Նորություններ

Ինչո՞ւ չի տուգանվի խախտում կատարած «ՈՍ» պետհամարանիշով մեքենան

Փետրվարի 17-ին, Իրավաբան.net կայքի տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես է «606 ՈՍ 01» պետհամարանիշով մեքենան կայանել Կորյուն-Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտային անցման վրա: Նյութը կայքում տեղադրվել է հաջորդ օրը փետրվարի 18-ին:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանին գրավոր նամակ ուղարկեցինք՝ փորձելով պարզել, թե արդյոք վարչական ակտ կազմվե՞լ է նշյալ իրավախախտման առնչությամբ և ո՞ւմ է պատկանում «606 ՈՍ 01» պետհամարանիշով ավտոմեքենան:

ՃՈ-ից ստացանք պատասխան՝ մակագրված ՃՈ պետի պաշտոնակատար Ե. Կարապետյանի կողմից: Առաջին հարցի վերաբերյալ ՃՈ-ի նամակում ասվում է. «Կայքում տեղադրված իրավախախտման վերաբերյալ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից արձանագրություն չի կազմվել, քանի որ տեսուչների կողմից նշված իրավախախտումը չի հայտնաբերվել»:

Միաժամանակ ՃՈ-ից հայտնում են. «Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255 հոդվածի 1-ին մասի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը…»,- ուստի ՃՈ-ից տեղեկանում են, որ «հաշվի առնելով, որ գրության մեջ նշված չէ իրավախախտում թույլ տալու ժամանակը՝ նշված տրանսպորտային միջոցի վարորդին հնարավոր չէ ենթարկել վարչական պատասխանատվության»:

Երկրորդ հարցին՝ ո՞ւմ է պատկանում «606 ՈՍ 01» պետհամարանիշով ավտոմեքենան, տվյալ պարագայում ստացել ենք հետևյալ պատասխանը. «Նման տեղեկատվություն տրամադրել չենք կարող՝ անհատական տվյալներ պարունակելու պատճառով, ինչը կարգավորվում է «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով», այո, կարգավորվում է, սակայն ոչ այն տեսքով, որ պատկերացնում են ՃՈ-ում:

Այսպես «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է «անհատական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը», տվյալ պարագայում այն անձը ում, որ պատկանում է «606 ՈՍ 01» պետհամարանիշի ավտոմեքենան, ոչ թե ֆիզիկական անձ է, այլ պաշտոնատար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել