Վերականգնվել են կենսաթոշակառուի խախտված իրավունքները և կորցրած հավատը

Շահառուն դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան` ցանկանում էր պարզաբանում ստանալ իր իրավունքների մասին` ավանդների դիմաց փոխհատուցման կարգի հարցում:

Վերջինս խնդրել է գաղտնի պահել իր անունը, ինչպես նաև այն կազմակերպությունների անվանումները և նրանց գտնվելու վայրը, որոնք առնչվել են իր գործին: Նման մոտեցումը, ըստ շահառուի, նպատակ է հետապնդում պահպանել իր և տվյալ կազմակերպությունների հեղինակությունը` չնայած այն հանգամանքին, որ խախտվել են իր իրավունքները: Չի ուզում պատվազուրկ անել ո՜չ իրեն, և ո՜չ էլ տվյալ կազմակերպություններին` պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում մեղավոր անձն ընդամենը ստորադաս աշխատող է, և նրա մեջ խոսել է ուղղակի մարդկային ագահությունը»:

Ընդունարանի կողմից շահառուին ցուցաբերվեց իրավաբանական աջակցություն, պարզաբանվեց «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 352-Ն որոշումը: Ինչպես նաև համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից ճշտվեցին շահառուի 2005թ. հուլիսի 1-ից անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված լինելու փաստը, քանի որ շահառուի կողմից չէին պահպանվել համապատասխան թղթերը, պարզվեց նաև որ սոցիալական ծառայության համապատասխան գործակալությունն օրենքով սահմանված ժամանակահատվածում գրություն է ուղարկել համապատասխան բանկ` քաղաքացու ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում հատկացնելու համար, որի ընդհանուր գումարային արժեքը կազմել է 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: Բանկն էլ, իր հերթին, բարեխիղճ կերպով կատարելով իր պարտականությունները համապատասխան ծրար է ուղարկել փոստային բաժանմունք` շահառուի անվամբ, որի մեջ եղել է բանկ ներկայանալու և հասանելիք գումարը ստանալու ծանուցում: Սակայն, նշված ծրարը հասցեատիրոջը հասցնելու փոխարեն` փոստային բաժանմունքի աշխատակցի կողմից «առգրավվել է» և օգտագործվել՝ սեփական նկատառումներով: Արդյունքում, կենսաթոշակառուի փոխարեն դրամական փոխհատուցումը տրամադրվել է փոստային բաժանմունքի աշխատակցին:

Թալինի ընդունարանի կողմից գործի ուսումասիրության ընթացքում նշված փաստը պարզ դառնալուց հետո, հիշյալ աշխատակիցը, չնայած այն հագամանքին, որ իր պնդումներով նշված գումարը ստացել էր մեկ ամիս առաջ և այն օգտագործել իր անձնական կարիքները հոգալու համար, 1 շաբաթվա ընթացքում շահառուին վերադարձրեց ամբողջ գումարը` թախանձագին խնդրելով շահառուին` ներել իրեն և զերծ մնալ իր անունը հրապարակելուց, ինչպես նաև իր արարքի մասին չհայտնել գործատուին ու իրավապահ մարմիններին:

Ընդունարանի աջակցությանը դիմելու ժամանակ կենսաթոշակառուն ընկճված էր և չէր հավատում արդարությանն ու իր իրավունքների վերականգնմանը: Սակայն խնդրի բարեհաջող հանգուցալուծումից հետո` «ներում շնորհեց ագահ մարդուն» և իր շնորհակալությունն ու երախտիքը հայտնեց ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանին միջամտության համար. «Երախտապարտ ու շնորհակալ եմ ձեր անշահախնդիր ու բարյացակամ վերաբերմունքի համար, ինչի կարիքն այսօր շատ ունի մեր սերունդը: Մեր ժամանակներում շատ քիչ են անվճար օգնությունները, ինչի համար մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր գրասենյակի գոյության համար»…

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել