Ավետիսյանների սպանության գործով հարուցված քրեական վարույթում 5 նոր անձ է ներգրավվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:

Քննության շրջանակներում ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում առաջ քաշված բոլոր վարկածներն համակողմանի ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը և այլ անձինք:

Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։ Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել