Նորություններ

Ի՞նչ խնդիրներ են առկա քրեադատավարական իրավունքի ոլորտում. Սամվել Դիլբանդյան

Քրեական դատավարության ամենակարևոր իրավունքի ճյուղերից է: Համոզված է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը: Նրա հետ զրուցել ենք Քրեական դատավարության իրավունքի, օրենսգրքի և ոլորտային մի շարք խնդիրների շուրջ: Մանրամասները` «Իրավաբան գիտնականներ» նախագծի հերթական հարցազրույցում:

Պարոն Դիլբանդյան ինչպե՞ս կգնահատեք քրեական դատավարության իրավունքը` որպես իրավագիտության ճյուղ, ինչպիսի՞ զարգացում է ապրել վերջին տաս տարիներին, որոնք են զարգացման միտումները:

 Մեր իրավունքի ճյուղերի համակարգում քրեական դատավարությունը, կարելի է  ասել, որ ամենակարևոր իրավունքի ոլորտներից մեկն է: Ինչո՞ւ եմ այն կարևորում, որովհետև քրեական դատավարությունը առաջին հերթին առնչվում է մարդու հիմնական, սահմանադրական իրավունքների, ազատությունների սահմանափակմանը: Իրավունքի ոչ մի ճյուղում նման սահմանափակումներ չեն իրականացվում: Պատահական չէ` երբ դիտարկում ես Սահմանադրության երկրորդ գլուխը, որտեղ ամրագրված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն, այդ իրավունքների գերակշռող մեծամասնությունը ուղղակիորեն վերաբերում է քրեական դատավարության ոլորտին: Քրեական դատավարությունը, կարելի է ասել, որ կարգավորում է հարաբերություններ, որոնցում բախվում են երկու շահեր` հանրային ու մասնավոր: Քրեական դատավարության մեծագույն դերակատարումն այն է, որպեսզի նախատեսի այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք կարող են ապահովել այդ երկու կարևոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

 ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հայաստանյան իրավագիտության առաջ ծառացած ո՞ր հիմնախնդիրների լուծմանն է միտված և որքանով է այն ներառում արդի քրեական դատավարության իրավունքի գիտական առաջընթացն ու նվաճումները:

Քրեական դատավարությունն ունի իր զարգացման պատմությունը, խորհրդային քրեական դատավարությունից հետո` 1998թ. մենք ընդունեցինք Քրեական դատավարության գործող օրենսգիրքը: Այն ժամանակին բավականին ժողովրդավարական օրենսգիրք էր, կային լուրջ սկզբունքներ, գաղափարներ: Շատ գաղափարներ վերցրված էին միջազգային իրավական պայմանագրերից, որովհետև խորհրդային քրեական դատավարությունը հիմնականում ուղղված էր հանրային շահի պաշտպանությանը, անձի, անհատի իրավունքների պաշտպանությունը մղված էր երկրորդ պլան: Այդ մոտեցումը կոտրվեց գործող օրենսգրքով, սակայն այն 1998թ.-ից առ այսօր բավականին փոփոխությունների է ենթարկվել` իրավական միտքի և հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, բացի այդ բավականին լուրջ իրադարձություններ տեղի ունեցան այս ընթացքում: Մասնավորապես, երբ մենք դարձանք ԵԽ անդամ երկիր, որդեգրելով նոր արժեքներ, ստորագրեցինք Եվրոպական կոնվենցիան: Բնականաբար մեր ամբողջ օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեինք կոնվենցիայի պահանջներին: Այսպիսով` միջազգային պայմանագրերը դարձան մեր իրավապահ համակարգի բաղկացուցիչ մասը: Այնուհետև` 2005թ.-ին տեղի ունեցան Սահմանադրական բարեփոխումներ: Բնականաբար այս բոլոր փոփոխություններն իրենց դրսևորումը պետք է ստանային նաև քրեական դատավարության օրենսդրության մեջ: Արդյունքում` գործող օրենսգիրքը բազում փոփոխությունների ենթարկվեց, կարծես դրա տիրահամակարգը խախտվեց, որովհետև 1998թ.-ին, երբ որ այն ընդունվել էր, կար որոշակի համակարգ` բոլոր ինստիտուտները միմյանց հետ փոխադարձ կարգավորման մեջ էին: Սակայն տարիներ անց առանձին հոդվածների դրույթներում, ինչպես նաև առանձին ինստիտուտներում լուրջ փոփոխություններ եղան, նույնիսկ հոդվածներ կան, որոնք 2-3 անգամ փոփոխության են ենթարկվել` առավել ևս, երբ ընդլայնվեց ՍԴ դիմող սուբյեկտների շրջանակը: Սահմանադրական դատարանը 2007թ. առ այսօր բազում որոշումներ է կայացրել Քրեական դատավարության օրենսդրության և Սահմանադրության համապատասխանատվության վերաբերյալ և բավականին նորմեր հակասահմանադրական են ճանաչվել, այս հանգամանքը նույնպես ահազանգ էր, որ գործող օրենսդրությունը, ըստ էության, չի համապատասխանում այն իրականությանը, որը կա: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, իհարկե, բավականին առաջ է գործողից: Հիմնական շեշտադրումը, որ դրված է օրենսգրքում, արդար դատավարությունն է, դատական քննության մատչելիությունը, իսկ հիմնական խնդիրը` անձի իրավունքների պաշտպանության երաշխիքը, ինչպես նաև բոլոր գործող ինստիտուտների արդյունավետ կարգավորումը:

 Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, ո՞ր փոփոխությունները Դուք կառանձնացնեք:

 Լուրջ փոփոխություններ նոր օրենսգրքում նախատեսվեց մինչդատական վարույթի հետ կապված: Գործող օրենսդրության կարգավորմամբ` այն նույնն է, ինչ խորհրդային տարիներին քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված փուլային համակարգը: Նախագիծն, ըստ էության, դուրս եկավ այդ իրավական կարգավորումից` նոր լուծումներ առաջարկելով: Մասնավորապես` վերացվեց քրեական գործի հարուցման փուլը, փոփոխվեց նախաքննությունն ու հետաքննությունը, ավելացվեց անձի իրավունքների պաշտպանության երաշխիքները: Բացի այդ, մինչդատական վարույթում ավելացավ մրցակցության էլեմենտը, ընդարձակվեցին պաշտպանության կողմի հնարավորությունները` մասնավորապես փորձագետ ներգրավվելու, ապացույցներ ձեռք բերելու և պաշտպանյալի հետ կատարվող քննչական գործողություններին մասնակցելու հետ կապված: Կարելի է ասել, որ քրեական դատավարության բոլոր ինստիտուտներում նոր օրենսգիրքը նախատեսում է էական փոփոխություններ, օրինակ` նախնական լսումներ, որը գործող օրենսդրությամբ կոչվում է դատական քննության նախապատրաստվելու փուլ, նախագծով այդ փուլը վերանվանվեց, կոչվում է` նախնական լսումների փուլ, սա միջանկյալ փուլ է, որտեղ դատարանը ըստ էության պետք է պարզի` չկան արդյոք խոչընդոտներ գործը դատարանում քննելու, անձի դատին հանձնելու համար: Գործող օրենսդրությամբ նախատեսված այդ փուլն իր մեջ հակասահմանադրական դրույթներ է պարունակում` չկա ընդհանրապես կողմերի մասնակցություն, մրցակցություն, դատարանը միանձնյա կարգով առանց կողմերի կարծիքը հաշվի առնելու կայացնում է որոշումներ: Այս խնդիրների լուծման տեսանկյունից բավականին առաջընթաց կա նոր օրենսգրքի նախագծում:

Ինչպե՞ս է այսօր լուծվում ոլորտի գիտական աշխատանքների ֆինանսավորման հարցը և ունե՞ք առաջարկներ այս ոլորտի բարեփոխումների իրականացմանը ուղղված:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն ընդունելուց հետո մենք լուրջ խնդիրներ կունենանք այդ իրավական փաստաթղթի մեկնաբանությունների հարցում: Այս գործընթացը շատ կարևոր է, ես կասեի` մասնագիտական շրջանակներին օդի-ջրի պես անհրաժեշտ է օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանությունները: Բացի այդ, այն առանցքային նշանակություն ունի նաև մեր ուսանողների համար:

Իրավագիտության բնագավառի հայ գիտնականներն այսօր հնարավորություն ունե՞ն իրենց գիտական հոդվածները տպագրել արտասահմանյան և միջազգային վարկանիշներ ունեցող հեղինակավոր իրավաբանական հանդեսներում, եթե ոչ ապա ինչպե՞ս եք պատկերացնում այս կարևոր խնդրի լուծումը: Չէ՞, որ ի վերջո հայաստանյան իրավագիտությունը չի կարող առանձին զարգացում ունենալ:

Մեր գիտնականները պարբերաբար հրատարակվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում: Մենք ունենք կրիմինալիստներ, որոնց աշխատությունները հրատարակվել են Մոսկվայում: Հիմնականում անգլերենի տիրապետման խնդիրը կա, այն մասնագետները, ովքեր բավականին լավ են տիրապետում այդ լեզվին, նրանց համար ավելի հեշտ է հոդվածները դրսում հրատարակել, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր մասնագետները խորացնեն նաև լեզվական գիտելիքները:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարող եք կարդալ նաև`

Քրեական իրավունք` սպանություններից մինչև կոռուպցիա. Արա Գաբուզյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել