«Տուժողները ոստիկան են, վկաները՝ նույնպես». Հայկ Կյուրեղյանի գործը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Կյուրեղյանի գործով դատաքննության հերթական նիստը:

Նիստին ցուցմունք տվեց տուժող-ոստիկան Սամսոն Ղարիբյան, ով մասնավորապես նշեց, որ դեպքի օրը նույն դատարանի դիմաց նկատել է բազմություն մեջ աղաղակող քաղաքացու, որը կանգնել էր մեքենայի վրա և սպառնում էր պայթեցնել, կրակոցներ էր արձակում ոստիկանների ուղղությամբ և գոռում «Նա գոռում էր՝ «Միլիցա չկա՞, մեռած ե՞ն»: Փորձեցինք մոտենալ, կրակում էր մեզ վրա, այդ ընթացքում ոտքը հետ գնաց, սայթաքեց, ընկավ մեքենայի վրա և կարողացանք բերման ենթարկել նրան: Ես ստացել եմ վնասվածքներ ՝ ձախ ուսիս և ճակատիս շրջանում: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս են մարդիկ խուլիգանություն կատարող անձին հերոսացնում, մինչդեռ ես գիտեմ, որ հերոսը ազգի համար օգտակար գործ կատարողն է»,- ասաց իր ցուցմունքում ոստիկանը:

Այս խոսքերը դահլիճում առաջացրին բուռն ծիծաղ, անգամ քաղաքացիներից մեկը վանկարկեց՝ «Բռավո՛»: Ի դեպ, այսօր դատարանում տուժող ոստիկաններն ու նիստերի դահլիճում գտնվողները լարված էին տրամադրված միմյանց նկատմամբ:

Այնուհետև ցուցմունք տվեցին նաև մի քանի վկաներ, ովքեր ոստիկաններ էին և դատական կարգադրիչներ, նրանք նույն էին կրկնում՝ չնչին տարբերություններով:

Ամբաստանյալի պաշտպան Անժելա Հոբոսյանը նիստի ընթացքում ո՛չ տուժողներին, ո՛չ էլ վկաներին հարցեր չտվեց: Նա դատարանում պարզաբանեց, որ իր պաշտպանյալի կողմից լիազորված չէ հարցեր տալ. «Ես որպես պաշտպան գործին ներգրավված չեմ, գործի նյութերին ծանոթ չեմ, Կյուրեղյանը ոչ թե ինձնից, այլ առհասարակ պաշտպան ունենալու իր իրավունքից է հրաժարվել և հայտարարել, որ իր պաշտպանությունն անձամբ կարող է իրականացնել: Դատարանը նրա բազմաթիվ իրավունքներ է խախտել: Նա ասում է բացարկ մի տուր, միջնորդություն մի արա, ճառ մի ասա, ես չունեմ այդ լիազորությունները չեմ էլ կարող պաշտպանություն իրականացնել: Շատ ցավում եմ, որովհետև մակերեսային է ընթանում դատաքննությունը, բոլորն անգիր արած նույն բանն են կրկնում, ոչ մի ականատես վկա ժողովրդի կողմից ներգրավված չէ, տուժողները ոստիկան են, վկաները նույնպես ոստիկան են»,- հայտարարեց պաշտպանը:

Նշենք, որ դատարանը 2014թ. դեկտեմբերի 15-ից մեղադրյալին տասը ժամով հեռացրել է դատարանից, սա ևս փաստաբանը համարեց անօրինական. «Միակ բանը, որից ինձ չի զրկել Հայկ Կյուրեղյանը հայտարարություն անելու իրավունքն է, և ես հայտարարություն արեցի, որ դատարանի այդ քայլը անօրինական է, հիմնավորեցի այն իրավական ակտերի օրենքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, որ նա պարտավոր է անձամբ ներկայանալ և իր շահերը պաշտպանել»:
Այսօրվա նիստը տեղափոխվեց ապրիլի 17-ին, քանի որ վկաներից մեկը բացակայում էր:

Հիշեցնենք՝ ամբաստանյալը 2014թ. հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել նույն դատարանի շենքի դիմաց: Այդ ժամանակ դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Լիլիթ Շաբոյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել