Նորություններ

Խոցելի է անազնիվ և ոչ պրոֆեսիոնալ մասնագետը. Արթուր Ղամբարյան

Ստեղծված է մի իրավիճակ, երբ անձը կարող է սուտ ցուցմունք տալ և մնալ անպատիժ: Սա հետևանք է այն բանի, որ մինչև քրեական գործի դատարան ուղարկվելն ու դատավճռի հրապարակումը, որով կհաստատվի այդ մարդու ցուցմունքների ոչ արժանահավատ լինելը, նրա  նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել: Իսկ որոշ դեպքերում գործերը դատարան չեն հասնում, կարճվում են նախաքննության ընթացքում: Դատաիրավական ոլորտի այս և այլ խնդիրների մասին «Իրավաբան գիտնականներ» շարքի շրջանակներում իրավագիտության արդի խնդիրների մասին Իրավաբան.net-ը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի հետ:

Պարոն Ղամբարյան, դուք ամենաերիտասարդ իրավագիտության դոկտորն եք Հայաստանում:  Արդյո՞ք դժվար չէր հասնել այս ամենին բավականին երիտասարդ տարիքում:

-Ճիշտն ասած հարցն ինձ համար անասպասելի էր: Իհարկե, դժվար էր: Ցանկացած ճանապարհ, որն արժեքավոր է և մնայուն, դժվարությամբ է տրվում: Գիտության ճանապարհն իր բարդություններն ունի` կան կարծրատիպեր, կան խոչտընդոտներ, կան խոչընդոտողներ, սակայն յուրաքանչյուր խոչընդոտի ու խոչընդոտողի կարելի է հաղթահարել: Եղել են օգնողներ, աջակցողներ, եղել են նաև խոչընդոտողներ, եղել է մեծ բանակ խոչընդոտողների: Բայց ես նաև շնորհակալ եմ այդ խոչընդոտողներին, որովհետև նրանք նպաստում են զարգացմանը:

-Վերջին շրջանում հաճախ խոսում եք ներկայումս իրավագիտության ոլորտում տեսության և պրակտիկայի անջատ լինելու մասին: Արդյո՞ք սա համակարգային լուրջ խնդիր է:

-Այո, ճիշտ եք նկատել, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ այսօրվա մեր իրականությունում և պրակտիկան է օտարված տեսությունից, և տեսությունը պրակտիկայից: Ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է, երբ կա երկբևեռացում: Սակայն միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ խորհրդային տարիներին հատուկ պրակտիկայի և տեսության խիստ տարանջատվածությունը ներկայիս պայմաններում այդքան էլ սուր չէ դրված: Սա բացատրվում է նրանով, որ իրավաբանների նոր սերունդ է գալիս, ովքեր գիտությանը զուգահեռ զբաղվում են պրակտիկայով: Տեսությունը պրակտիկային միաձուլելու սրանից ավելի տարբերակ ես չեմ տեսնում: Ինքս լինելով տեսության մարդ, նաև զբաղվել եմ պրակտիկայով և հասկացել եմ, թե, մի կողմից, ինչպես կարող է պրակտիկան օգնել գիտական հարցերը հարստացնելու, գիտական պատճառաբանությունները ճիշտ ներկայացնելու համար, և, մյուս կողմից, ինչքան օգնում է տեսական մտածողությունը ճիշտ հարցադրումներ, պրակտիկ վերլուծություններ անելու համար: Երբ տեսնում եմ, որ երիտասարդներ են գալիս, ովքեր գիտությամբ են զբաղվում և առանց կաշկանդվելու կարող են պրակտիկայում ներդնել իրենց գիտական գաղափարները, դա հուսադրում է, որ այդ երկու ուղղությունների միաձուլումը կիրականացվի:

-Ոլորտում որպես համակարգային խնդիր  հաճախ մատնանշվում է նախաքննական մարմնի, դատարանի մեղադրական հակվածությունը: Դուք նույնպես այս հարցերին անդրադառնում եք: Ո՞րն է սրա պատճառը:  

-Ցավոք, մեր քրեական արդարադատության ամենամեծ հիվանդություններից մեկը մեղադրական հակվածությունն է: Եթե նախաքննական մարմնի մեղադրական հակվածությունը մի փոքր բացահայտ ու պաշտոնական է, քանի որ քննիչի մեղադրանքի կողմ լինելը ամրագրված է օրենսգրքով, ապա ավելի վտանգավոր դրսևորում է, երբ դատարանն է մեղադրական հակվածություն ունենում:  Եվ մեղադրական թեքումով նախաքննության, դատաքննության պայմաններում մեղադրյալի իրավունքների պաշտպանությունն ուղղակի դառնում է պատրանք: Որևէ պաշտպան նման համակարգում չի կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել:

Դուք հարցնում եք` պատճառները որո՞նք են: Շուտով լույս կտեսնի իմ մենագրությունը` այս հարցի վերաբերյալ: Երբ ես ուսումնասիրություն էի անում, թե որտեղից է գալիս քննիչների մեղադրական մտածողությունը, պարզվեց, որ դեռևս խորհրդային տարիներին` 1930-ականներին, քննարկվել է այն հարցը, թե նախաքննական մարմինը պետք է լինի դատախազության համակարգում, թե անկախ հետաքննություն կատարող մարմին լինի: Վիշինկսին մի միտք էր արտահայտում այդ քննարկումների ժամանակ, թե քննիչը փոքր դատախազ է և քննիչն ու դատախազը միևնույն մարմնի տարբեր դրսևորումներն են, այսինքն` քննիչը դատախազության սպասարկող մարմին է: Այս մտքերը իրենց դրսևորումը ստացան նաև քրեական դատավարության օրենսգրքում: Սա նշանակում է, որ քննիչը պետք է մեղադրական ապացույցներ ձեռք բերի, որպեսզի հետագայում դատախազը կարողանա պաշտպանել մեղադրանքը դատարանում:

Ես խոսում եմ իրականության մասին, չեմ ընկնում այն դոգմաների մեջ, թե դատախազը պետք է անաչառ, օբյեկտիվ աշխատի: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ մեղադրանք պաշտպանող դատախազը չի կարող մեղադրական հոգեբանություն չունենալ: Միայն իրականությունից կտրված տեսաբանները կարող են նման բան պնդել:

Այո, դատախազը մինչդատական վարույթում միայն մտածում է մեղադրանքը հիմնավորող ապացույցների մասին: Բայց երբ մեղադրական հակվածությունը տարածվում է նախաքննական մարմնի վրա, ապա դա վտանգավոր է դառնում մարդու համար:  Մեղադրյալը մի կողմից հնարավորություն չունի ինքնուրույն ապացույց ձեռք բերելու, պաշտպանին օրենքով նման հնարավորություն տրված չէ, մյուս կողմից էլ ասում ենք` քննիչ, դու պետք է ձեռք բերես և մեղադրական, և արդարացնող ապացույցներ, բայց դու համարվում ես մեղադրանքի կողմ: Սա հայտնի ճշմարտություն է, որ չի կարող մարդը լինել և օբյեկտիվ քննություն կատարող, և մեղադրանքի կողմ համարվել: Սա հակասում է հոգեբանության էլեմենտար կանոններին:

Քրեական արդարադատության առաջնային խնդիրներից մեկը համարում եմ այս հանգամանքի  լուծումը: Պետք է կարողանանք նախաքննական մարմինները կառուցել այնպես, որ ձեռք բերեն և արդարացնող, և մեղադրական ապացույցներ, որպեսզի պաշտպանը կարողանա պաշտպանությունն իրականացնել: Իսկ ավելի հեռանկարային լուծում կարող է լինել այն, որ օբյեկտիվ ապացույցներ ձեռք բերելու հնարավորություն տրվի նաև փաստաբանին: Լինում են դեպքեր, երբ փաստաբանների ձեռքբերած տվյալներով քրեական գործեր են կարճվել, դա նաև օգնում է քննիչին: Օբյեկտիվ ապացույց ասելով` նկատի ունեմ ոչ վերբալ, ոչ խոսքային ապացույցները` տեսանյութեր, բանկային գաղտնիքներ և այլն:

Այն կարճ ժամանակահատվածում, երբ ես փաստաբան աշխատեցի, քրեական արդարադատությանը նայեցի նաև այլ աչքերով, այլ տեսանկյունից: Ես հասկացա, որ շատ դեպքերում դու կանգնում ես պետական մեծ մեխանզիմի առջև և չես կարողանում բացարձակ ճշմարտությունները ներկայացնել, դատարանում փաստաբանը իրոք պարզունակ ճշմարտություններ է ասում, սակայն խնդիրները լուծում չեն գտնում, դատարաններն ուղղակի լռությամբ մերժում են այդ պարզունակ ճշմարտությունները:

-Իսկ պատճառը ո՞րն է: Որովհետև դատարաններն անկախ չե՞ն, դատախազությունն ավելի ծանրակշիռ դիրք ունի, թե՞ պարզապես չեն հասկանում խնդրի էությունը: Այսինքն` գրագիտությա՞ն, թե՞ կամքի հարց է:

-Բոլոր գործոններն էլ կային: Մի կարևոր ճշմարտություն կա, որը պետք է հիշել: Խոցելի են անազնիվ և ոչ պրոֆեսիոնալ մասնագետները: Հանդիպել են իրավիճակներ, որ ոչ պրոֆեսիոնալ են եղել, չեն կարողացել կողմնորոշվել, եղել են իրավիճակներ, երբ հասկացել են, որ խոցելի են, որովհետև որոշակի ներգործության մեխանիզմներ են կիրառում իրենց նկատմամբ, և քանի որ խոցելի են, բնականաբար, պետք է այդ ճնշումներին ենթարկվեն:

-Դատարանների անկախության խնդրի լուծման տարբերակ կարո՞ղ է լինել այն, որ դատավորները պաշտոնում նշանակվեն ոչ թե ՀՀ նախագահի կողմից, այլ ընտրությունների միջոցով:

-Այս հարցադրմանը պատասխանելու համար պետք է խորը ուսումնասիրություն անել: Ես կարծում եմ, որ դատական իշխանության ձևավորման կարգը կարևոր չէ այնքան, որքան այն, թե ինչպես անել, որ ունենանք բոլոր առումներով անկաշկանդ դատավորներ, ինչպես նշեցի` ազնիվ և պրոֆեսիոնալ: Մենք ունենք համակարգում և ազնիվ, և պրոֆեսիոնալ դատավորներ, ովքեր շատ հետաքրքիր արդարադատություն են իրականցնում, սակայն, ցավոք սրտի, նրանք քիչ են: Մենք պետք է կարողանանք պրոֆեսիոնալ և ազնիվ դատավորների շնորհիվ որակ ապահովել:

-Հատկապես վերջին մի քանի տարիներին կարծես նկատվում է արդարացման դատավճիռների ավելացում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես ողջունում եմ արդարացման այդ դատավճիռները, սակայն պետք է ուսումնասիրվեն դրանք, թե դրանցից քանիսն է վերաքննիչ դատարանի կողմից ուժի մեջ թողնվում, որ մասը բեկանվում:  Այսինքն, պետք է հասկանալ վիճակագրություն վարելու մեթոդաբանությունը:

-Նախաքննական մարմնի և դատարանների մեղադրական հակում ունենալու այս խնդրի լուծումը,  Ձեր կարծիքով, ո՞րն է:

-Լուծում կարող է լինել դատական իշխանությունում սերնդափոխությունը: Մյուս տարբերակը` երդվյալ ատենակալների ինտիտուտի ներդրումն է: Ես վերջերս սկսել եմ ավելի արմատական խորհել, որ այն կարող է որակական փոփոխություն լինել: Մտածում եմ, որ այսօրվա մեր դատավորները ավելի լավը չեն լինի, քան մեր հասարակության երդվյալ ատենակալները, եթե նույնիսկ պրոֆեսիոնալ իրավաբան չլինեն: Ուղղակի մեզ մոտ քրեական արդարադատությունը փակ համակարգ է և նորությունները շատ դժվարությամբ են ընդունվում, դիմադրությունը մեծ է:

Ինչ վերաբերում է նախաքննական մարմնին, ապա նշեմ, որ մեկ տարում չես կարող մարդու հոգեբանությունը փոխել, օրենքները կարելի է փոխել հեշտությամբ: Մարդու մտածողությունը, հոգեբանությունը փոխելու համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները` վերապատրաստումից սկսած մինչև անհատական աշխատանքներ, որ կարողանան փոխել նախաքննական մարմնի, դատական իշխանության մտածողությունը: Սա ստրատեգիական, երկարատև խնդիր է:

Պետք է տեսնել, թե ովքեր են գնում դատական համակարգ`նախկին դատախազները, քննիչները: Մարդը, ով տարիներ շարունակ դատախազ է եղել, չի կարող գնալ դատարան և ասել` ես այսուհետև անկախ արբիտր եմ: Այս վերջին շրջանում տեսնում եմ փոփոխություններ, երբ փաստաբանական կորպուսից են գնում դատարաններ, ինչը շատ ողջունելի է: Որակական փոփոխություն կլինի:

-Դուք բարձրաձայնում եք մեկ այլ համակարգային խնդրի` սուտ ցուցմունք տալու և անպատիժ մնալու մասին:

-Մեր արդարադատության ցածր հեղինակությունը բերել է նրան, որ այսօր հասարակության մեջ ձևավորվել է մի մտածելակերպ, որ կարելի է արդարադատության իրականացնող մարմնին խաբել: Իսկ արդարադատությանը սուտ ասելը բավականին ծանր մեղք է, իմ կարծիքով: Այս արատավոր երևույթի դեմ պետք է շատ խիստ պայքարել, և օրենսդրական համապատասխան մեխանիզմներ մշակվեն:

Մենք այսօր ունենք այսպիսի մի իրավիճակ, երբ մարդը նախաքննության մարմնին ակնհայտ սուտ ցուցմուքն է տալիս, որը հակասում է քրեական գործում առկա բոլոր ապացույցներին: Վճռաբեկ դատարանն ասում է, որ մինչև այդ գործը չուղարկվի դատարան, դատավճիռ չընդունվի և չհաստատվի, որ այդ անձի ցուցմունքները արժանահավատ չեն, չեք կարող այդ մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցել: Ինչի հետևանքով ունենում ենք ածանցյալ այս վիճակը. անձը ակնհայտ սուտ ցուցմունք է տալիս, սակայն գործը դատարան չի հասնում, նախաքննության ժամանակ կարճվում է: Անձը տեսնում է, որ սուտ ցուցմունք տվեց, բայց որևէ պատասխանատվության չենթարկվեց, այս մասին պատմում է իր ընտանիքի անդամներին, ընկերներին: Երբ մենք մարդուն «սովորեցնում» ենք քննիչին խաբել, այդ նույն մարդը նաև դատարանին է խաբելու, ավելի գռեհիկ և հրապարակային կերպով: Պետք է հետևողական լինել, օրենսդրական համապատասխան փոփոխություններ արվեն, հանձնարարական լինի, որ եթե կան ապացույցներ, որ անձը սուտ ցուցմունք է տվել, դատախազն ի պաշտոնե գնահատական տա արարքին:

-Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում նոր ինստիտուտներից մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացման ներդրման պատճառաբանություններից մեկն էլ հենց սուտ ցուցմունքներից խուսափելն է: Սակայն Դուք դեմ էիք այդ ինստիտուտի ներդրմանը:  

-Այս ընթացքում շփվել եմ շատ դատաիրավագետների հետ, նաև Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր այս ինստիտուտի ուսումնասիրությամբ զբաղվում են: Նրանք բոլորն իրենց գիտական հոդվածներում խիստ վիճահարույց են համարում մեղադրյալի խոստովանական ցուցմունքների դեպոնացումը: Մեղադրյալի ցուցմունքների (ոչ ինքնախոստովանական) մասով կարելի է  քննարկել դեպոնացման հարցը: Օրինակ, հանցախմբի կողմից կատարվել է հանցագործություն և հանցակիցներից մեկը համագործակցում է նախաքննական մարմնի հետ և մյուսների դեմ ցուցմունք է տալիս, նրա կյանքն ու առողջությունը վտանգի տակ են դրվում: Եվ առերեսման իրավունքն ապահովելուց հետո համագործակցող մեղադրյալի ցուցմունքները կարող ենք դեպոնացնել նախաքննության փուլում, որպեսզի նրան դատարան չտանենք`երկրորդ անգամ նրան վտանգի չենթարկելով: Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացմանը, ապա իմ կարծիքը չի փոխվել այս հարցի վերաբերյալ, մենք պետք է վերանայենք այս մոտեցումը:

-Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի համաձայն, պատասխանատվություն է սահմանվում նաև ամբաստանյալի կողմից դատարանում սուտ ցուցմունք տալու համար:  Համաձա՞յն եք:

-Իմ բերած օրինակի դեպքում շատ կարևոր է, որ մեղադրյալը ճիշտ խոսելու պարտականություն ունենա: Հատկապես համագործակցող մեղադրյալը, երբ հանցակիցների դեմ ցուցմունքներ է տալիս, ապա կարող է իր մեղքը մյուսի վրա թողնելու խնդիր լինի, և այս դեպքում, ես համաձայն եմ, որ մեղադրյալը կամ պետք է խոսի ճիշտ, կամ լռի: Սուտ ցուցմունք տալն իրավունք չէ, և մենք չպետք է խրախուսենք դա` անկախ նրանից մեղադրյալ է, թե` վկա: Սակայն ինձ նորից վախեցնում է մեր իրականությունը, մեր համակարգը` մեղադրական նախաքննություն, մեղադրական դատաքննություն և մի կողմից էլ ասում ես` դու կամ լռի,  կամ ճիշտ ցուցմունք տուր: Այս համակցության մեջ վտանգ եմ տեսնում, բայց գաղափարն ինքնին լավն է: Այո, մեղադրյալը պետք է ճիշտ ցուցմունք տա, եթե ճիշտ չի ուզում ասել, թող օգտվի լռելու իրավունքից:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյան

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Աննա Մարգարյանը` քրեական իրավունքի, կոռուպցիայի և  հանցավորության աճի մասին

Տարիել Բարսեղյանը՝մեկ բառի հետևանքով թույլ տրված սխալների մասին

Ի՞նչ խնդիրներ  են առկա քրեադատավարական իրավունքի ոլորտում. Սամվել Դիլբանդյան

Քրեական իրավունք` սպանություններից մինչև կոռուպցիա. ԱրաԳաբուզյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել