Նախկին ու ներկայիս նախարարները ժամանակին չեն իրականացրել իրավական համաուսուցման միջոցառումները

Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության խնդրի լուծման նպատակով ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում մի քանի միջոցառումներ են նախատեսված:

Դրանցից առաջինը միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումն էր: Ծրագրում նշվում է, որ այս մարմինը պետք է վերանայի բոլոր կրթական չափորոշիչները, հանրակրթական և հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը` նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մակարդակներում:

Հանձնաժողովը ստեղծվեց, բայց ժամկետներից ուշ: Ըստ ծրագրի` մարմինը պետք է ստեղծվեր 2013թ. սեպտեմբեր ամսին, սակայն այդ ժամանակվա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանձնաժողովի ստեղծման հրամանը ստորագրեց նույն տարվա նոյեմբեր ամսին:

Բացի այդ ռազմավարության ծրագրում նախատեսված էր նաև այլ կետեր: Այդ առնչությամբ ինպես ՀՀ արդարադատության, այնպես էլ Կրթության և գիտության նախարարության հաշվետվություններում պատասխաններ չեղան, ուստի հարցում ուղարկեցինք երկու նախարարներին՝ խնդրելով հստակ ժամկետներ նշել:

Համաձայն ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 2-րդ հավելվածի 9.2.1. ենթակետի՝ մինչև 2014թ. մարտ ամիսը պետք է նախատեսվեր արդարադատության ոլորտի միջնակարգ մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ և դրան համապատասխան մշակվեր կրթական ծրագրեր և չափորոշիչներ: Այս հարցի վերաբերյալ ԿԳՆ-ից պարզաբանում տվեցին, որ սահմանված կարգով վերանայվել է 2009թ. մշակված և հաստատված միջին մասնագիտական կրթության «Իրավագիտություն» մասնագիտության «Իրավագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչը, որը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. հունվարի 16-ի N 24-Ն հրիամանով:

Մյուս հարցերով պատասխանները ԿԳՆ-ն առաջարկում է ստանալ ԱՆ-ից, իսկ արդարադատության նախարարությունից մեզ ուղարկեցին ոչ լիարժեք պատասխաններ: Մասնավորապես մենք խնդրել էինք նշել գործողությունների կատարման ժամկետները՝ ի վերջո ռազմավարական ծրագրում հստակ ժամկետներ են ֆիքսվում:

ԱՆ-ից պատասխանեցին, որ «հանձնաժողովի կողմից մշակվել է «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հաստավել է և դրվել շրջանառության մեջ»:

Այս մասով նախագահի կողմից հաստատված ռազմավարության հավելվածի 9.2.2 ենթակետը շեշտում է, որ հարկավոր է մինչև 2014թ. փետրվար ամիսը մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր և ընդունել այն:

news_1940331926611_IMG_9082Ի դեպ, ԱՆ-ի նշած նախագիծի հաստատման հարցը դրվել է ոչ թե 2014թ. փետրվար ամսին, ինչպես պահանջում է ռազմավարությունը, այլ դեկտեմբերի 24-ին: Ընդ որում՝ ռազմավարությունը պահանջում է մշակել և ընդունել, իսկ ԱՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 24-ին եղել է հանձնաժողովի նիստ, որին էլ քննարկման է դրել «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ի հաստատման հարցը:

Մինչդեռ դեռևս 2014թ. փետրվար ամիսն արդեն պետք է ունենային ընդունված ծրագիր: Ի դեպ, այդ տարիներին ՀՀ արդարադատության նախարարն էր Հրայր Թովմասյանը:

ԱՆ-ից նաև տեղեկացրին, որ նախագիծը ներկայումս գտնվում է շահագրգիռ մարմինններից ստացվող կարծիքների ամփոփման փուլում:

Այս ամենով հանդերձ, կարծում ենք արդեն ավելորդ է խոսել այն մասին, որ արդարադատության նախարարությունը, ըստ ռազմավարության ծրագրի հավելվածի 9.2.3 ենթակետի, պետք է մինչև 2014թ. սեպտեմբեր ամիսը մշակեր իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան նորմատիվ իրավական ակտեր և ներկայացնել դրանք ընդունող մարմիններ:

Այս հարցի պատասխանը երկու գերատեսչությունները չտվեցին:

Փաստորեն՝ նախագահի կողմից հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում «Հասարակության մեջ իրավական համաուսուցման եվ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներ»-ի բոլոր կետերով Արդարադատության նախարարությունը ոչ մի միջոցառում ժամանակին չի կատարել, դեռ ավելին՝ վերջինը չի իրականացվել ընդհանրապես:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ