«Սա ուղղակի անհեթեթություն է». ԻԵՄ-ի փաստաբանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի մասին

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ փաստաբան Տիգրան Եգորյանի փոխանցմամբ՝ արդեն այս փուլում լրջագույն խնդիրներ կան՝ կապված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ դատավորի մրցույթի հետ:

«Ուղղակի արդեն զավեշտի է նմանվում, որ ցանկացած մտավախություն, որի մասին նույնիսկ չէինք արտահայտվում, իրականանում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով. «Արդեն սահմանափակվել է փաստաթղթերի մատչելիությունը: Մեզ ոչ մի փաստաթղթի ծանոթանալու հնարավորութուն չեն տվել: Սա հակասում է ոչ միայն Եվրոպական կոնվենցիայի դրույթներին, այլ նաև մրցույթի կարգի և հանձնաժողովի գործունեության մասին Սերժ Սարգսյանի հրամանագրին, որում ասված է, որ մրցույթային հանձնաժողովը պետք է թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների ներքո իրականացնի իր գործունեությունը: Մենք տեսնում ենք, որ նախկինում իր իսկ կողմից սահմանված չափանիշները հանձնաժողովն այս անգամ նվազեցնում է: Սա ուղղակի անհեթեթություն է»,- ասաց փաստաբանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ մրցույթային հանձնաժողովը հստակ ծրագիր է իրականացնում. «Այդ ծրագիրն իրականացնելու համար փորձում են վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են հետագայում իրենց համար խնդիրներ առաջացնել, մասնավորապես՝ վերացվում է փաստաթղթերի մատչելիությունը, որով փորձում են դիտորդների տեսադաշտը սահմանափակել, որպեսզի ավելորդ բաներ չտեսնեն: Եթե տեսնես, կրկին իրենց համար խնդիրներ կառաջանան»,- ասաց պարոն Եգորյանը:

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի նախորդ մրցույթը անվավեր ճանաչվելուց հետո՝ հունվարի 28-ին հայտարարվեց նորը: Այս մրցույթին հայտեր ներկայացնելու ժամկետները լրացել են փետրվարի 17-ին: Արդարդատության նախարարության կողմից հրապարակված գրանցամատյանից պարզ է դարձել, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնին հավակնում են ՀՀ 15 քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել