ՀԵԻԱ-ում էր «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային կազմակերպության նախագահ Ֆրեդրիկ Գալթունգը

Հակակոռուպցիոն և բարեղճության ոլորտի միջազգային հեղինակավոր փորձագետ, բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային հեղինակավոր կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ֆրեդրիկ Գալթունգը այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում էր:

Նախ պարոն Գալթունգը հանդիպում ունեցավ ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ:

Հանդիպման ընթացքում պարոն Զադոյանը Ֆրեդրիկ Գալթունգին ներկայացրեց ՀԵԻԱ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործունեությունը և հետագա անելիքները, ինչպես նաև իր կողմից ղեկավարած կազմակերպության տեսակետը Հայաստանում կոռուպցիայի մակարդակի և հակակոռուպցիոն պայքարի մասին: Պարոն Գալթունգը ՀԵԻԱ-ի նախագահին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեությունը` ներկայացնելով աշխարհի շուրջ վաթսուն երկրներում իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին համապարփակ ռազմավարական համագործակցություն սկսել հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտներում` ազգային և տարածաշրջանային նշանակության համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Այնուհետև տեղի ունեցավ Ֆրեդրիկ Գալթունգի և Կարեն Զադոյանի համատեղ հանդիպումը ՀԵԻԱ-ի աշխատակազմի անդամների հետ, որի ընթացքում քննարկվեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքային հարցեր, որից հետո ՀԵԻԱ գրասենյակում տեղի ունեցավ Ֆրեդրիկ Գալթունգի հակակոռուպցիոն ուսուցումը՝ Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար: Պարոն Գալթունգը հանդես եկավ «Հակակոռուպցիոն մոտեցումից դեպի բարեխղճություն» խորագրով զեկույցով, ներկայացրեց. ինչպես արմատավորել հակակոռուպցիոն պայքարից դեպի բարեխղճություն սկզբունքները, ինչպես կառուցել բարեխղիճ կառավարման շղթան: Պարոն Գալթունգը մասնակիցներին ներկայացրեց նաև բարեխղճության չափման նորարարություն հանդիսացող կարևոր գործիքը` վերականգման գործակիցը:

Նա նաև պատասխանեց ՔՀԿ ներկայացուցիչներ հակակոռուպցիոն և բարեխղճության խնդիրներին վերաբերող հարցերին:

Միջոցառման ավարտին պարոն Գալթունգը հավաստագրեր հանձնեց ուսուցման մասնակիցներին, ինչպես նաև իր անվանական գինին տեղադրեց ՀԵԻԱ-ի գրասենյակի ակումբային տարածքում գտնվող գինիների պատի մեջ:

Ֆրեդրիկ Գալթունգը այցելության ավարտին հարցազրույց ունեցավ Իրավաբան.net կայքի լրագրողի հետ, որը առաջիկայում կհրապարակվի կայքում:

Իրավաբան.net

  Դիտվել է`