Արդյո՞ք արդյունավետ են եղել պետեկամուտների հավաքագրման ոլորտում կառավարության իրականացրած հակակոռուպցիոն քայլերը. քննարկում Գավառում

Պետական եկամուտների հավաքագրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարությունն իրականացրել է էական քայլեր, որոնք նախատեսված են եղել 2009-2012 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Սակայն ավելի կարևոր է գնահատել, թե որքանով են այդ քայլերը դրականորեն ազդել տնտեսության զարգացման, աշխուժության վրա:

Հարկային և մաքսային մարմինների հետ շփումների, պետական եկամուտների հավաքագրման ոլորտում կոռուպցիոն խնդիրների դեմ պայքարի  հարցերի շուրջ այսօր Գավառում տեղի ունեցավ «Կոռուցպիոն ռիսկերը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում. հանրային վերահսկողության մեխանիզմները»`  «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի մարզային համակարգող, փորձագետ Նելլի Հայրապետյանը հայտնեց, որ  «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և ԵԱՀԿ-ի կողմից և իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին:  Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ գործադիր տնօրեն, ծրագրի դրամաշնորհների համակարգող Արտակ Սարիբեկյանը և մաղթեց արդյունավետ քննարկում:

Թեև կառավարությունը ներկայացնում է, որ 2009-2012 թվականներին ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերի արդյունքում զգալի նվազեցվել է հարկային ծառայող-հարկ վճարող անմիջական շփումը, բարձրացվել է հարկային մարմնում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, հարկային մարմնի գործունեության հրապարակայնությունը, հաշվետվողականությունը, սակայն ոլորտում շարունակում են առկա լինել լուրջ խնդիրներ:

«Այս դեպքում ավելի կարևոր է ոչ թե այն, թե ռազմավարությամբ մշակված քայլերի քանի տոկոնս են կատարվել, այլ թե որքանով են արդյունավետ եղել այդ քայլերը և որքանով են նպաստել տնտեսական աշխուժությանը: Ես չգիտեմ, թե Գավառում ինչպես է, բայց Երևանում շատ են խանութները, որոնց գրված են «լիկվիդիացիոն գներ` խանութի փակման պատճառով» կամ «տարածքը վաճառվում է»: Այս կենցաղային մոնիտորինգն էլ ցույց է տալիս, որ հարկային բարեփոխումները չեն նպաստում տնտեսական աշխուժությանը»,- իր ելույթում ասաց ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը:

Իսկ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մեջ պետական եկամուտների հավաքագրման ոլորտին վերաբերող հատվածում, ըստ Մ. Ատովմյանի, ոչինչ չասող մի պարբերություն կա, որտեղ նշվում է, թե առաջին տարում համապարփակ ուսումնասիրություններ պիտի արվեն, որից հետո կսահմանվեն հակակոռուպցիոն միջոցառումները. «Սրանով կառավարությունն ուզում է ասել, որ չգիտի` ինչ կոռուպցիոն ռիսկեր կան ոլորտում»:

Ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հասարակական հակակոռուպցիոն վերահսկողության մեխանիզմները: Իսկ Իրավաբան.net մասնագիտական անկախ կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց տվյալների հետաքննության իրականացման մեթոդները` պետական եկամուտների հավաքագրման ոլորտում:

Մարզային հասարակական կառույցների ներկայացուցիչները խիստ հետաքրքրված էին թեմայով և բարձրաձայնում էին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ` հարկային տեսուչների կողմից էթիկայի կանոններին և անօրինական վարքագծի մասին, մաքսային տեսուչների կողմից քաղաքացիների միջև անհավասար պայմաններ ստեղծելու և այլ հարցերի մասին: Ու թեև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներին հրավեր եղել էր` քննարկմանը մասնակցել, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության չէին եկել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ