Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ինչպես է եղել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը ըստ փաստաբանի (լրացված)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին պաշտպանական ճառով է հանդես գալիս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Իր ճառում նա ընդգծեց, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել բանուկ մասի վրա:

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «ԲՄՎ-320» մակնիշի վտոմեքենայով հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասի: Մահացել է երկու քաղաքաց, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Փաստաբանն իր ճառում շեշտեց. «Նախաքննության ավարտին մենք հասկացանք, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վթարի նախորդող պահին չի գտնվել կողմնակում: Վթարը տեղի է ունեցել ճամփեզրին, Վարդան Պետրոսյանը երթևեկելիս տեսել է հետընթաց եկող մեքենան, չի կարողացել ժամանակին կանգնեցնել ավտոմեքենան և բախում է եղել, կրկնում եմ` նա կանխման հնարավորություն չի ունեցել: Դատարանը պետք էր սա պարզեր»:

Նա նաև հիշեցրեց, որ պաշտպանական կողմը ստացել է երեք երկրների փորձագետների եզրակացությունը դեպքի վերաբերյալ. «Վարդան Պետրոսյանի ցուցմունքը համընկավ երեք տարբեր պետությունների փորձագետների կողմից տրված եզրակացությունների հետ, որ ավտոմեքենան հետընթաց շարժ է կատարել: Եթե Դուք, հարգելի դատարան, նշանակեիք փորձագիտություն, ապա բոլոր հարցերը պարզ կլինեին: Ըստ փորձագետների` Նիվա մակնիշի ավտոմեքենան հետընթաց է կատարել և վերջին պահին արգելակել, այսինքն` ինքը վթարի պահին եղել է դեռևս ոչ ամբողջական արգելակված վիճակում: Շեշտեմ նաև, որ Նիվա մակնիշի մեքենան թեքությամբ է եղել»,- իր ճառում ասաց պարոն Բաղդասարյանը` եզրահանգելով, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հանգամանքները բացահայտելու համար ընդամենը մեկ քայլ էր անհրաժեշտ, այն է` նշանակել համապատասխան փորձաքննություն:

Նա նաև մեղադրեց նախաքննության մարմնին` միակողմանի քննություն անցկացնելու համար:

Անդրադառնալով դատախազի միջնորդությանը` Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի և 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև 3 տարով զրկել վարորդական իրավունքից, Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց. «Դատախազի միջնորդության մեջ պատճառաբանություն չկա` ինչու հենց 6 տարի 6 ամիս, այլ ոչ թե 4 տարի կամ 10: Ես գտնում եմ, որ Վարդան Պետրոսյանը չարածի համար այդքան չպետք է դատապարտվի»,- իր ճառն ավարտելուց ասաց նա:

Ամբաստանյալի փաստաբաններից Սամվել Ջաղինյանն, իր պաշտպանական ճառում անդրադառնալով Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշմանը, ասաց. «Դա պատժի տեսակ էր, որպեսզի Վարդան Պետրոսյանը շատ վատ վիճակում ընկներ ու ընդուներ իր մեղքը, բայց Վարդան Պետրոսյանը հետքայլի չգնաց: Ես նաև միտում եմ տեսել դատավարությունը ձգձգելու, որպեսզի Վարդան Պետրոսյանը կալանքի տակ մնա, սա էլ է նրան պատժելու միջոց»:

Փաստաբանը, դիմելով դատավորին, ասաց. «Ինչպիսի դատական ակտ կայացնեք, բոլորը դժգոհ են լինելու: Հարգելի դատարան, Վարդան Պետրոսյանի նկատմամբ վճիռը կայացվեց այն ժամանակ, երբ նրա նկատմամբ կալանքը սահմանվեց` որպես խափանման միջոց»,- նշեց նա:

Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Տոզեն իր ճառում նշեց, որ Հայաստանում չի հանդիպել մի քաղաքացու, որը վստահի դատական համակարգի արդարադատությանը. «Այստեղ Դուք ինչ ուզել, արել եք տեքստերի հետ և ինչպես ուզել եք, այնպես վարվել եք այդ տեքստերի հետ: Երբ ճանապարհային պատահարի համար պահանջում են 6 ու կես տարվա ազատազրկում, գոնե պարկեշտություն պետք է ունենալ ասել՝ ինչու, գոնե երեք բառով հիմնավորել, հակառակ դեպքում դա պարզապես վիճակախաղ է: Ես չեմ կարող ասել արդար է Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 ու կես տարվա ազատազրկման, թե 4 տարի, ես չեմ կարող ասել որևէ բան, որովհետև այս մարդն անմեղ է»:

Այնուհետև փաստաբանը ընդգծեց. «Վարդան Պետրոսյանին Ձեզ եմ հանձնում, ես Ձեզ եմ հանձնում արդարադատություն կայացնելու որոշումը, խնդրում եմ չփչացնեք այն հիանալի հնարավորությունն ու այն ահռելի պարտականությունը, որ Դուք ունեք արդարադատություն իրականացնելու համար»,- ասաց փաստաբանը՝ ավարտելով իր ճառը, որից հետո դահլիճում ոմանք ծափահարեցին, այս հանգամանքից վրդովվեցին տուժողները, նրանք բացականչեցին, որ երկու զավակ են կորցրել ու վիրավորական է ծափահարել դատարանում:

Դատավորը տուժողներին հեռացրեց նիստերի դահլիճից, որից հետո սկսվեց վիճաբանությունը փաստաբանների մասնակցությամբ:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան

Լուսանկարը` Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել