Դպրոցից` բուհ. ինչո՞ւ է ցածր հասարակության իրավագիտակցության մակարդակը

Դպրոցներում իրավաբանական կրթությունը ուժեղ հիմքերի վրա դրված չէ: Նշում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի «Իրավունքի» ամբիոնի վարիչ, Իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական համակարգող Նորա Սարգսյանը: Նրա խոսքերով այս խնդիրը նաև խոչընդոտ է հանդիսանում ապագա ուսանողների համար. «Իրավաբանական կրթությունը, որը ըստ էության անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու, այնքան էլ ուժեղ հիմքերի վրա դրված չի, սա բերում է մեր բնակչության ընդհանուր իրավագիտակցության ցածր մակարդակին: Ուսանողները ընդունվելով իրավաբանական ֆակուլտետներ, շատ հեղհեղուկ պատկերացումներ ունեն, թե ինչ է իրավաբանությունը և այլն: Կարող է անգամ չիմանան, թե օրինակ` դատական համակարգը քանի ատյան ունի, ինչ կառուցված ունի, նման այլ բաներ»,- շեշտեց տիկին Սարգսյանը:

Այս խնդիրն ուղղակի առնչություն ունի հասարակության իրավագիտակցության հետ: ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի խոսքրով այն բավականին ցածր է, անգամ` անհանդուրժելի:

Դպրոցներում կա «Հասարակագիություն» առարկան, որն ունի «Իրավագիտություն» բաղադրիչ: Երևանի №170 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը նշում է, որ ավելի նպատակահարմար կլինի, Իրավագիտությունն առանձին դասավանդման առարկա դառնա. «Քան հասարակագիտության հետ համատեղ որևէ բաժնում: Իրավաբանական կրթությունը լայն հասկացողությունը, որոշակի բաժինների ուսումնասիրության առումով «Հասարակագիություն» առարկան խորը գիտելիքներ տալիս է աշակերտներին, բայց որպես առանձին արակա այն ավելի նպատակային կլիներ անցնելը: «Հասարակագիության» մեջ տնտեսագիտության որոշակի բաժիններ կան, բայց ավելի մեծ արդյունքի կհասնենք, որ առարկան համապատասխան մասնագետների կողմից առանձին դասավանդվեր, ոչ թե վերապատրաստում անցած մասնագետների»,- Իրավաբան.net-ին ասաց դպրոցի տնօրենը:

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը շեշտեց, որ բացի «Հասարակագիություն» առարկայից` աշակերտների իրավական գիտելիքներն ամրապնդվում են տարբեր միջոցառումների արդյունքում. «Ոստիկանության հետ ունենք աշխատանք, որի շրջանակներում տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Երեխաներն այսկերպ իրավական գիտելիքներ են ստանում: Բացի այդ, ավագ դպրոցներում բոլոր տեղերում տեսուչներ կան, որոնք նույնպես ընթացքում աշակերտների հետ աշխատում են, իրավական գիտելիքներ տալիս»,- շեշտեց տիկին Հովհաննիսյանը` հավելելով, որ այս գործողությունները բավական են դպրոցական տարիքի երեխաներին իրավական գիտելիքներով ապահովման համար: Նա նաև նպատակահարմար չհամարեց «Իրավագիտություն» առարկայի առանձին դասավանդումը:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել