Նորություններ

Եվրադատարանն էլ քաղաքական զսպման գործիք է. փաստաբանը Հայաստանի դեմ ընդունված վճիռների մասին

71 հազար եվրո պետական բյուջեից որպես փոխհատուցում կտրվի այն քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են հայաստանյան դատաիրավական համակարգի կողմից և այդ խախտումները հաստատվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից: Այս տարվա մարտի 31-ին ՄԻԵԴ-ը երեք վճիռ կայացրեց ընդդեմ Հայաստանի: Այս և նման հարցերի շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց ՄԻԵԴ գործերով մասնագիտացած փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան,  ո՞րն է պատճառը  ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ ոչ փոքրաթիվ վճիռների ընդունումը. միգուցե այլ երկրների համեմատությամբ դրանք նույնիսկ քիչ լինեն, սակայն մեր պետության համար քիչ չեն և բավականին թանկ են նստում պետական բյուջեի վրա:  

-Ժողովրդավարության տեսանկյունից կայացման փուլում գտնվող երկրի համար ինչ-որ տեղ նույնիսկ նորմալ է. սա պայմանավորված է ժողովրդավարության խորը պակասով: Եվ երբ խոսում ենք դատական համակարգի անկախության մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից: Երբ հասնենք նրան, որ գործադիր իշխանությունը որևէ հսկողություն չունենա դատական համակարգի վրա, բնականաբար, և ՄԻԵԴ  ներկայացվող գանգատների, և ՀՀ-ի դեմ կայացվող վճիռների քանակը կնվազի:

Բայց դրա հետ մեկտեղ, օբյեկտիվության համար, ասեմ, որ մեր դատական համակարգը շատուշատ երկրների դատական համակարգից բավականին պրոգրեսիվ է. կան երկրներ, որտեղ ՄԻԵԴ նախադեպային իրավունքը օրենսդրական մակարդակի հասած չէ: Մեզ մոտ այս տարիների ընթացքում հատկապես երբ վճռաբեկի նոր առաքելությունը` օրենքների միատեսակ կիրառության առումով, ձևավորվեց, բավականին մեծ գործ արվեց: Դա անտեսելն առնվազն կլինի ոչ օբյեկտիվ վերաբերմուք: Եվ մի շարք գործերով, որոնցով ես եմ բողոք ներկայացրել վճռաբեկ դատարան, կիրառվել է ՄԻԵԴ նախադեպային իրավունքը այստեղ և գործը չի հասել Եվրադատարան: Եվ առհասարակ ես փաստաբանի համար դա ավելի մեծ նվաճում եմ համարում, երբ այստեղ է հարցը լուծվում, և չի հասնում է ՄԻԵԴ, որտեղ, ինչպես հայտնի է, գործի քննությունը տևում է տարիներ:

-Անհիմն դատական ակտերի քանակի նվազեցման և ՄԻԵԴ-ի կողմից սահմանված փոխհատուցման բեռը թեթևացնելու տարբերակ նշվում է ռեգրեսիվ հայցերով դատարան դիմելը: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:  

-Գիտեք ժամանակին, երբ մենք նոր էինք Եվրոպական խորհրդի անդամ դարձել և նոր էինք վավերացրել եվրոպական կոնվենցիան, ես այդ գաղափարի ջատագովներից մեկն էի: Նաև Վրաստան կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Նինո Բուրջանաձեի հետ քննարկում ունեցանք, Վրաստանում էլ էր նախապատրաստվում նման օրինագիծ: Հիմա ես այլ տեսակետ ունեմ, քանի որ տարիների աշխատանքը հավասարակշռեց այդ պատկերացումը: Ես չեմ կարծում, որ միայն այն փաստի համար, որ դատական սխալ է թույլ տրվել, դատավորին պետք է պատժել, որովհետև դատական համակարգը եռաստիճան է: Առաջին ատյանի դատավորը սխալ է թույլ տվել, որը հիմք է եղել ՄԻԵԴ-ի համար ընդդեմ Հայաստանի վճիռ կայացնելու,  սակայն մինչև եվրոպական դատարան հասնելը բողոքարկել են վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ ատյանում: Եթե այդպես նայենք, ապա ամբողջ պատասխանատվությունը պետք է դրվի վճռաբեկ ատյանի վրա: Եվ այդ դեպքում ամեն անգամ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է պատժվեն:

-Իսկ ինչու` ոչ, թող պատժվեն:

– Ես համոզված չեմ, որ դա իրավիճակը կփոխի: Օրինակ, ունենք մի իրավիճակ, երբ կոնկրետ գործով ոչ թե գործադիրի ճնշման հետևանքով է կայացվել վճռաբեկ դատարանի դատական ակտը, այլ եղել է բոլոր դատավորների ներքին համոզմունքը` հիմնված տվյալ դաշտը կարգավորող օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպերի իմացության վրա, իսկ ՄԻԵԴ-ը հետագայում այլ կարծիք է հայտնել:

Եկեք, այնուհանդերձ, չանտեսենք նաև այսպիսի մի տարր. իսկ ո՞վ ասաց ՄԻԵԴ-ը այս կամ այն վճիռը կայացնելիս այլ գործոններ չեն ազդում: ՄԻԵԴ ներկայացուցիչներ մի քանի անգամ բացահայտ ինձ ասել են, թե ո՞վ ասաց` մենք թաքցնում ենք, որ քաղաքական կառույց էլ ենք: Եվրադատարանը նաև զսպող գործիք է այս կամ այն պետության դեպքում:

ՄԻԵԴ ամեն վճիռ ունի նաև կատարման հետ կապված խնդիրներ: Այնպես չէ, որ փոխհատուցումը տվեցինք ու ամեն ինչ ավարտվեց: Վճռի կատարման շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեին կարող է պետության նկատմամբ բազմաթիվ այլ պահանջներ էլ դնել.  այսպես ասած,  ընդհանուր միջոցներ` սկսած օրենսդրական դաշտի փոփոխությունից ընդհուպ մինչև այս կամ այն խնդրի հետ կապված ներքին քաղաքականությունը փոխելու: Մի դեպքում այդ պահանջները կարող են շատ խիստ ներկայացվել, մեկ այլ դեպքում` ավելի մեղմ:

-Իսկ հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ որոշումները անհիմն լինեն:

-Հիմնավոր է, թե անհիմն է, դա հարցի այլ կողմն է: Բայց ես դեպք չեմ հիշում, որ ՄԻԵԴ-ը ևվճռի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը վճռի հետ կապ չունեցող պահանջներ առաջ քաշեն: Անձամբ ես կողմ եմ, այո, որ Հայաստանի նկատմամբ այդ ցուցումներն ու պահանջները լինեն ավելի խիստ, քան, օրինակ, մեկ այլ պետության նկատմամբ, որն արդեն վաղուց եվրաինտեգրված է: Բայց դա արդեն իրենց որոշելիքն է:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել