Միջազգային իրավունքը 20-րդ դարասկզբին արգելել է ազգի բնաջնջումը. Թուրքիան պատասխանատու է Ցեղասպանության համար

Ժամանակակից Թուրքիան պնդում է, թե Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հետադարձ ուժ չունի և կիրառելի չէ, սակայն 20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրության կողմից իրենց իսկ բնօրրանում բնաջնջվում էին հայերը, գործել է միջազգային իրավունքը, որն անթույլատրելի և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարվել ազգի բնաջնջումը: «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» Ցեղասպանության միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերի վերաբերյալ աշխատություն է հրապարակել: Հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցեց կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի հետ:

-Պարոն Սիմոնյան, Ցեղասպանության հարցի լուծման համար իրավական տեսանկյունից ի՞նչ հիմքեր կան:

-Խնդրի լուծման կառուցակարգերին անդրադառնալիս նախ պետք է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ իրավունք է գործել այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը նման արարքներ է կատարել: Բնականաբար, ժամանակակից Թուրքիան պնդում է, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան հետադարձ ուժ չունի և կիրառելի չէ այն արարքների նկատմամբ, որոնք կատարվել են 1915 թվականին կամ ավելի վաղ` 1914-1923 թվականներին:  Այս առումով մեր կողմից իրավական փաստարկներ բերելու հիմնահարցը փոքր-ինչ դժվարանում է, որովհետև հետադարձության հիմնավորումը չափազանց դժվար խնդիր է: Սակայն մենք մեր աշխատանքում կարողացել ենք ապացուցել, որ 2 իրավունքի աղբյուր գոյություն է ունեցել այն ժամանակ, երբ կատարվել են այդ արարքները: Առաջինը միջազգային սովորութային իրավունքն է, որը դեռևս 20-րդ դարի սկզբին արգելում էր նման արարքների կատարումը: Իհարկե, արարքը չէր կոչվում «ցեղասպանություն», բայց միայն բառի անունը չէ, որ արգելք է առաջացնում, հանցակազմը որպես այդպիսին եղել է` մարդկության դեմ ուղղված հանցագործության տեսքով: Ավելին, նույն 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի երկրները երբ դիմել էին Օսմանյան կառավարությանը,  գրել էին, թե պետք է դադարեցվեն մարդկության դեմ ուղղված արարքները Օսմանյան կայսրությունում: Եվ նմանատիպ այլ փաստաթղթեր կան, որոնք սովորութային միջազգային իրավունքի առկայության ապացույց են: Իսկ դրա առկայությունը միանշանակ փաստում է, որ այդ արարքը դեռևս 20-րդ դարի սկզբին միջազգային իրավունքով արգելված է եղել:

Ավելին` մենք գտնում ենք, որ պայմանագրային իրավունք ևս առկա է եղել և դրանով ևս արգելված է եղել նման արարքների կատարումը: Դրա հիմքը Բեռնի վեհաժողովի ավարտից հետո ընդունված փաստաթուղթն է, որտեղ, անդրադառնալով հայկական հարցի լուծմանը, հստակ նշվում է, որ Օսմանյան կայսրության կառավարությանը պետք է իր հնարավոր բոլոր լծակներն օգտագործի` հայության կյանքի և սեփականության դեմ ուղղված ոտնձգությունները կանխելու համար:

Ավելին, Հաագայի կոնվենցիաները, որոնք ընդունվել են հենց 20-րդ դարի սկզբին, ևս արգելում են նման արարքների ընդունումը, և Օսմանյան կայսրությունը այս փաստաթղթերի անդամ եղել է, ինչը միանշանակ կաշկանդում է նրան և թույլ չի տալիս այդ արարքները համարել միջազգային իրավունքի կողմից թույլատրելի արարքներ: Նույն այդ փաստաթղթով ամրագրվում է Մարտենսյան վերապահումը: Մարտենսը իրավաբան էր, ում կողմից առաջ քաշվեց այդ վերապահումը, որն արտահայտում էր միջազգային սովորութային իրավունքի ոգին: Նա ասում է, որ եթե անգամ այդ պայմանագրերում նշված չէ մի կոնկրետ դրույթ, որն արգելում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ազգին կամ մարդկության որոշակի խմբի ոչնչացումը կամ որոշակի գործողությունների կատարումը, որի հետագա նպատակը այդ խմբի ոչնչացումն է, ապա չի նշանակում, թե դա թույլատրելի է,  և նման դեպքերում պետք է առաջնորդվել քաղաքակիրթ մարդկության կողմից ընդունված ընդհանուր  իրավունքի դրույթներով և հանրային գիտակցությամբ: Միանշանակ, 20-րդ դարասկզբին հանրային գիտակցությունը համարում էր, որ նման արարքները պետք է միջազգային իրավունքի խախտում դիտարկվեն:

Իրավական բազան երբ հստակեցնում ենք և հստակեցնում ենք, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում նա պարտավորված է եղել միջազգային իրավունքով հանցավոր արարքներ չկատարել, կարողանում ենք անցնել հաջորդ փուլ:

-Այսինքն` պատասխանատվության ենթարկելու մասին է խոսքը:

-Այո, հաջորդ փուլում  պատասխանում ենք այն հարցին, թե ո՞վ է այն սուբյեկտը, ով պետք է կրի պատասխանատվությունը անբարենպաստ հետևանքները: Այստեղ գալիս է իրավահաջորդության հարցը: Արդյո՞ք Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է: Բնականաբար, Թուրքիան այս իմաստով դժվար թե ուրախությամբ ընդունի, որ իրավահաջորդն է, բայց մենք մեր աշխատանքում բազմաթիվ լծակներ, մեխանիզմներ գտել ենք, որն իրավական մակարդակում թույլ է տալիս ապացուցել այդ իրավահաջորդության փաստը:

Հաջորդ քայլը որ պետք է անել, հասկանալ, թե հնարավոր միջազգային իրավունքում ինչ մեխանիզմներ, կառուցակարգեր կան, որով Թուրքիային կարող ենք բերել պատասխանատվության դաշտ: Էստեղ կառուցակարգերը շատ չեն, մի քանի հնարավոր տարբերակ կա` արբիտրաժայիան տրիբունալներն են, որոնք կոնկրետ գործով են ստեղծվում և կողմերն են ձևավորում, այսինքն` պետք է Թուրքիայի համաձայնությունն ունենանք, որ միասին տրիբունալ հիմնենք, որը  կկարողանա պատասխանատվության հարցը լուծել: Միանշանակ այստեղ խնդիր կունենանք:

Մյուս տարբերակը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան դիմելն է: Դրա համար պետք է ընդունել դատարանի իրավասությունը: Եթե Ցեղասպանության կոնվենցիան հետադարձ ուժ ունենար, Թուրքիայինն մենք շատ հեշտության կտանեինք միջազգային դատարան, որովհետև ստորագրելով ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան, ընդունում ես նաև ՄԱԿ-ի արդարդատության միջազգային դատարանի իրավասությանը: Բայց, բնականաբար, այստեղ կա հետադարձության խնդիր կա, և խնդիր ունենք ապացուցելու կոնվենցիայի հետադարձ ուժը:

Մյուս պարագայում Թուրքիան համապատասխան հայտարարություն չի արել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության այն հոդվածի վերաբերյալ, որ ընդունում է այս դատարանի իրավասությունը: Ի դեպ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ևս նման հայտարարություն չի արել, ինչը նշանակում է, որ Հայաստանը և Թուրքիան կարող են միջազգային դատարան գնալ, եթե իրենք նման կամք արտահայտեն: Այսինքն, այս դեպքում ևս համաձայնություն պետք է լինի երկու երկրների կողմից:

Մյուս տարբերակը կարող է լինել այն, որ Հայաստանը ՄԱԿ-ի  գլխավոր ասամբլեայի միջոցով դիմի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին` խորհրդատվական եզրակացություն ստանալու համար, օրինակ, թե ինչպիսի միջազգային պատասխանատվության պետք է ենթարկվի Թուրքիան: Բայց այդ հարցադրումը պետք է այնպես նուրբ և հստակ ձևակերպվի, որ հետագայում հարց ու պատասխանը պրոբլեմատիկ չլինի հենց մեզ համար: Եվ եթե այդ դեպքում արդյունք եղավ, հաջորդ քայլը պետք է լինի հետևյալը` համոզել Գլխավոր ասամբլեային` ձայների մեծամասնությամբ դիմել արդարադատության միջազգային դատարան: Սա էլ արդեն քաղաքական մակադրակ է:

-Եվ կարծես թվարկված երեք տարբերակն էլ դժվար ճանապարհ են ենթադրում և առանձնապես հուսալի չեն:

-Մի ատյան էլ կա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), որին կարող են դիմել  Օսմանյան կայրսության նախկին քաղաքացիները և նրանց իրավահաջորդները, ովքեր զրկվել են իրենց գույքից` հայց ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության դեմ ՄԻԵԴ, իսկ մինչ այդ դատական նախաձեռնությամբ հանդես գան հենց Թուրքիայի տարածքում և պահանջելով իրենց պապերի գույքի վերդարձը: Եթե մերժի, ապա այդ պարագայում կդիմեն ՄԻԵԴ:

-Արդեն իսկ նման գանգատներ եղել են ՄԻԵԴ-ում, տեղյա՞կ եք այս գործերից:

-Մեծ թվով արևմտահայեր սկսել են այդ գործընթացը, մի մասն անգամ հաջողության է հասել և կարողացել է ներկայիս Թուրքիայի տարածքում վերականգնել սեփականության իրավունքը: Իմ պատկերացմամբ, Թուրքիան առանձնապես դեմ չէ այդ սեփականությունը վերադարձնել անհատներին և ոչ թե պետությանը: Այսինքն, առանձին անհատների միջոցով լուծումը կարող է տանել նրան, որ Թուրքիան ասի, թե տեսեք` ես իմ պարտավորությունը այդ անհատների հանդեպ կատարել եմ:

-Իսկ ի՞նչ եք կարծում, անհատների կողմից հաջողությունների հասնելու այդ գործընթացը փակուղի չի մտցնի պետության կողմից պահանջատիրության հարցը:

-Մենք ոչ մի անգամ էլ չենք հայտարարել, որ Ցեղասպանության հարցով միայն Հայաստանը պետք է զբաղվի: Դրանով զբաղվում են նաև անձիք, ովքեր Ցեղասպանության հետևանքով իրավունքներից զրկվել են կամ տուժողի իրավահաջորդ կարող են համարվել: Բնականաբար,  այս հարցով մենք փորձում ենք աջակցել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի կարոնանանք ընդհանուր շահերի պաշտպանությամբ հանդես գալ:

Չեմ կարծում, որ այդ մարդիկ, ովքեր վերականգնում են իրենց սեփականության իրավունքը, մեծ թիվ են կազմում: Չպիտի մոռանալ 1.5 միլիոն կոտորված հայերի մասին, ովքեր հնարավորություն չունեն վերականգնել իրենց իրավունքները, նրանք ժառանգ էլ չունեն:  Մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր հասցրել են լքել կայսրությունը և չկոտորվել: Կա նաև հանրային պատասխանատվության հարցը, անհատների դեպքում խոսում ենք մասնավոր հայցերի մասին:

-Իսկ միջազգային իրավունքում ինչպե՞ս են կիրառվում սանկցիաները. կա տեսակետ, որ հզոր պետությունների դեպքում միջազգային իրավունքի ոտնահարման դեպքում սանկցիաների կիրառումը այնքան էլ իրատեսական չէ և որոշումների կատարման պարտավորեցման մեխազնիմները անհամեմատ թույլ են ներպետական օրենսդրության համեմատությամբ:

-Իհարկե, միջազգային հարաբերություններում հատկապես միջազգային իրավունքում այդ մեխանիզմները չունենք, ինչպիսին ներպետական օրենսդրությունում գոյություն ունի: Միջազգային իրավունքը պետությունների կամքերի համաձայնեցման արդյունք է: Պետությունը ստանձնում է պարտավորությունը, և եթե չի կատարում, ապա նրա նկատմամբ անբարենպաստ հետևանքներ են առաջանում մյուս պետությունները: Հիմա եթե մեր բախտը բերի և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունի` պարտավորեցնելով Թուրքիային որոշակի կոմպենսացիա իրականացնի ՀՀ-ի կամ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների նկատմամբ և Թուրքիան համարձակվի չկատարել այդ որոշումը, ապա, իհարկե, կա համապատասխան սանկցիա: Դա իրականացնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Եվ որպեսզի անվտանգության խորհուրդն իրականցնի, պետք է նրա անդամները համապատասխան որոշում ընդունեն: Իսկ եթե խորհրդի մշտական անդամներից մեկն իր «վետո»-ի ձայնի իրավունքն օգտագործի, բնականաբար, այդ սանկցիան չի կիրառվի: Կա այդպիսի մի գործ` «Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի»,  1986 թվականին Միացյալ Նահանգները պարտվեցին այդ գործով, սակայն որպես խորհրդի մշտական անդամ օգտագործեցին իրենց «վետո»-ի ձայնի իրավունքը, և, բնականաբար, չի կատարվել այդ վճիռը մինչ օրս, անվտանգության խորհուրդը չի ունեցել որևէ գործիք` ԱՄՆ-ին պարտավորեցնելու կատարել դատարանի որոշումը:

-Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը բարձրաձայնելիս հաճախ հղում է արվում Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Իրավական առումով, որքանո՞վ է կարևոր այս փաստաթուղթը:

-Գիտեք, Վիլսոնի իրավարար վճիռը Սևրի պայմանագրի մի մասն էր: Սևրի պայմանագիրի հետ կապված խնդիրներ կան: Եվ երբ պատմաբաններին ենք լսում, մեկ այլ պատկեր է ստեղծվում, իսկ երբ  լսում ենք իրավաբաններին` բոլորովին այլ:  Դրա նկատմամբ կան որոշակի հակափաստարկներ:, որոնցից մեկն այն է, որ չվավերացված միջազգային պայմանագիր է, ավելին` դրա գործունեությունը դադարեցվել է այն կնքող պետությունների կողմից, նաև Հայաստանի կողմից: Հայաստանը չի վավերացրել, ավելին դրանից հետո կնքել է Ալեքսանդրապոլի, այնուհետև Կարսի պայմանագիրը, որը լրիվ այլ հարաբերություններ էր հաստատում և լիովին չեղյալ էր համարում Սևրի պայմանագիրը: Մենք կարող ենք ասել, որ այդ պայմաններում սուվերենությունից զրկված ենք եղել և ստիպված ենք եղել ստորագրել ոչ հայանպաստ այդ պայմանագրերը և պետք է գերապատվությունը տալ Սևրի պայմանագրին, սակայն պետք է պատրաստ լինենք, որ սրան հակադարձելու շատ բան ունեն մեր հակառակորդները: Եվ ասել, որ Սևրի պայմանագիրը մեր միակ փաստաթուղթը պետք է լինի` խնդիրն առաջ տանելու համար, ճիշտ չէ: Հնարավոր տարբերակներից մեկն է` հայկական հարցի լուծման, բայց ոչ միակը: Եթե միակը համարենք, և Աստված չանի այդ միակի դեմ փաստարկներն այնքան ուժեղ լինեն, որ այլևս օգտագործել չլինի, ապա կստացվի, որ ձեռնունայն ենք:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել