Նորություններ

 «Ես սովորում եմ». Ալվինա Գյուլումյան

Շատ դատավորների համար երազանք է դառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, սակայն իրականում մինչ այսօր դա հաջողվել է մեկին` Ալվինա Գյուլումյանին: 11 տարի ՄԻԵԴ դատավորի պաշտոնին, սա դեռ ամենը չէ` տիկին Գյուլումյանը կանգնած է նաև Սահմանադրական դատարանի ստեղծման ակունքներում: Թվում է, թե մեծ վաստակի տեր այս անձնավորությունը պետք է բնավորությամբ լինի խիստ ու փակ, սակայն իրականում տիկին Գյուլումյանը չափազանց մտերմիկ անձնավորություն է, ընտանիքում խաղաղասեր է, անգամ հարազատներն ասում են, որ շատ մեղմ է դստեր նկատմամբ: Ինչո՞ւ նա որոշեց ընտրել իրավաբանի պաշտոնը, ո՞ր գիրքն է տպավորել հայտնի դատավորին և ի՞նչ դիրքորոշում ունի նա իրավական մտքի զարգացման վերաբերյալ: Այս և այլ հարցերի պատասխանը գտեք «Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագծի առաջին հարցազրույցում:

«Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագիծը միտված է ընթերցողին ներկայացնել բացառիկ ավանդ ունեցող հայ իրավաբաններին` անկախ նրանց բնակության վայրից: Նախագծի կանոնների համաձայն`  առաջին երեք զրուցակիցներն ընտրում են հաջորդ հերոսներին:

Տիկին Գյուլումյանը, խոսենք անցյալից` որտե՞ղ եք ծնվել: Խնդրում եմ պատմել հետաքրքիր հուշեր:

Ծնվել եմ ներկայիս Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Շահումյան գյուղում, որը ըստ իմ ունեցած գիտելիքների` ժամանակին Լեռնային Ղարաբաղի հատվածներից է եղել, հետո Ադրբեջանի քաղաքականության հետևանքով կտրվել է Ղարաբաղից: Իմ մանկության տարիներին այն հիմնականում բնակեցված էր հայերով: Նշյալ տարածքում երկաթի հանքեր կային, ուստի այստեղ բնակվում էին շատ ռուս մասնագետներ, որոնք ժամանակին եկել էին երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար: Այնպես որ` իմ մանկությունն անցել է` շրջապատված հայերով և ինչու չէ նաև` ռուսներով: Այնուհետև կամաց-կամաց այստեղ սկսեցին բնակվել ադրբեջանցիներ և հայրս որոշեց, որ պետք է տեղափոխվենք Հայաստան: Այդպես էլ արեցինք:

Կպատմե՞ք որևէ հիշարժան դեպք` կապված Ձեր մանկության հետ:

Դժվարանում եմ հիշել, ես կարող եմ միայն պատմել, որ երրորդ դասարանում, երբ հայոց լեզվի առարկայի շրջանակներում ստացա առաջին շարադրություն գրելու հանձնարարությունը, երկմտում էի` ինչ թեմայով այն գրեմ, որպեսզի չկրկնվեմ: Այդ ժամանակ քեռիս ինձ տարավ Սահակ Սևադայի բերդ: Չնայած շատ փոքր էի` սակայն այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ուստի` իմ առաջին շարադրությունը նվիրեցի այդ բերդին: Դրանով էր պայմանավորված իմ, կարելի է ասել, աննորմալ սերը հայրենիքի նկատմամբ: Ես հիշում եմ` երբ մենք փոքր երեխաներ էինք, խաղում էինք փողոցում, ու եթե հանկարծ ճանապարհով անցնում էր հայկական համարանիշով որևէ ավտոմեքենա, շատ էինք ուրախանում. դա տոն էր ամբողջ թաղի համար: Մանուկ հասակում միշտ երազել եմ, որ մի օր մենք տեղափոխվենք Հայաստան, էլ չեմ խոսում այն մասին, որ թաքուն փափագում էի ունենալ անկախ հայրենիք:

Ո՞րն է իրավաբան դառնալու Ձեր դրդապատճառը:

Երկար երկմտում էի երկու մասնագիտությունների միջև` բժիշկ, թե իրավաբան: Սակայն որոշեցի դառնալ իրավաբան, այն մտքով, որ կկարողանամ պայքարել անարդարության դեմ: Բացի այդ, հայրս էր շատ ցանականում, որ երեխաներից գոնե մեկը իրավաբան դառնա: Երբ ընդունվեցի ու եկավ դիպլոմային աշխատանք հանձնելու օրը: Այն պատրաստեցի սոցիալիստական և կապիտալիստական ինտեգրացիա վերաբերյալ, փորձում էի այդ երկու ինտեգրացիաների տարբերությունները ցույց տալ: Այն ժամանակ (դա 1978թ.-ն էր) շատ դժվար էր սովետական հասարակակարգում պատկերացում ունենալ եվրոպական դատարանի գոյության մասին, բայց ես ինչ-որ մի տեղ կարդացի, որ գոյություն ունի այդպիսի դատարան: Փորձեցի իմ դիպլոմային աշխատանքի մեջ կապիտալիստական ինտեգրացիայից այդ դատարանը դրական տեսանկյունից ներկայացնել: Այս քայլը, իհարկե, մեծ քննադատության ենթարկվեց` նաև օպոնենտի կողմից: Երբ որ սպասում էի գնահատականին, ընկերներս հետաքրքրվեցին, թե իմ ինչի՞ն էր պետք այդ դատարանը ներկայացնել, ի վերջո կարող եմ չորս ստանալ, ես պատասխանեցի, որ պետք էր, քանի որ ճշմարտացիությունն եմ ներկայացրել` ավելացնելով, որ դառանալու եմ այդ դատարանի անդամ: Բոլորը ծիծաղեցին` ասելով, որ եթե անգամ Խորհրդային միությունը գնա դեպի կապիտալիստական ինտեգրացիա, հաստատ հային այդ դատարան չեն ուղարկի, պատասխանեցի, որ ես Խորհրդային միությունից չեմ գնալու, այլ Հայաստանից: Այդպես էլ եղավ:

Խնդրում եմ համառոտ ներկայացնել Ձեր մասնագիտական գործունեությունը` հատուկ շեշտելով այն դրվագները, որոնք Ձեզ համար կարևոր են:

Ես գործունեությունս սկսեցի փաստաբանությունից: Մենք հարևան ունեինք, որը հիվանդացել էր և աշխատավարձի հետ կապված խնդիրներ ուներ: Անաշխատունակության նպաստից զրկել էին նրան, որովհետև հոգեկան հիվանդ էր դարձել: Նա նաև ուներ ծեր ծնողներ: Ես այդ ժամանակ ուսանող էի, որոշեցի, որ իմ ստացած գիտելիքներով փորձել ինչ-որ հիմնարկներ մտնել ու պաշտպանել նրա իրավունքները` հասնելով նրան, որ այս ծեր մարդիկ կարողանան ստանալ այդ աշխատավարձը: Պատկերացրեք, որ հաջողության հասա, դա էլ հիմք հանդիսացավ, որ ես փաստաբան դառնամ: Փաստաբանական գործունեություն ծավալելուց հետո, ծառայական առաջխաղացման հնարավորություններ բացվեցին և մտածեցի, որ պետք է ընդունել այդ առաջարկները: Առաջինը եղավ Գերագույն դատարանում նշանակվելը: Այն ժամանակ ունեինք պլենար նիստեր, երբ որ մի նիստի ժամանակ ելույթ ունեցա, և այսպիսի արտահայտություն արեցի` «գործին պետք է նայել փաստաբանի աչքով», այսինքն` տեսնել` որն է խոցելի կողմերը, Գերագույն դատարանի նախագահը` իմ կողմից շատ հարգված իրավաբան Արտավազդ Գևորգյանը, դիտողություն արեց` ասելով, որ ոչ թե փաստաբանի, այլ դատավորի աչքով պետք է կարողանամ նայել: Ես հասկացա, որ դա ավելի ճիշտ է, որովհետև փաստաբանը միշտ արդարացում է փնտրում, իսկ կա նաև հակառակ կողմի կարծիքը, որի հետ պետք է հաշվի նստել: Սա էլ ուղեցույց եղավ ինձ համար: Այնուհետև ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Չգիտեմ ինչու` իմ գործընկերները միշտ կատակում էին, որ գնալու եմ Սահմանադրական դատարան և գնացի:

Տիկին Գյուլումյան, Դուք 2003թ.-ի ապրիլի 2-ից մինչև այս տարվա օգոստոս ամիսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր եք եղել: Ի՞նչ գործունեություն եք ծավալել այս ընթացքում և ի՞նչ Ձեզ տվեց այդ պաշտոնը:

Ես շատ բան սովորեցի, իմ համակարգչի դիմաց երկաթյա հուշանվեր է դրված` Միքելանջելոյի խոսքերով` «Ես սովորում եմ»: Ես միշտ առաջնորդվում էի այդ կարգախոսով, անընդհատ սովորում էի` այլ երկրների իրավական համակարգերից, սովորում էի միջազգային կազմակերպությունում աշխատելու ոճը, սովորում էի բանավիճել: Բնականաբար նաև ինչ-որ բաներ մարդիկ ինձնից էին սովորում: Պետք է ասեմ, որ այդ տասնմեկ տարիների աշխատանքը Եվրոպական դատարանում, ինձ իսկապես շատ բան սովորեցրեց, հարստացա գիտելիքներով և ընկերներով: Անգնահատելի տարիներ էին:

Միա՞յն դրականն եք քաղել:

Բնականաբար կա նաև բացասականը, որը պայմանավորված է նրանով, որ դու ներկայացնում ես մի երկիր, որը դեռևս խնդիրներ ունի: Երբեմն դիմացինները չեն կարողանում այդ խնդիրներն ընկալել այնպես, ինչպես քո սրտին է մոտ, երբեմն դա ցավ է պատճառում` չհասկացված լինելը: Ես չէի կարողանում ընկալել մի հանգամանք, որ մենք կարող ենք ազգային դատարաններին քննադատել գործերը ոչ խելամիտ ժամանակահատվածում քննելու համար, բայց ՄԻԵԴ-ում գործը ձգվեր 5-6-7 տարի: Թեև այն ուներ իր օբյեկտիվ պատճառները: Եվրոպական դատարան դիմելու իրավունք ունեցող 800 մլն եվրոպացի բնակիչներին, այսպես ասած` սպասարկում էր ընդամենը 47 դատավոր, բացի այդ դատարանը ունի շատ սահմանափակ աշխատակազմ, ինչպես նաև տարածությունն էլ էր խնդիր:

Վերջին տարիների ընթացքում ինչպիսի՞ն է Հայաստանից մուտք արված գործերի պատկերը, և այս առումով (մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից) ներկայումս արդյո՞ք արդյունավետ է իրականացվում արդարադատությունը Հայաստանում:

Դժվար է պատասխանել և ՄԻԵԴ-ում քննված գործերից ելնելով ասել արդյունավետ է արդարադատությունը, թե` ոչ: Եթե կոնկրետ անդրադառնանք այն սխալներին, որոնց պատճառներով խախտումներ են գտնում, պետք է ասեմ, որ հաճախ դրանք  վերաբերում են նույն շրջանին: Այսինքն, մի անգամ այդ սխալի վրա ուշադրություն դարձնելուց հետո, բարեբախտաբար, դրանք չեն կրկնվում: Դա դրական երևույթ է: Կարելի է ասել, որ մեր դատավորների մոտ համարձակությունն է պակասում: Երբ նրանց հետ անհատական զրուցում ես, զգում ես, որ նրանք, որպես կանոն, ճիշտ են մտածում, բայց թե ինչու են սխալներ գործում, դժվար է ասել: Թե ի՞նչն է խանգարում նրանց, սա երևի առանձին ուսումնասիրության առարկա է:

Ինչպե՞ս կգնահատեք մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը Հայաստանում, և որո՞նք են հրատապ լուծումներ պահանջող հիմնախնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը ավելի բարձրացնելու համար առաջին հերթին հարկավոր է զարգացնել քաղաքացիների մոտ իրենց իրավունքների մասին իրազեկության աստիճանը, որպեսզի նրանք իսկապես հասկանան` ինչ իրավունքներ ունեն և ինչպես կարող են դրանք պաշտպանել, և այս պարագայում կգործի իրավունքի ինքնապաշտպանության սկզբունքը: Երկրորդը` պետք է հասնենք նրան, որ մեր իրավակիրառողների գիտելիքներն այդ բնագավառում պարբերաբար թարմացվեն: Երրորդը` մարդու իրավունքների խախտման պարագայում, իրավախախտը պետք է գիտակցի, որ անպայման պատասխանատվություն է կրելու: Վերջինը և թերևս ամենակարևոր հիմնախնդիրը` հասնել նրան, որ դատարանները իրապես անկախ լինեն:

2014 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով Դուք նշանակվեցիք Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: Ի՞նչ առաջնահերություններով եք սկսել աշխատանքը ՍԴ-ում:

Նախ, երբ ես ցանկություն հայտնեցի վերադառնալ, ղեկավարվում էի մի սկզբունքով` այն ինչ 11 տարիներին ստացել եմ, կարողանամ օգտագործել այստեղ` իմ աշխատանքի մեջ, իսկ դա նշնակում է` առավելագույնը անել մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի հասնելու և ժողովրդավարության պաշտպանության համար: Բացի այդ, մտածում էի, որ վերադառնալով կկարողանամ փորձս փոխանցել մեր դատավորներին: Ես դեռ ժամանակ ունեմ օգտակար լինել երկրի ներսում:

ՄԻԵԴ-ում` դատավորի պաշտոն զբաղեցնելով, Դուք ստացել եք զգալի աշխատավարձ, որի հետ համեմատած ՍԴ դատավորի աշխատավարձը չափազանց փոքր է: Ըստ էության` կենցաղի լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Ասեմ` ինչքան աշխատավարձ ստանում ես, այդքան էլ` ծախսում: Եվրոպայում նաև ծախսերն էին շատ, ընդունեք, որ այդ հանգամանքն էլ կա: Երկրորդը` ոչինչ հավերժական չի: Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՄԻԵԴ գնալուց ես գիտակցում էի` սա ժամանակավոր աշխատանք է, պետք է վերադառնամ Հայաստան: Ես չպետք է կտրվեմ այս հասարակությունից:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական դիվանագիտությունը պրոակտիվ քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արդյոք բավարա՞ր է այս քաղաքականությունը նաև իրավական հարթությունում խնդիրները լուծելու համար` մասնավորապես հատուցման տեսանկյունից:

Ցավոք, ժամանակային իմաստով բացթողումներ ունենք: 100 տարին քիչ ժամանակ չէր իրավական առումով կոնկրետ նյութական պահանջներ ներկայացնելու համար, բայց բարեբախտաբար Գենոցիդի կոնվենցիայով վաղեմության ժամկետն այդ արարքների վրա չի տարածվում: Ամեն դեպքում, որոշակի քննություն պահանջելու և այլնի համար կարող են դժվարություններ առաջանալ: Բայց դրանք անհաղթահարելի չեն, իսկ փաստերը բավարար են, պետք է ուղղակի լավ իրավաբանական թիմ աշխատի:Երկու հայկական եկեղեցիներին  վերադարձվող հողերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռները ցույց են տալիս, որ հաջողության կարելի է հասնել: Այս գործերով դատարանը, ցավոք, խուսափելով «եղեռն» բառի օգտագործումից, այնուամենայնիվ գտավ, որ հայկական համայնքները վնասներ կրել են ու այդ հատուցումը պետք է իրականացնել: Այսինքն` հիմքեր կան:

Խնդրում եմ խոսել ընտանիքից:

Ես ապրում եմ ամուսնուս և դստերս հետ: Ամուսինս մասնագիտությամբ պատմաբան է, աշխատանքային փորձով` դիվանագետ: Աշխատել է ԱԳՆ-ում, ինչպես նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանատանը: Նա ԱԳՆ-ի ակունքներում է կանգնած, կարծում եմ` դա պետք է գնահատվի: Դուստրս 10 տարեկան է դառնում ապրիլին, Ստրասբուրգում հաճախում էր, այսպես կոչված` Եվրոպական դպրոց, որը հիմնականում  նախատեսված է ԵԽ-ում, ԵՄ-ում, ինչպես նաև դիվանագիտական կորպուսներում աշխատողների երեխաների համար: Ի՞նչն է շատ կարևոր, որ նա իր տարիքում սովորեց ճանաչել ու ընդունել տարբեր ազգերի ներկայացուցիչների: Ստրասբուրգում եղած ժամանակ հաճախել է նաև կիրակնօրյա հայկական դպրոց, շատ շնորհակալ եմ դպրոցը վարող Մելինե Նաջարյանից, որովհետև նա ուղղակի էնտուզիաստ էր. անվճար հիմունքներով երեխաներին սովորեցնում էր հայոց լեզու և պատմություն:

Ձեր մասնագիտական կողմը բացահայտեցինք, այժմ խոսենք նրանից, թե ինչպիսի՞ն եք Դուք տանը:

Ինձ քննադատում են, որ աղջկաս հետ շատ մեղմ եմ: Խոհանոց սիրում եմ: Ես հիշում եմ` երբ նշանակվեցի Գերագույն դատարանի անդամ, դեռ ամուսնացած չէի, ընկերներով հավաքվել և նշել էիք: Բավականին ուշ տուն վերադարձա, եղբայրս նկատողություն արեց. «Հիշիր` դու դատավոր ես քո աշխատասենյակում ու դահլիճում, այս տանը դու տան աղջիկն ես ու պարտավոր ես ժամանակին տուն գալ», առ այսօր հետևում եմ նշյալ կանոնին (ժպտում է – Գ.Թ.): Այստեղ ես դատավոր եմ, իսկ տանը` ընտանիքի անդամ:

Ձեր նախասիրությունների մասին խոսենք, մասնավորապես` երաժշտության և գրականության ասպարեզում ինչ հետաքրքրություններ ունեք:

Երաժշտության առումով ասեմ, որ այսօրվա ճաշակը լավ չեմ ճանաչում, այսինքն` այն, ինչ երիտասարդությունը լսում է: Ավելի ճիշտ` կամաց-կամաց սկսում եմ ճանաչել, որովհետև աղջիկս է լսում այդ երաժշտությունը: Ամեն դեպքում, գերադասում եմ լսել հայկական, ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական երաժշտություն: Ինչ վերաբերում է գրականությանը, ապա պետք է նշեմ, որ վերջին տարիներին մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Օրհան Փամուքի գործերը:

Կարծում եմ` «Ձյունը» վեպն է Ձեզ չափազանց գրավել:

Այո՛, մի քանի անգամ «Ձյունը» վերընթերցել եմ: Բացի այդ, երբ որ իմանում եմ` որևէ գրող գրականության բնագավառում ստացել է Նոբելյան մրցանակ, սկսում եմ կարդալ նրա գործերը:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք` հայ իրավաբանական մտքի զարգացման վերաբերյալ:

Ես կզգուշանայի` իմ ասածը հանկարծ չընկալվի որպես քննադատություն, բայց ես շատ եմ ցանկանում, որ մենք առավել զարգացում ունենանք միջազգային իրավունքի բնագավառում: Դժբախտաբար չպատրաստեցինք միջազգային իրավունքի այնպիսի մասնագետներ, որոնք կարողանան միջազգային գիտական ասպարեզում, ինչպես նաև միջազգային իրավունքի տարբեր ասոցիացիաներում մեր խնդիրները համոզիչ կերպով ներկայացնել և հասցնել նշանակակետին: Եթե սահմանադրական իրավունքի բնագավառում մենք այսօր առաջատարներից մեկն ենք` շնորհիվ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ապա միջազգային իրավունքի բնագավառում բավականին հետ ենք ընկել:

Խնդրում ենք նշել «Հայ իրավաբաններ» հատուկ նախագծի հաջորդ զրուցակցի անունը:

Խիստ ցանկալի կլինի, որ հաջորդը լինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, թեև նախընտրելի էր, որ հենց առաջինը նա լիներ:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Մտաղհացման հեղինակ` Կարեն Զադոյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել