Նորություններ

Կկարողանա քննիչը 60 ժամում ապացույցներ ձեռք բերել և հիմնավորել մեղադրյալ ներգրավելու հանգամանքը. ՔԴՕ նախագիծ

Ներկայումս եթե անձին ձերբակալում են, ապա այդ պահից սկսած 72 ժամվա ընթացքում նախաքննական մարմինը, եթե անձը մեղադրյալի կարգավիճակ է ստանում, կարող է ցանկացած պահի դիմել դատարան` անձին կալանքի տակ առնելու միջնորդությամբ: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատարան կարող են ներկայացնել ընդհուպ 72-րդ ժամին և անձը, հակառակ օրենքի,  72-րդ ժամը լրանալուց հետո էլ ազատ չի արձակվում: Իսկ դատարանն էլ, բնականաբար, ողջամիտ ժամանակ չի ունենում` միջնորդությունը քննելու համար:

Այս խնդիրը լուծելու համար Քրեական դատավարության նոր օրենսգրքի (ՔԴՕ) հեղինակները փորձել են նոր կարգավորումներ գտնել: Եվ նոր ՔԴՕ նախագծի համաձայն` նախաքննական մարմնին տրվել է 60 ժամ` անձին դատարան ներկայացնելու համար, իսկ 12 ժամը վերապահվել է դատարանին` կալանքի միջնորդությունը քննելու և որոշում ընդունելու համար:  Եվ այս դեպքում եթե անձին ներկայացնեն դատարան` 60-ժամյա ժամկետի խախտմամբ, ապա դա կարող է հիմք լինել ձերբակալված անձի կալանավորումը մերժելու համար:IMG_0578-copy

Սակայն այս նոր կարգավորումն էլ խնդրահարույց է: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ ժամկետները բավականին խիստ են ընտրված. եթե այդ 60 ժամից հանվում է երկու գիշերային 8 ժամերը, ապա ստացվում է, որ քննիչն աշխատելու համար 44 ժամ է ունենում: Իսկ գիշերը քննչական գործողություններ կատարելը արգելվում է, եթե նույնիսկ քննիչը աշխատելու շատ մեծ ցանկություն ունենա:

«Եվ քննիչն այս քիչ ժամանակահատվածում պետք է ձեռքբերի ապացույցներ`մեղադրանքի համար, հսկող դատախազին միջնորդի որպես մեղադրյալ ներգրավվել անձին, քանի որ այս նոր օրենսգրքով մեղադրյալի կարգավիճակ անձը ստանում է հսկող դատախազի որոշմամբ: Գործողություն կատարելու ժամանակ չի մնում, չհաշված այն, որ քննիչներն այսօր գերծանրաբեռնված են, ունենք քննիչներ, որ իրենց վարույթում 30-40 քրեական գործ ունեն»,- Ա. Ղամբարյանի խոսքով այս կարգավորումը կարող է հանգեցնել մի շարք խախտումների:

Erem-SargsyanՆախկին քննիչ, ներկայումս փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես այն կարծիքն ունի, որ կարգավորումը կարող է խախտումների պատճառ դառնալ. «Այնպես չէ, որ հնարավոր չէ այդ ժամկետներում աշխատելը, սակայն կարող է շտապողականության հանգեցնել, օրինակ` անձին մեղադրյալ ներգրավվեն` բավարար հիմքերի բացակայությամբ, և հետագայում այդ հանգամանքով կաշկանդված լինեն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ե. Սարգսյանը:

Սակայն նրա խոսքով, հաշվի առնելով պրակտիկան, երբ անձը փաստացի ավելի երկար է ձերբակալված լինում ներկայումս` նախաքննական մարմնի և դատարանի կողմից կալանքի հարցը լուծելու համար նախատեսված 72 ժամյա ժամկետները խախտելու դեպքում, ապա այս նոր կարգավորումը որոշակիորեն արդարացված է. «Ամենը պետք է կատարվի ոչ թե անձի իրավունքների հաշվին, այլ պետության ջանասիրության: Եթե մի քննիչը չի հասցնում, այդ փուլում կարելի է քննչական խումբ ձևավորել և 2-3 հոգով աշխատել»:

Նոր ՔԴՕ նախագծի համահեղինակ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը օբյեկտիվ և տեղի է համարում այս քննադատությունը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա նշում է, որ օրենսգրքի նախագիծը շարադրելիս կաշկանդված են եղել Սահմանադրությամբ, որով էլ հենց սահմանված է հիշյալ 72 ժամը. «Ես չեմ սիրում քննադատել գործող Սահմանադրությունը, սակայն այդ խիստ կանոնները, որ 72 ժամը լրանալիս արդեն պետք է լինի դատարանի որոշում, այդքան էլ չեն նպաստում ազատության իրավունքի պաշտպանության մեխանիզմների իրատեսականությանը»:DSC09561-copy-Ruben-Meliqyan-440x293

Մի շարք երկրներում ոչ թե 72-րդ ժամին պետք է դատական որոշում լինի, այլ 72-րդ ժամին նրան ներկայացնեն դատարանին: Միևնույն ժամանակ Ռ. Մելիքյանը նշում է նաև, որ մի շարք երկրներում էլ անձին փաստացի ազատազրկելու առավելագույն ժամանակը ոչ թե 72, այլ 48 ժամ է. «Թեև ես իրատեսականության հետ կապված խնդիր տեսնում եմ, սակայն համեմատելով այլ երկրների կարգավորումների հետ, կարծես այնքան էլ խիստ չէ այս խնդիրը»:

Նրա խոսքով, այս դեպքում խնդիրն ավելի շատ կապված է նրա հետ, որ քրեական հետապնդում սկսելու լիազորությունը դատախազինն է և ոչ քննիչինը: Եվ այս հատվածը շարադրելիս նույնպես կաշկանդված են եղել Սահմանադրությամբ: «Այս առումով ես ուրախ եմ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթաց է սկսվել և հնարավոր է նաև սահմանադրության հարցերին անդրադառնալով` իրատեսական դարձնել այս մեխանիզմները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել