպքում նախապատվությունը կտրվի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ներին, ովքեր ունեն հակակոռուպցիոն, իրավապաշտպան, իրավաբանական, բնապահպանական գործունեության, այդ ոլորտներում դիտորդման, հետաքննությունների, հանրային վերահսկողության իրականացման և իրավական թեմաների լուսաբանման համապատասխան փորձ:

Կխրախուսվեն կանանց կողմից ղեկավարվող ՔՀԿ-ների ծրագրերը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք կենտրոնացած են մասնավորապես՝ կանանց մտահոգող հիմնախնդիրների շուրջ (օրինակ ՝ ծննդատներում առկա կոռուպցիոն հիմնախնդիրներ և այլն):

Այն դեպքերում, երբ հայտը ներկայացվում է 1 500 000 ՀՀ դրամի սահմաններում, նախապատվությունը կտրվի այն հայտերին, որոնք ստացվել են 2 կամ ավելի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների խմբի կողմից:

Դրամաշնորհային ծրագրի հայտ.

Դրամաշնորհային ծրագրի հայտը պետք է ունենա կոնկրետ նպատակ (ներ): Արդյունքները պետք է լինեն իրատեսական ու չափելի: Հայտում պետք է պարզաբանվի, թե ի՞նչ արդյունքներ և օգուտներ կբերի ծրագրի իրականացումը, ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա ծրագիրը հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգի և ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի զարգացման վրա, ինչպե՞ս է ծրագրով դիտորդվելու ՀՀ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտները, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանց միջոցառումների իրականացումը, ովքե՞ր են լինելու ծրագրի շահառուները:
Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներկայացվեն հայերեն՝ սույն հայտարարության կցված ձևաթղթերին համապատասխան:
Ծրագրի շրջանակում աշխատանքները կարող են սկսվել միայն Դրամաշնորհի պայմանագրի ստորագրումից հետո: Դրամաշնորհի տրամադրման պաշտոնական ժամկետից առաջ կատարված ծախսերը ենթակա չեն փոխհատուցման:

Ժամկետներ.
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը պետք է լինի 2-ից 4 ամիս:

Բյուջե.
Կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհները չափերը կազմում են մինչև 1 000 000 ՀՀ դրամ և մինչև 1 500 000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրին տրամադրվող սահմանափակ բյուջեն, սարքավորումների և կապիտալ ծախսերի ֆինանսավորման պահանջները չեն խրախուսվում: 100 000 ՀՀ դրամից պակաս սահմաններում փոքր կապիտալ ծախսերը կարող են հաստատվել, եթե բխեն ծրագրի հայտից:
Դրամաշնորհ ստացողի կողմից բյուջեի ծախսային հոդվածների գումարներում կատարվող փոփոխությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%): Ընդհանուր բյուջեի 10%-ը գերազանցող գումարի կամ դրամաշնորհի նպատակի փոփոխությունները պետք է նախապես հաստատվեն ՀԵԻԱ-ի պատասխանատու անձի կողմից:

Դրամաշնորհի հայտ ներկայացնելու կարգը
Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ները դրամաշնորհային հայտին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ՔՀԿ (ների) և ԶԼՄ-ների կանոնադրության պատճենը.
  • ՔՀԿ (ների) և ԶԼՄ-ների պետական գրանցման վկայականի պատճենը` ներառյալ բոլոր ներդիրների պատճեները.
  • ՀԵԻԱ կողմից կազմակերպված հակակոռուպցիոն ուսուցումների մասնակցության վկայականի պատճենը.
  • հարկ վճարողների հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը.
  • բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություն՝ հաստատված բանկի կողմից (անհրաժեշտության դեպքում հաղթող ճանաչված հայտատուները պետք է ներկայացնեն նաև քաղվածք բանկից)..
  • եթե ծրագրի ղեկավարը ՔՀԿ-ի ղեկավարը չէ, ապա ՔՀԿ ղեկավարի կողմից ծրագրի ղեկավարին տրված լիազորագիրը.
  • ծրագրի հիմնական աշխատակազմի ինքնակենսագրականները.
  • Պարտավորագիր-նամակներ` համատեղ ներկայացվելիք ծրագրերի դեպքում:

Հայտը փակ ծրարով անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային առաքմամբ` ք. Երևան, Նալբանդյան 7/2 հասցե կամ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագիրը անվանելով՝ «Փոքր դրամաշնորհային հայտ»:

Անհրաժեշտության դեպքում հայտատուներից կպահանջվի նաև որոշ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները նույնպես:

Երկրորդ փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. հունիսի 15-ը, ժամը 18:00-ը:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հետ չեն վերադարձվի հայտատուին, անկախ այն հանգամանքից, թե հայտը ընդունվել է, թե ոչ: Պահանջվում է ներկայացնել փաստաթղթերի միայն մեկ փաթեթ: Այն հայտերը, որոնք չենք ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի:
Դրամաշնորհների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են համաձայն ՀԵԻԱ-ի դրամաշնորհների տրամադրման Կարգի:

Երկրորդ փուլի դրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն մինչև 2015թ. հունիսի 29-ը, ժամը 18:00-ը: Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում, 2015 թվականի հունիսի 30-ին:

Երկրորդ փուլի հաղթող հայտատուների հետ դրամաշնորհային պայմանագրեր կստորագրվեն 2015թ. հունիսի 30-ին, իսկ ծրագրերի իրականացման սկիզբը կհամարվի 2015թ. հուլիսի 1-ը:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության դրամաշնորհների տրամադրման կարգ

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Փոքր դրամաշնորհների հայտի ձև

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Փոքր դրամաշնորհների բյուջե

Ենթադրամաշնորհային պայմանագիր

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ