Փաստաբանը մեկնաբանում է ԼՂՀ ոստիկանության գործողությունները

DSC09278-440x293Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ավտոերթի ժամանակ ԼՂՀ ոստիկանության գործողություններին: Նա գրում է.

ԼՂՀ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով կարգավորվում է ոստիկանության ծառայողների կողմից Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները:

Համաձայն վերը նշված հոդվածի` Ոստիկանության ծառայողը, որպես բացառիկ միջոց, գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Նշված հոդվածով ամրագրված է, որ օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Դիտելով հրապարակված տեսանյութը, որպես փաստաբան, այն համոզմունքն ունեմ, որ ԼՂՀ իշխանությունները պետք է կարողանան հստակորեն պատասխանել այն հարցին, թե`

1. Արդյո՞ք, ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչներն այլ միջոցներով իրենց պարտականությունները հնարավոր չեն համարել ապահովել,

2. Արդյո՞ք իրականացրել են բանակցություններ երթի կազմակերպիչների հետ, թե՞ ոչ,

3. Ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ, արդյո՞ք նախազգուշացրել են երթի մասնակիցներին դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ իրավախախտումը դադարեցնելու համար,

4. Կոնկրետ ո՞ր ստեղծված իրավիճակն է հարկադրել ոստիկանությանը` կիրառելու հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ: Իմ կարծիքով. ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները դուրս են եկել ԼՂՀ «Ոստիկանության մասին» օրենքի շրջանակներից, նրանց գործողություններն առերևույթ ոչ միայն իրավաչափ չեն, այլև կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 322-րդ հոդվածներով ամրագրված հանցանքների հատկանիշներ:

Ծանոթություն. «ՀՀ քրեական օրենսգիրքը ԼՂՀ-ում կիրարկման մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` ԼՂՀ տարածքում գործում է ՀՀ քրեական օրենսգիրքը:

Լուսանկարը` Հիմնադիր Խորհրդարան ՖԲ էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել