Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալի խոսքերով` տուժողն իր «ռեկլամն անում էր» Վանո Սիրադեղյանի անունը շահարկելով

«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն այսօր դատարանում նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում խոշոր չափերի հափշտակությունների մեջ:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում, հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին ոստիկանության բարձրաստիճան սպաների` գնդապետ Կարեն Բաբակեխյանի և գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմությունը շահակրկելով` որոշել է տարբեր քաղաքացիներից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ` ձեռք բերելով իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Ամբաստանյալը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ «գործն իր գլխին սարքել են». «Հենց սկզբից քննությունը տրամադրված էր իմ դեմ, արդեն իսկ որոշված էր, որ ես մեղավոր եմ: Իրականում ես մեղավոր չեմ: Ես ցուցմունք եմ տվել հատուկ քննչականում առանց փաստաբանի, ես հանգիստ եմ եղել, որ ես մեղավոր չեմ»,- դատարանում հայտարարեց Արթուր Անդրեասյանը:

Նա նաև անդրադարձավ սույն գործով տուժող Արտակ Գալստյանի դրվագին` կրկին մեղադրելով նրան: Արթուր Անդրեասյանը վերահաստատեց նախորդ նիստին տրված ցուցմունքը, որ «Արտակ Գալստայնի մեջքին կանգնած է եղել Վանո Սիրադեղյանը». «Եթե Արտակ Գալստյանի մեջքին հզոր մարդիկ կանգնած չլինեին, ինքը այդքան վստահ չէր լինի: Ինքը գիտեր, որ իրան ոչ մի պրոբլեմ չի լինի, ինքը հանգիստ կարա բոլորին մեղադրի ու չոր դուրս գա: Միայն Արտակը կարար ինձ ասած լիներ, որ ինքը Վանո Սիրադեղյանի տան ծախսերն էր հոգում` 1000 դոլարի չափով, ես ոչ մի բան չեմ խաբում, ինքն ա էտ ամեն ինչը ռեկլամ արել: Արտակը նաև ասում էր, որ բոլորը մրսում են իրանից: Քննիչին Արտակ Գալստյանը թելադրում էր` ոնց գրի: Էտ ինձ թվում ա, ամեն մեկը չի կարա անի»,- նշեց ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Արտակ Գալստյանի իրավունքների պաշտպան Սուսաննա Սարգսյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հերքել էր տուժողի և Վանո Սիրադեղյանի կապի մասին ցուցմունքը` ընդգծելով, որ Արթուր Անդրեասյանի խոսքերում էական հակասություններ կան:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը այդ նիստին նշել էր, թե «Արտակ Գալստյանի ետևում կանգնած են նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ», այսօր նա օգտագործեց «հզոր մարդիկ» արտահայտությունը: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այդ «հզոր մարդիկ». «Ես կասկածներ ունեմ` ովքեր են, բայց անունները ո՛չ ուզում եմ տալ, ո՛չ էլ պատրաստվում եմ»,- պատասխանեց ամբաստանյալը:

Այսօրվա դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց բերման ենթարկել տուժող Արտակ Գալստյանին` Ցուցմունք տալու համար: Տուժողի փաստաբանը տեղեկացրել էր, թե իր վստահորդը հանրապետությունում չէ, մինչեռ Ազգային անվտանգության ծառայության գրության համաձայն` Արտակ Գալստյանն ու նրա կինը նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում չեն հատել Հայաստանի Հանրապետության սահմանը:

Կարդացեք նաև`

«Ֆինանսական բուրգ»-ի ետևում կանգնա՞ծ է եղել Վանո Սիրադեղյանն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

Ամբաստանյալը պատմեց 1 մլն ԱՄՆ դոլարի պարտքի, Վանո Սիրադեղյանի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասին

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել