755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով

755 միլիոն դրամ կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Գնվել է 28 բնակարան, որից 16-ը «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից: Եվ, ի դեպ, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները գնված բնակարանները սեփականության իրավունքով են հանձնել իրենց աշխատակիցներին:

Այսպիսով, 2014-ի հոկտեմբերի 2-ի որոշմամբ, կառավարությունն իր պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հատկացրել է 129 միլիոն 244 հազար դրամ, ոստիկանությանը` 348 միլիոն 862 հազար դրամ, դատախազությանը` 52 միլիոն 402 հազար դրամ, ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը (ՊՊԾ)`118 միլիոն 856 հազար դրամ, Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)`30 միլիոն 688 հազար և ֆինանսների նախարարությանը` 74 միլիոն 753 հազար դրամ:

Կառավարության հիշյալ որոշման 2-րդ կետի համաձայն` բացառությամբ ոստիկանության, մյուս մարմինները բնակարանները գնել են Երևանում: Իսկ ոստիկանությանը հատկացված 348 մլն 862 հազարից դրամից 270 մլն 412 հազարը հատկացված է եղել մարզերում բնակարանների ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ` նախորդ տարի ոստիկանությունը գնել է 13 բնակարան, որից 12-ը մարզերում, իսկ մեկը` Երևանում:

Մարզերում անհատներից գնված բնակարանների առավելագույն գինը կազմել է 7 միլիոն դրամը, իսկ Երևանում բնակարանը գնվել է «Միկշին» ընկերությունից 22 միլիոն 468 հազար դրամով:

Ոստիկանության կողմից գնված այս բնակարանը գտնվում է այն նույն հասցեում, ինչ ԱԱԾ-ի կողմից նույն «Միկշին»-ից գնված 6 բնակարանները. բոլորն էլ Ադոնցի 8/2 բարձրահարկ շենքում են:  Իսկ մյուս պետական մարմինները բնակարանները գնել են «Միկմետալ» ընկերությունից, և դրանք բոլորն էլ գտնվում են հարևանությամբ գտնվող Ադոնցի 8 հասցեի շենքում:

Կառավարությունից ստացած բնակարանը նվիրել է կնոջը

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը գնել է 3 բնակարան` ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Հայրապետովի, Մարտիրոս Քյուփելյանի և Արամ Շագիդանովի համար: Գրիգորի Հայրապետովի համար գնվել է Ադոնցի 8, 155-156 հասցենորւմ գտնվող բնակարանը, որի ընդհանուր մակերեսը 209.41 քմ և գինը` 55 միլիոն 807 հազար 765 հազար դրամ (117 հազար դոլար):New Picture (24)

Գրիգորի Հայրապետովը սակայն բնակարանը ստանալուց հետո այն օտարել է և հարկային տարվա ավարտին այդ բնակարանն այլևս նրանը չի եղել: Պարզվում է, որ ՊՊԾ պետի տեղակալը բնակարանը նվիրատվություն է արել կնոջը` Լուսինե Հայրապետովային:New Picture (3)

Հակառակ դատախազության պնդումներին` Էմիլ Բաբայանը բնակարան ունեցել է

Դատախազությունը, գլխավոր դատախազ  «Միկմետալ» ընկերությունից Ադոնցի 8 հասցեի շենքում գտնվող երկու բնակարան է ձեռք բերել գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և ավագ դատախազ Սուրեն Խաչատրյանի համար: Էմիլ Բաբայանի համար գնվել է Ադոնցի 8 հասցեի 86 բնակարանը, որի ընդհանուր մակերեսը 118.55 քմ է, արժեքը` 31.5 միլիոն դրամ (մոտ 65 հազար դոլար):

Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել աշխատակիցները, որոնց համար բնակարաններ են գնվել, դատախազության աշխատակազմի ղեկավար Հ. Նավասարդյանը նշել է.

«ՀՀ գլխավոր դատախազության նշված աշխատակիցները բնակվել են վարձակալությամբ և սեփականության իրավունքով չեն ունեցել բնակարաններ»:

Սակայն Էմիլ Բաբայանը, համաձայն գույքի ու եկամուտների հայտարարագրի, 2013-ի հոկտեմբերի 17-ին` պաշտոնը ստանձնելու պահին բնակարան ունեցել է: Ի դեպ, 2014 թ-ի եկամուտների ու գույքի հայտարարագրի մեջ որևէ նշում չկա այդ բնակարանի մասին, որից կարելի է ենթադրել, որ այն չի օտարվել և շարունակում է մնալ գլխավոր դատախազի տեղակալի սեփականությունը:New Picture (4)

Հ. Նավասարդյանն իր պատասխանում նշել է նաև, որ իր աշխատակիցներին բնակարան տրվել է առանց որևէ նախապայմանի. «ՀՀ կառավարության որոշմամբ իրավական երաշխիքներ, մասնավորապես, դատախազության համակարգում երկարաժամկետ աշխատելու պայման կամ որևէ այլ պայման սահմանված չէ: Ուստի նման պայման չէր կարող սահմանվել նաև ՀՀ գլխավոր դատախազի հրամանով: Ընդ որում, դատախազների նշանակման և ազատման կարգը սահմանված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ուստի նման որևէ երաշխիքի ամրագրումը վերը նշված ակտերով կդառնա անիրագործելի դրույթ և կկրի դեկլարատիվ բնույթ»:

Հետաքրքիր է նաև, որ Հ. Նավասարդյանն իր պատասխանում նշել է, թե բնակարաններ ստացած աշխատակիցները «պետական համակարգում աշխատանքային երկարատև ստաժ ունեն»: Սակայն, մասնավորապես, Էմիլ Բաբայանը պետական համակարգում աշխատել է 2006 թվականից սկսած, իսկ դատախազությունում աշխատանքի անցել է 2013-ին:

ԱԱԾ-ն և ԱԱԾ ՊՊԾ-ն Իրավաբան.net-ի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել աշխատակիցները, որոնց համար գնվել են բնակարանները, իրենց պատասխաններում հղում են արել կառավարության որոշումներին: Մասնավորապես, ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալ Հ. Կուպոլյանը պատասխանել է.

«… Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների շրջանակը որոշվում է բացառապես ՀՀ կառավարության 24.07.2008 թ-ի 805-Ն և 07.03.2007թ-ի 384-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին և չափորոշիչներին համապատասխան` հաշվի առնելով զինծառայողների բնակարանային պայմանների սղությունը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից լինելու հանգամանքը, երկարամյա ծառայությունը (10 և ավելի) և այլ չափորոշիչներ»:

Թեև կառավարության հիշյալ որոշումները վերաբերում են պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ին և քրեակատարողական ծառայության  համակարգի զինծառայողներին, այնուամենայնիվ, օրենքի տրամաբանությունից ելնելով, կարող ենք փաստել, որ երկարամյա ստաժը համարվում է 10 և ավելի տարին, ինչը, գոնե Էմիլ Բաբայանի մասով, այդպես չէ:

Մյուս կողմից, նաև ԱԱԾ աշխատակիցների բնակարանային հարցերը կարգավորող կառավարության 805-Ն որոշման 6-րդ կետը սահմանում է.

«Ծառայողական բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են պետական սեփականություն հանդիսացող և պետական կառավարման մարմնի հաշվեկշռում գտնվող շենքերից»:

Եվ որոշման մեջ չկա որևէ կետ այն մասին, որ պետությունը կարող է մասնավոր ընկերությունից մեկ այլ անձի համար սեփականության իրավունքով բնակարան գնել:

Ֆինանսների նախարարության տարօրինակ պատասխանը

Ֆինանսների նախարարությունը Քրիստինա Մազմանյանի, Արմինե Հովսեփյանի և Տիգրան Տիգրանյանի համար «Միկմետալ» ընկերությունից գնել է Ադոնցի 8 հասցեի համապատասխանաբար 74, 79 և 68-րդ բնակարանները:

Քրիստինա Մազմանյանի համար 102.17 քմ  ընդհանուր մակերեսով բնակարանի համար վճարվել է 27 մլն 228 հազար դրամ, Արմինե Հովսեփյանի 75.51 քմ մակերեսով բնակարանի համար` 20 մլն 123 հազար, իսկ Տիգրան Տիգրանյանի 102.82 քմ մակերեսով բնակարանի համար` 27 մլն 401 հազար:

Իրավաբան.net-ի նույն հարցմանը, թե, իվերջո, ինչ սկզբունքով են ընտրվել բնակարան ստացած աշխատակիցները, ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են.

« …անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բնակարանների հատկացումը աշխատակիցներին իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝հիմք ընդունելով տվյալ ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթները»:

Իսկ թե խոսքը ինչ իրավական դրույթների մասին է, պատասխանում տառ անգամ չկա:

Ավելին, հարցմանը պատասխանողը նույնիսկ ամեն ինչ խճճելու մի փոքր հնարամտություն է դրսևորել`  շարունակելով.

« …նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակարանների հատկացումը աշխատակիցներին իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝հիմք ընդունելով տվյալ ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթները, նշված երաշխիքների նախատեսումը դուրս է ՀՀ քաղաքացիականօրենսգրքի 605-րդ հոդվածի կարգավորման առարկայից: Բացի այդ, այդպիսի նախապայմանի առաջադրման պայմաններում պետական մարմնի գործողությունները կհակասեին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի պահանջներին»:

Քաղաքացիական օրենսգրքից մեջբերված հոդվածները վերաբերում են նվիրատվությանն ու նվիրաբերմանը, և երկուսն էլ, ըստ նախարարության, որևէ կապ չունեն բնակարաններ ձեռք բերելու այս գործընթացի հետ: Հետևաբար, եթե որևէ կապ չունեն, ապա ինչու են հիշել այս հոդվածները, անհասկանալի է:

Եվ որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչու է ֆինանսների նախարարությունն այսպիսի անփույթ պատասխան տվել, նշենք հետևյալ հանգամանքը: Իրավաբան.net-ը կառավարության աշխատակազմին ևս գրավոր հարցում էր արել այն մասին, թե արդյո՞ք սահմանված են եղել որոշակի պայմաններ բնակարաններ ստացած աշխատակիցների համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հարցումը մակագրել է ֆինանսների նախարարությանը:

Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ Արմեն Գաբրիելյանը կառավարության կողմից իրենց մակագրված հարցմանը տվել էր բառացիորեն նույն պատասխանը, որը մեջբերել ենք վերևում, պարզապես «ֆինանսների նախարարություն» բառակապակցության փոխարեն գրված էր «համապատասխան մարմինների կողմից»:

Արմեն Գաբրիելյանի պատասխանից հետո արդեն նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը չնչին փոփոխություններով նույն բովանդակությամբ նամակն ուղարկել էր` որպես արդեն նախարարության պատասխան:

Արդյունքում, իհարկե, այդպես էլ անհասկանալի է մնացել, թե, ի վերջո, ինչ արժանիքների հիման վրա են ընտրվել թանկ նվերներ ստացող աշխատակիցները:

Պատասխան այդպես էլ չեղավ

Հատուկ քննչական ծառայությունը իրեն հատկացված 30 միլիոն 688 հազար դրամով (մոտ 64 հազար դոլար) «Միկմետալից» Աշոտ Օհանյանի համար գնել է 115.15 քմ ընդհանուր մակերեսով Ադոնցի 8,  126 բնակարանը:

Դեռևս փետրվարի 19-ին այս կառույցին ուղղված գրավոր հարցումն այդպես էլ անպատասխան մնաց, թեև մեր հետևողական զանգերին պատասխան էինք ստանում, թե նամակը ստացել են ու կպատասխանեն:

Շարունակելի

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրադարձություններ

Իրադարձություններ