Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այլևս իրականություն է

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այլևս իրականություն է

Հունվարի 10-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը, ինչը 2011 թվականին ընդունված “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի տրամաբանական շարունակությունն էր:
Շտապեմ տեղեկացնել, որ հանձնաժողովը, առաջին հայացքից թվացող ընդհանուր էթիկային առնչվող խնդիրներին բնորոշ հարցերով չէ, որ պետք է զբաղվի, և բնավ էլ նպատակ չի հետապնդում բարձրաստիճան պաշտոնյաներին հուշելու, որ սրճարան, ռեստորան, բար կամ խաղատուն, ինչպես նաև չլուսավորված շինություններ, անգամ` ՎԵՐԵԼԱԿ, միշտ առաջինը մտնում է տղամարդը, կամ, ինչպես կապել փողկապը, կոստյումի կոճակները` վերևինը, թե` ներքևինը, կամ… (և այսպես շարունակ )… Եվ ի վերջո, վերահսկի այն ամենն ինչն անմիջականորեն առնչվում է էթիկայի հետ, այնինչ այս հանձնաժողվի գործունեության տիրույթը ներառելու է 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը և այլ գործառույթները:
– Փաստորեն, մեր երկրում պաշտոնյաներն էլ կատեգորիաների տարանջատվու՞մ: -Փաստորեն…
Հանձնաժողովի ստեղծման գաղափարը պատահական չէ. Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման և կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման և իրականացման ձևով։ Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնց նշանակում է ՀՀ Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով:
Սակայն որքանո՞վ հանձնաժողովը կարող է նպաստել կոռուպցիայի նվազմանը, եթե օրենքն ինքնին թերի է և ունի որոշ վերապահումներ: Բացի այդ, օրենքի իմաստից կարող է շփոթություն առաջացնել նաև այն, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի տարբերություն էթիկայի այլ հանձնաժողովների, հիմնականում զբաղվում է շահերի բախման հարցերով, այլ ոչ թե ընդհանուր էթիկային առնչվող խնդիրներով: Ավելին, օրենքում շահերի բախումը և էթիկան դիտարկվում են որպես փոխկապակցված երևույթներ, կամ` էթիկան ներառում է շահերի բախումը: Կարծում եմ, սա որոշ չափով հակասում է այն գաղափարին, թե շահերի բախումը ներառված է էթիկայի մեջ:
Բացի այդ, հանձանաժողովն ունի ֆինանսական և քաղաքական անկախության պակաս: ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված գերակայող դերն այս ոլորտի վերահսկման գործում վտանգում է բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի անդամների անկախությունը, ինչը այս ոլորտի կարգավորման հարցում չի ապահովում որևէ հավասարակշռություն իշխանության տարբեր ճյուղերի միջև: Անկախության բացակայության մասին է խոսում նաև այն, որ նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից, ինչն էլ իր հերթին կարող է դիտարկվել որպես նախագահի ինստիտուտի կողմից վերահսկման նոր լծակ: Տվյալ իրավիճակում, կարծում եմ, առավել բարեհաջող կլիներ առանձնացված ստորաբաժանման կամ քարտուղարության ինստիտուտի ներդնումը:
Բացի այդ, հանձնաժովն ունի ներկայացված հայտարարագրերի ստուգելուն առնչվող իրավասությունների ու պարտականությունների պակաս: Մասնավորապես, համաձայն միջազգային լավագույն փորձի, եթե որևէ երրորդ կողմ ներկայացնում է բողոք պաշտոնատար անձի կողմից ներկայացված հայտարարագրի վերաբերյալ, հանձնաժողովը պարտավոր է հետաքննել և ստուգել տվյալ հայտարարագրի բովանդակությունը: Հայաստանում “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի համապատասխան դրույթը` 44-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, հանձնաժողովին տալիս է միայն բողոքը քննելու իրավունք, բայց ոչ պարտավորություն:
Օրենքում առկա են նաև մի շարք այլ թերություններ ևս, որոնք բարեփոխման անհրաժեշտություն կարիք ունեն: Ընդամենը երկու ամսվա պատմություն ունեցող հանձնաժողովի արդյունավետությունը կարելի գնահատել միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011 թվականի համար գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնելուց, և հանձնաժողովի կողմից դրանց վերլուծությունից և հրապարակումից հետո:
Հուսանք նման Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կարդարացնի մեր սպասումները և չի վերածվի հերթական ձևական կառույցի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել