Անձնագրային բաժանմունքում զինգրքույկ ներկայացնելու պահանջը որոշ դեպքերում ապօրինի է

Անձնագիրն օտար պետություններում վավեր լինելու մասին նշումը կատարելիս անձնագրային բաժանմունքներում արական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներից պահանջում են զինվորական գրքույկ` անկախ տարիքից, և որ ավելի տարածված է, ուղարկում են մոտակա կրպակները, փաստաթղթերը պատճենահանելու համար` գործին կցելու նպատակով: Այս հարցի վերաբերյալ քաղաքացիներից Իրավաբան.net-ին բողոքներ ստանալուց հետո, փորձեցինք պարզել, թե որքանով է օրինական նման պահանջը:

Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի պետ Վեներա Բադալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես պահանջում են զինգրքույկը և դա օրինական է. «Օտարերկյա պետություններում վավերականության ժամկետը երկարացնելու համար քաղաքացու զինգրքույկը պարտադիր է, որովհետև կան վերազննման ենթակա քաղաքացիներ, խոսքը  վերաբերում է մինչև 27 տարեկաններին, որ պարտադիր պետք է նշվի գրքույկում նշված ժամանակահատվածը, ինքնուրույն մենք այդ ժամկետը նշել չենք կարող»:

11077498_10203763737203074_931492773_nԻրավաբան.net-ի հետ զրույցում Վեներա Բադալյանը պարզաբանեց նաև, թե մինչև 50 տարեկան արական սեռի ներկայացուցիչները համարվում են զինապարտ, սակայն իրենք զինգրքույկ ներկայացնելու պահանջ ներկայացնում են մինչև 40 տարեկաններին` կապված որոշ խմբի հետ, ովքեր վերազննման ենթակա են համարվում մինչև 35 տարեկանը: Համաձայն «Զինապարտության մասին» օրենքի` զորակոչի առավելագույն սահամանը 35 տարեկանն է:

Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Նատալի Կոստանդյանն էլ չհերքեց, որ այդ պահանջի դեմ բողոքող քաղաքացի եղել է, սակայն նրանք փորձել են հիմնավորել, որ պահանջն օրինական է: Իրավաբան.net-ի հետ զրույցում բաժանմունքի պետը հայտնեց, թե պահանջը ամրագրված է «Զինապարտության մասին» օրենքի 4-րդ հոդվածում, ինչպեսև կա համապատասխան կառավարության որոշում և ոստիկանապետի հրաման, իսկ «ինքն ընդամենը կատարող մարմին է»:

Օրենսդրության մեջ բացակայում է պահանջը սահմանող որևէ նորմ

Սակայն իրականությունն այն է, որ «Զինապարտության մասին» օրենքը նման պահանջ չունի: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում նշվում է. «Զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու (բացառությամբ արտերկրում գտնվող պահեստազորայինների), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում: Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով»:

Ինչպես տեսնում ենք, որ մասնավորապես օտարերկյա պետություններում անձնագրի վավերական լինելու մասին նշում կատարելու դեպքում պահանջները վերաբերում են միայն նախազորակոչային և զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիներին:

Անձնագրային բաժանմունքների պետերը հղում էին անում նաև Կառավարության կողմից 1998 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված 821-Ն որոշմանը` հիմնավորելով իրենց գործողությունների օրինականությունը: Սակայն, ինչպես օրենքում, այնպես էլ որոշման մեջ որևէ խոսք չկա անձնագրում արտասահմանում վավերական լինելու նշում կատարելու դեպքում զինապարտ քաղաքացիներից զինվորական գրքույկ պահանջելու մասին:

Իրավական կարգավորումները դեռ նոր պետք է հստակեցվեն

unnamed (1)Հարց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նաև  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանին: Վերջինս Իրավաբան.net-ի հարցերին ի պատասխան, անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում նշվածին, հայտնել է, թե զինգրքույկի պահանջը հնարավորություն է տալիս պարզելու, թե արդյո՞ք զինակոչային տարիքի քաղաքացին կատարել է իր պարտականությունը.

«Հարցը համատեղ քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման հետ, որի նպատակաը կայանում է նաև զինվորական հաշվառման ամբողջականությունն ու լրիվությունը ապահովելը: Տեղեկացվել է նաև, որ շրջանառության մեջ է դրվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որոմ առավել հստակ կտրվեն իրավակարգավորումները»,- պատասխանել է Մ. Սարդարյանը:

Ինչպես նկատելի է, պատասխանը գլխավորապես վերաբերում է զորակոչային տարիքի անձանց, իսկ մյուս մասով հստակեցումներ չկան և դեռևս պետք է լինեն օրենսդրական փոփոխություններից հետո:

Միշա Սարդարյանը հղում է արել նաև «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերին, որոնցում սահմանվում են  անձնագիր ստանալու կամ փոխանակելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը: Այս դեպքում պահանջվում է ներկայացվել նաև զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:

«Նշված օրենքը տարածվում է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու հարաբերությունների վրա: Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում չի կատարվում և փաստաթուղթը օգտագործվում է հիմնականում ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերդառնալու համար: Այսինքն` ՀՀ-ից դուրս գալու փաստաթուղթ տրամադրելու բնագավառում (հին նմուշի անձնագրերում որպես այդպիսին հանդիսանում է անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելը) իրավահավասար մոտեցում կիրառելու նպատակով անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողության համար զինապարտ քաղաքացիներից պահանջվում է զինվորական գրքույկ»,- պատասխանել է Մ. Սարդարյանը:

Իհարկե, ողջունելի է իրավահավասար մոտեցումը, սակայն այս դեպքում պետք է նկատել, որ ամեն դեպքում, Մ. Սարդարյանի կողմից վկայակոչված իրավական նորմերը վերաբերում են ոչ թե օտարերկյա պետությունում վավերական լինելու մասին նշում կատարելուն, այլ անձնագիր ստանալուն կամ այն փոխանակելուն: Այսինքն` միանշակ կարող ենք փաստել, որ նախազորակոչային և զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիներից բացի, մյուսներից զինգրքույկի պահանջը անձնագրում վավերականության նմուշ կատարելու դեպքում պարզապես անօրինական է:

«Մեկ պատուհանը» կլուծի փաստաթղթի պատճենման համար մոտակա կրպակ վազելու խնդիրը

11063415_10203763738483106_1712964782_nԻնչ վերաբերում է փաստաթղթի պատճենը ստանալու համար քաղաքացիներին մոտակա կրպակ ուղարկելուն, Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Նատալի Կոստանդյանը պատասխանեց. «Մենք մեզ մոտ պատճենահանում չունենք: Էդ քաղաքացին որտեղից կբերի փաստաթղթի պատճեն, ընդհանրապես մեր գործը չէ: Բայց պատճեն պարտադիր է, մենք դա չեքերի հետ կցում ենք գործին»:

Այս հարցին անդրադարձել է նաև Միշա Սարդարյանը` նշելով, թե փաստաթղթի պատճենի պահանջը ինքնանպատկ չէ և անձնագրային ծառայությունների գործողությունների իրավաչափության ստուգման ժամանակ ստուգվում են նաև հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայությունն ու հիմնավորվածությունը. «Հետագայում զինկոմիսարիատների հետ էլեկտրոնային եղանակով տվյալներ ստանալու համակարգի գործարկման հնարավորության դեպքում կպարզեցվի վարչարարությունը և նշված տեղեկատվությունը կպահանջվի ոչ թե քաղաքացուց, այլ պետական իրավասու մարմնից»:

Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ «մեկ պատուհանի» ներդման դեպքում քաղաքացուն ապօրինի պահանջներ չեն ներկայացվի և հարկից հարկ չեն վազեցնի` պահանջված փաստաթղթերի պատճեները ներկայացնելու համար:

Ա.Կ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ