Քրեական իրավունք` սպանություններից մինչև կոռուպցիա. Արա Գաբուզյան

Քրեական իրավունքից մինչև մասնավոր դեպքեր` սպանություններ և կոռուպցիա: Այս բոլոր հարցերի շուրջ Իրավաբան.net-ը նոր` «Իրավաբան գիտնականներ» նախագծի շրջանակներում զրուցել է Երևանի Պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի հետ:

Պարոն Գաբուզյանը նաև անդրադարձել է Գյումրիում հունվարի 12-ին հայ ընտանիքի 7 անդամների սպանության մոտիվացիային` ներկայացնելով տեսության կողմից առաջադրված վարկածները: Նա խոսել է կոռուպցիայի մասին` որպես գենետիկորեն փոխանցվող երևույթ, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել քրեական իրավունքի ոլորտը: Մանրամասները` հարցազրույցում:

Պարոն Գաբուզյան, ինչպե՞ս կգնահատեք Քրական իրավունքի ոլորտի զարգացման դինամիկան, ի՞նչ հիմնախնդիրներ են առկա ու ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

Քրեական իրավունքն առավել ավանդական և ավանդապաշտ իրավունքի ճյուղ է, որովհետև տարիների ընթացքում հանցավորության միջուկը կազմող հանցագործություններն անընդհատ կրկնվում են, այլ հարց է, որ պետության և հասարակության արձագանքը հանցավոր վարքագծին, դրա կանխագերմալ միջոցառումներին ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում են: Ներկայումս ողջ աշխարհում ընթացող միտումը հետևյալն է` հանցագործությունների դեմ հնարավորինս պայքարել ազատազրկման այլընտրանքային միջոցներով, որովհետև ազատազրկումն այնքան էլ արդյունավետ պատժատեսակ չէ, այն բավականաչափ բացասական ազդեցություն է թողնում դատապարտված անձի վրա. վերասոցիալականացման, դատապարտյալի ուղղման հետ կապված խնդիրներ են առաջանում:

Իրավագիտության բնագավառի հայ գիտնականներն այսօր հնարավորություն ունե՞ն իրենց գիտական հոդվածները տպագրել արտասահմանյան և միջազգային վարկանիշներ ունեցող հեղինակավոր իրավաբանական հանդեսներում, եթե ոչ ապա ինչպես եք պատկերացնում այս կարևոր խնդրի լուծումը: Չէ որ ի վերջո հայաստանյան իրավագիտությունը չի կարող առանձին զարգացում ունենալ:

Իրոք հնարավորություն ունենք: Առկա են նաև տպագրություններ, խնդիրը լեզվի մեջ է: Մեր գիտնականների` մանավանդ տարեց սերնդի մի զգալի մասը օտար լեզվին չի տիրապետում, որ կարողանա գրել: Չնայած, որ շատ հաճախ նրանց աշխատանքները թարգմանվում են: Ինչևէ, կարծում եմ, որ ապագայի համար շատ ավելի կարևոր է լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա դնել:

Տարբեր իրավաբանների գնահատականներով Քրեական օրենսգիրքը ենթակա է փոփոխման, թե չեմ սխալվում Ձեր ամբիոնի մասնագետներից ոմանք նույնպես մասնակցում են այս գործընթացին, Ձեր անձնական դիրքորոշումը ո՞րն է: Արդյոք մեզ պե՞տք է նոր Քրեական օրենսգիրք:

DSC01706 copyՊատիժների այլընտրանքային համակարգի, իհարկե, նաև գիտատեխնիկական առաջընթացի, գիտության զարգացման հետ կապված ավելանում է քրեականացվող առարկաների շրջանակը: Դրա հետ կապված նաև ՀՀ նոր Քրեական օրենսգիրք ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ, որովհետև զարգացած երկրների հետ համեմատելիս տեսնում ենք, որ մեր իրականության մեջ ազատազրկումը լայնորեն է կիրառվում: Մեզ մոտ այլընտրանքային պատիժների համակարգն զարգացած չէ, Քրեական նոր օրենսգրքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև դրանով: Իհարկե, բացի այդ շատ այլ խնդիրներ կան, որ պետք է լուծել, որովհետև գործող քրեական օրենսգիրը բազմաթիվ հարցերի պատասխան չի տալիս: Օրենսգրքում նաև բավականաչափ թերություններ ու սխալներ կան, որոնք պետք է շտկվեն:

Ներկայումս Արդարադատության նախարարությունը փորձում է պրոբացիոն ծառայությունը ներդնել: Արդյոք այն մեր իրականությունում կգործարկվի՞ և կունենա հաջողություններ:

Ներկա պահին դժվարանում եմ ասել: Այստեղ մենք բավականաչափ խնդիրներ ունենք: Պրոբացիոն ծառայությունը մյուս երկրներում ստեղծվել է 19-րդ դարում, այսինքն` նրանց պրոբացիոն ծառայությունը դարերի պատմություն ունի: Այստեղ շատ կարևոր է կադրերի առկայությունը, դատապարտյալների հետ տարվող աշխատանքը բավականաչափ բարդ աշխատանք է` այստեղ պետք է հոգեբանական, սոցիոլոգիական, կրիմինալոգիական հմտություններ ու իրավագիտության իմացություն: Ցավոք, մենք այդ պրակտիկան չենք ունենցել և այդ կառույցի կայացումը, կարծում եմ` անչափ դժվարությունների կարող է առնչվել` հենց թեկուզ կադրերի պակասի պատճառով: Այդուհանդերձ, պրոբացիոն ծառայությունն իդեալական վիճակում արդյունավետ կառույց է, եթե մենք գնում ենք այլընտրանքային պատիժների, եթե մենք ցանկանում ենք ազատազրկման կիրառման շրջանակները սահմանափակել, ուրեմն առանց այս ծառայության հնարավոր չէ իրականացնել այդ գաղափարը:

Կարծում եմ` Ձեզ հայտնի է հունվարի 12-ին Գյումրում տեղի ունեցած սպանության որոշ մանրամասներ: Այս սպանությունը առանձնահատուկ դեպք է, ի՞նչ մոտիվներ է տեսնում կրիմինալոգիան նմանաբնույթ սպանության հիմքում:

Ընդհանրապես սպանությունների մոտիվացիայի ու պատճառների հետ կապված բազմաթիվ տեսություններ կան: Իհարկե, ես գործի մանրամասներին ծանոթ չեմ, կարող եմ միայն ենթադրություններ անել: Եթե մի պահ ընդունենք, որ Պերմյակովն է սպանությունը կատարողը, ապա բազմաթիվ դրդապատճառներ կարող են լինել, այդ թվում` վրեժի դրդապատճառը: Սպանությունն ինքը ագրեսիայի ակտ է, ագրեսիայի պաշտոնական մեխանիզմը սկսում է գործել ֆրուստրացիայի ազդեցության տակ, երբ մարդու պահանջմունքները բավարարված չեն լինում կամ կյանքը կորցնում է իր իմաստը: Այդ ընթացքում մարդը փորձում է ֆրուստրացիայի վիճակից դուրս գալ, սկսում են գործել ագրեսիայի պաշտպանական մեխանիզմը: Այստեղ էական նշանակություն ունեն նաև անձի անձնային առանձնահատկությունները: Եթե մարդու կրթական մակարդակը, մտավոր կարողությունները ցածր են, եթե նա ունի որոշակի հոգեբանական, հուզական առանձնահատկություններ, այս դեպքերում հնարավոր է, որ մարդն առանց կոնկրետացնելու զոհին, փորձի իր ներքին կոնֆլիկտները լուծել:

Մասնավորից անցնենք ավելի ընդհանրական հարցերին: Կոռուպցիոն հանցավորությունն ի՞նչ տեսք ունի ներկայումս Հայաստանում և ինչպե՞ս պայքարել այս արատի դեմ:

Բավականաչափ բարդ խնդիր է կոռուպցիան: Պայքարն ինքնին դժվար է: Կոռուպցիան բազմաթիվ պատճառներ ունի, անգամ պատմամշակութային պատճառներ կան: Եթե վերցնենք հայկական իրականությունը` դարեր շարունակ գտնվել ենք այնպիսի պետությունների տիրապետության տակ, որոնցում կոռուպցիան վարքագծի տարածված պետական ձև է եղել, դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել, այդ պայմաններում կոռուպցիան դարձել է գոյատևման միջոց:

Այսինիքն` գենի մեջ կա:

փող-2-440x330Միանշանակորեն չեն կարող պնդել, բայց հնարավոր է: Կան հետազոտություններ գերմանացիների կողմից արված, որ գենետիկորեն կարող է փոխանցվել: Խորհրդային ժամանակաշրջանի ամբողջ պատմությունը թույլ չտվեց ձերբազատվել այդ արատից, որովհետև այն բավականին տարածված էր: Բացի այդ, առկա են կոռուպցիայի կազմակերպչական պատճառներ, օրինակ` պետական ապարատի ուռճածվացությունը, պաշտոնատար անձանց սոցիալական վիճակի հետ կապված խնդիրներ և այլն: Այսպիսի մի գաղափար կա, որ պաշտոնատար անձիք կոռուպցիայի միջոցով ցանկանում են հաղթահարել սոցիալական անարդարությունը: Քանի դեռ պետական ծառայողներն այնքան աշխատավարձ չեն ստանում, որ կարողանան իրենց նվազագույն պահանջները բավարարել ու մարդավայել ապրել, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն ավելորդ է: Կոռուպցիայի դեմ պայքարը համալիր միջոցառումներ է պահանջում: Եթե մենք հայկական իրականությունը նայենք` չկա երևի մի ոլորտ, որտեղ կոռուպցիայի դրսևորումներ չլիներ: Խորհրդային ժամանակաշրջանում կոռուպցիան կենցաղային բնույթ ուներ: Կոռուպցիայի դեմ պայքարը դժվարություններ ունի մեր հոգեկերտվածքի հետ կապված, օրինակ` կա այսպես կոչված կաշառք-շնորհակալությունը, որը մեր մեջ մտած բան է: Եթե անգամ պետական ծառայողն իր աշխատանքը կատարում է, ասում են` ո՞նց կարող ենք մի շնորհակալություն չհայտնել:

Օրինակի համար մի կոնյակ նվիրել:

Այո: Սա իր հերթին, մյուս կողմից` եթե ամբողջ երկրով պտտվենք անպայման ընկեր, բարեկամներ, ծանոթներ կգտնենք: Այս դեպքում էլ շատ դժվար է պայքարել կոռուպցիայի դեմ:

Խոսենք ապօրինի հարստացման քրեականացնելու մասով, որի շուրջ հանրային լուրջ քննարկումներ են. 70 հասարակական կազմակերպություններից բաղկացած հակակոռուպցիոն կոալիցիան կառավարությանը առաջարկում է քրեկանացնել ապօրինի հարստացումը, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին և արդյոք կարիք չի՞ լինի սահմանադրական բարեփոխումներ շրջանակներում նաև անդրադառնալ անմեղության կանխավարկածին, քանի որ ապօրինի հարստացման սուբյեկտն ինքը պետք է դատաքննչական մարմիններին ապացուցի իր գույքի և եկամուտների օրինականությունը:

Այս հարցը քրեական օրենսգրքի նախագծում քննարկվում է, բայց վերջնական դիրքորոշման չենք հանգել: Ամենայն հավանականությամբ, այն կնախատեսվի օրենսգրքում: Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա աշխարհի շատ երկրներում անմեղության կանխավարկածը ընդհանրապես կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված դասական ձևով չի գործում, ապացուցման բեռը դրվում է մեղադրվող կողմի վրա, չփարատված կասկածները մեկնաբանվում են ոչ հօգուտ մեղադրվող կամ կասկածվող կողմի, այս դեպքում Սահմանադրության մեջ որոշակի փոփոխության կարիք կլինի:

Մի փոքր անձնական տարր մտցնենք հարցազրույցում: Խնդրում եմ պատմել ձեր ընտանիքի մասին:

Ամուսնացած եմ ունեմ դուստր և որդի, երկուսը սովորում են մեր իրավագիտության ֆակուլտետում:

Ինչպե՞ս եք դաստիարակել Ձեր երեխաներին:

Հատուկ դաստիարակություն չի եղել: Դաստիարակությունը նպատակաուղղված գործողությունների չի հանգում: Փորձել եմ նրանց դաստիարակել սեփական վարքագծով հետաքրքրություններ սերմանելով, մշակույթին հաղորդակից դարձնելով:

Ի՞նչ նախասիրություններ ունեք գրականության ոլորտում:

Սիրում եմ ընթերցել ամեն տեսակի գրքեր: Երիտասարդ տարիներին` դետեկտիվ և ֆանտաստիկ, իսկ վերջին ժամանակներս ավելի խոհափիլիսոփայական բնույթի:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել