Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Կոպիտ է հնչում, բայց մարմնավաճառի գործ». թրաֆիքինգի գործով տուժողը ամաչելով պատասխանեց դատավորի հարցին

Դուբայում կանանց թրաֆիքինգի ենթարկելու համար մեղադրվող 39-ամյա Հերիքնազի գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին գործով անցնող տուժողներից երեքը: Նրանցից երկուսին փորձել են հավաքագրել, սակայն Դուբայ չեն ուղարկվել, իսկ երրորդը կինը Դուբայում եղել է և շահագործվել:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Հերիքնազը,  բնակվելով Դուբայ քաղաքում և զբաղվելով մարմնավաճառությամբ, միավորվել է Հայաստանում բնակվող իր ավագ քրոջ` Բավականի  և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ:

Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, դիմավորել նրանց Դուբայ քաղաքում:  Իսկ Հերիքնազն ու Բավականը կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները: Նշենք, որ Բավականն արդեն իսկ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Տավուշի մարզի բնակչուհի Ա.Ս-ն դատարանում պատմեց, որ մատուցողուհի է աշխատելիս եղել, իր ընկերուհի և համագյուղացի Նվարդը մի օր իրեն հայտնել է, թե ընկերուհին աշխատանք է առաջարկում: Հանդիպման ժամանակ Բավականը, ով որպես Աննա է ներկայացել, հայտնել է, թե իր քույրն Ամերիկայում է, հյուրանոցում է աշխատում և մատուցողների կարիք ունեն: Առաջարկել են ամսական 800 դոլար աշխատավարձ:

Բավականի հետ հանդիպման ժամանակ զրույցի ընթացքում Ա.Ս-ն կասկածել է, հարցուփորձ արել ու հասկացել, որ խոսքը բոլորովին էլ մատուցողի աշխատանքի մասին չէ: Գործով դատավարությունը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե խոսքն ի՞նչ աշխատանքի մասին է եղել, տուժողը կարկամեց. «Դե… Կոպիտ է հնչում… մարմնավաճառի գործ»:

Ա.Ս-ն կտրականապես հրաժարվել է նույնիսկ մեծ գումարներ աշխատելու դեպքում մարմնավաճառությամբ զբաղվել, սակայն Բավականը սկսել է հաճախ զանգել իրեն, սպառնալ, ի վերջո տուժողի մայրն է պատասխանել զանգերին և պահանջել այլևս չանհանգստացնել, թե չէ կդիմեն ոստիկանություն:

Մյուս տուժող Շ.Գ-ն նույնպես մատուցող է աշխատելիս եղել և համագյուղացի Նվարդի միջոցով է ծանոթացել Բավականի հետ, ով էլ առաջարկել է մեկնել ԱՄՆ, որտեղ իր քույրը հյուրանոցային համալիրում մատուցողի աշխատանքով պիտի ապահովեր Շ.Գ-ին: Այս տուժողը հայտնեց, որ խոստացել են օրական 100-200 դոլար աշխատավարձ, իսկ թեյավճարն էլ հաշված, այդ գումարը բավականին մեծ պիտի լիներ: Խոստացել են նաև նրա համար տոմս գնել, վիզայի և մյուս փաստաթղթային հարցեը կարգավորել, և նախապես 2000 դոլար տալ` տանը թողնելու և այլ կարիքների համար: Ավելին` նույնիսկ այս տուժողը խոսել է Բավականի քրոջ հետ, ում ներկայացրել են որպես Հասմիկ: Բավական է իր հեռախոսահամարից զանգել նրան, և, ինչպես տուժողն ասաց, հեռախոսահամարի թվերի շատ լինելուց հասկացել է, որ իսկապես արտասահման է զանգը կատարվել:

Շ.Գ-ն այս առաջարկի մասին պատմել է իր գործատուին, ով էլ բացատրել է, որ մեկ-երկու օրում ԱՄՆ գնալը անհնար է: Հետո տեղեկացել է, որ նախ Դուբայ է գնալու, այնուհետև ԱՄՆ ու կասկածները խորացել են:

Մինչ երրորդ տուժող Ե.Ն-ի հարցաքննությունը, Հերիքնազի պաշտպանը միջնորդեց որոշ փաստաթղթեր հրապարակել, որոնք փաստում են այն մասին, որ տուժողը մինչև Դուբայ գնալն էլ զբաղվել է մարմնավաճառությամբ, իսկ երբ Դուբայում է եղել, իր պաշտպանյալը այնտեղ չի եղել:

Տուժող Ե.Ն-ն և նրա ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեցին միայն իր հարցաքննության մասով նիստն անցկացնել դռնփակ` պատճառաբանելով, որ անդրադարձ է լինելու ինտիմ թեմաների: Պաշտպանական կողմը առարկեց միջնորդության դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը և Ե.Ն-ն հարցաքննվեց դռնփակության կարգով:

Այս անգամ էլ նիստը լարված մթնոլորտում էր անցկացվում, ամբաստանյալի պաշտպանները անընդհատ բողոքում էին, թե դատարանն իրենց հնարավորություն չի տալիս հանգիստ ձևակերպել իրենց հարցերը և երեք հոգով «դաս» են տալիս իրեն` նկատի ունենալով դատավորին, մեղադրողին և տուժողի ներկայացուցչին:

Ի դեպ, կրքերը թեժացան հատկապես այն ժամանակ, երբ Հովիկ Արսենյանը հայտարարեց, թե Հերիքնազի քրոջ` Բավական Խաչատրյանի գործով էլ պաշտպանական կողմը թիրախում պահում էր այն, թե ինչու՞ Նվարդն էլ մեղադրյալ չի ներգրավվել, քան պաշտպանում էր ամբաստանյալին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել