Նորություններ

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի հարցազրույցի փուլի կանոնակարգը

Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, քիչ առաջ մեկնարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների մրցույթի հարցազրույցի փուլը: Նշենք, որ այս փուլը տևելու է երկու օր, ավարտվելու է  փետրվարի 27-ին: Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: Հարցազրույցը բաղկացած է երեք մասին և  յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:

Հարցազրույցի առաջին մասում հարցազրույցի մասնակիցը ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ հարցազրույցի մասնակցին՝ նրա կենսագրության, մասնագիտական գործունեության, հեղինակության և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցի այս մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց տրված պատասխանների միջոցով բացահայտվում են անձնական հատկանիշները: Հարցազրույցի առաջին մասը կարող է տևել առավելագույնը 30 րոպե:

Հարցազրույցի առաջին մասի արդյունքներով գնահատվում են հարցազրույցի մասնակցի անձնական հատկանիշները, ինչպես նաև՝ մասնագիտական որակներից մասնագիտական փորձառությունը և հեղինակությունը: Հարցազրույցի երկրորդ մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց պատասխանները պետք է բացահայտեն նրա մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Հանձնաժողովի անդամները կարող են պատասխանի առնչությամբ հարցազրույցի մասնակցին հարցեր տալ:

Հարցազրույցի երկրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե: Այս դեպքում  ստուգվում է հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները: Այդ նպատակով հրավիրվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետներ: Հարցազրույցի մասնակցի հիմնական լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել դրա մի հատվածը և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար:

Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի խոսքի սահունությանը և հստակությանը, մտքերի քերականական ձևակերպումներին և տրամաբանական հաջորդականությանը, բառապաշարի գործածությանը, նյութի բովանդակության ընկալմանը: Հանձնաժողովի անդամը, հիմնվելով մասնագետների ներկայացրած կարծիքի վրա, գնահատում է հարցազրույցի մասնակցի Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու հանգամանքը: Հարցազրույցի մասնակցի լրացուցիչ լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ծանոթանալ հանրամատչելի որևէ նյութի և հայերեն լեզվով ներկայացնել դրա էությունը: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի կողմից նյութի բովանդակության ընկալմանը: Լեզվական կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին թույլատրվում է օգտվել բառարանից: Հարցազրույցի երրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե: Թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավոր համակարգով:

Թեկնածուների գնահատման ենթակա պահանջներն են.
Ա/ Անձնական հատկանիշներ – 20 միավոր.
Բ/ Մասնագիտական որակներ-55 միավոր.
Գ/ Լեզվական կարողություններ – 25 միավոր:
Գնահատման ենթակա պահանջները գնահատվում են ինչպես հարցազրույցի արդյունքներով, այնպես էլ՝ հարցազրույցի մասնակցի ներկայացրած տեղեկությունների վերլուծության հիման վրա: Գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտվում է հետևյալ չափանիշներով և միավորների սանդղակով:
Անձնական հատկանիշների չափանիշը.
. Իրավագիտակցություն՝ 0-5 միավոր
. Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումները և դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ 0-15 միավոր:
Մասնագիտական որակների չափանիշները.
. մասնագիտական գիտելիքները՝ 0-15 միավոր (ներպետական օրենսդրության իմացությունը՝ 0-3 միավոր, միջազգային հանրային իրավունքի իմացությունը՝ 0-5 միավոր, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը՝ 0-7 միավոր).
. մասնագիտական հմտությունները՝ 0-10 միավոր (վերլուծելու և տրամաբանելու ունակությունները՝ 0-3 միավոր, արագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները՝ 0-3 միավոր, արժեքային և համակարգային մտածելու ունակությունը՝ 0-4 միավոր).
. մասնագիտական փորձառությունը՝ 0-20 միավոր (ներպետական կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 0-10 միավոր, փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները՝ 0-10 միավոր).
. մասնագիտական հեղինակությունը՝ 0-10 միավոր (նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 0-5 միավոր, գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 0-5 միավոր):

Լեզվական կարողությունների չափանիշները.
. Հիմնական լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-20 միավոր (հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր, հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 0-5 միավոր, հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը՝ 0-5 միավոր, իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 0-5 միավոր).
. Լրացուցիչ լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-5 միավոր (լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերեն լեզվով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր):
Յուրաքանչյուր չափանիշի գնահատման քայլը մեկ միավոր է: Հանձնաժողովի անդամը գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշ գնահատում է առանձին-առանձին: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար տվյալ չափանիշի միասնական միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից այդ չափանիշի համար նշանակված միավորների գումարը հանձնաժողովի՝ գնահատում իրականացրած անդամների թվի վրա բաժանելու սկզբունքով՝ արդյունքը մինչև հարյուրերորդական կոտորակը կլորացնելով: Հինգ-հազարերորդական միավորը կլորացվում է դեպի մեկ-հարյուրերորդականը: Հարցազրույցի մասնակցի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն որոշման III բաժնում սահմանված aյուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը կազմվում է Կարգով նախատեսված կանոններով: Հարցազրույցի մասնակիցը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր կամ հիմնական լեզվի կարողությունների չափանիշից 5-ից ցածր միասնական միավոր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել