«Ազատազրկումը լավագույն պատժատեսակը չէ». ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ

Ազատությունից զրկելու հետ չկապված քրեական պատիժները` տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները: Այս ամենը իրականացնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը: Այն նաև վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառված, պատժից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող և հիվանդության պատճառով պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ: Իրավաբան.net-ը զրուցել է բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանի հետ, ով անդրադարձել է ինչպես բաժնի աշխատանքներին, այնպես էլ պրոբացիոն ծառայության ներդրմանը և կալանավայրերի գերծանրաբեռնվածության խնդրին:

2005թ. փետրվարի 10-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմում գործում է այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն իր 17 տարածքային մարմիններով: Խնդրում եմ նշել, թե ի՞նչ աշխատանք է այն իրականացնում և հաղորդել վիճակագրական տվյալներ:

Ընդհանուր թիվը աշախատողների 27 է, նրանցից 21-ը Երևան քաղաքն է սպասարկում, մնացածը մարզային աշխատակիցներ են: Բաժնի գործունեության մեջ են մտնում ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների կատարումը` հանրային աշխատանքներ, տուգանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը: Բացի այդ, բաժին նաև վերահսկողական ֆունկցիա է կատարում` պատիժը պայմանականորներ չկիրառված, պատժից վաղաժամկետ ազատված և պատժից հետաձգված դատապարտյալների նկատմամբ: Ներկայումս մենք աշխատում ենք 1429 քաղաքացու հետ, նրանց թիվը նվազել է, քանի որ նախորդ տարի ԱԺ-ի որոշմամբ տեղի է ունեցել համաներում` մոտ 1500 դատապարտյալների նկատմամբ:

Արդարդատության նախարարությունը սկսել է պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները: Ըստ էության` պրոբացիայի փուլերից մեկի համար հիմք է հանդիսանալու հենց այս բաժինը:

Այո, պրոբացիոն ծառայությունը կապում են շատ տարբեր գործառույթների հետ, բայց պետք է գիտակցել, որ պրոբացիոն ծառայությունն այն կախարդական փայտիկը չէ, որ կարող է լուծել բոլոր հարցերը: Այն կարող է ստեղծել նախադրյալներ, որոնք որ հետագայում կլուծեն բազմաթիվ խնդիրներ: Ուսումնասիրելով միջազգային փորձը կտեսնենք, որ չկա մի երկիր, որի պրոբացիոն ծառայությունը նման լինի մեկ այլ երկրի պրոբացիային: Տեղյակ եք, որ այս ծառայությունը ներդրվելու է 4 հիմնական փուլերով` մինչդատական, դատական, պատժի կրման և հետպատժային: Այսօր մեր բաժինը կատարում է ամենադժվարի 3-րդ փուլը: Մենք ունենք այսօր այդ փուլը: Այն փորձը, որ մենք հավաքել են 10 տարվա ընթացքում, քիչ չէ: Այն խնդիրները, որ դրվել են մեր առջև, մենք կարողացել ենք կատարել և ունեցել ենք դրական արդյունք, բայց ժամանակն է եկել, որ բացի իրավաբաններին դատապարտյալի հետ աշխատեն նաև այլ մասնագետներ` սոցիալական աշխատողներ և հոգեբաններ: Մենք ունենք լավ հիմք, որի վրա կարելի է ստեղծել լավ ծառայություն:

Նշեցիք, որ 4 փուլերից է բաղկացած ծառայությունը, այդ փուլերի համար տարբեր մասնագետներ են հարկավոր, Ձեր ղեկավարած բաժնի ներուժը բավակա՞ն է, որպեսզի այդ մասնագետներով ապահովեք համակարգը:

Սոցիալական աշխատողի ինստիտուտը կարելի է միանգամից գործարկել, բայց դժվար է լինելու հոգեբանների հարցը: Չպետք է գնանք այն քայլին, որ նոր ավարտած ուսանողին բերենք ու ասենք` պետք է աշխատես դատապարտված անձանց հետ: Հարկավոր է ունենալ փորձառու աշխատակիցներ: Շատ դժվար է լինելու այդ աշխատակիցներին հավաքել: Պրոբացիոն ծառայության ստեղծման ամենակարևոր գործոններից մեկը այն է, որ ԵԽ-ի աջակցությամբ ուզում ենք պիլոտային ծրագիր անցկացնել` էլեկտրոնային մոնիթորինգի, սակայն պետք է ունենալ այն մինիմալ իրավական ակտերը, որ կարելի լինի գործակել այդ մոնիթորինգը: Երբ որ մենք խոսում ենք, թե պետք է տնային կալանք, ազատության սահմանափակում, այս բոլորն իրականացվում են այդ էլեկտրոնային մոնիթորինգի միջոցով, այսինքն` համապատասխան իրավական ակտ, էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումներն ու հետո դա գործարկելը:

2005 թվականից գործում է այս բաժինը: Այս փորձը, կարծում եմ, բավական է պատասխանել հարցին` մեր մենթալիտետը թո՞ւյլ է տալիս այս ծառայությունը ներդնել:

 Այստեղ առաջ է գալիս երկու մոդել` եվրոպական և ամերիկյան: Ամերիկյանն ավելի ուժային է, հատուկ միջոցների իրավունք ունեն կրելու և օգտագործելու պրոբացիոն ծառայության աշխատակիցները, մենք էլ ենք ուժային այսօր, մինչդեռ եվրոպական կառույցներն ամբողջովին ապառազմականացված քաղաքացիական կառույցներ են: Ուստի շատ նուրբ պահ կա, որ մենք պետք է հասկանանք` մեր մենթալիտետով ազգի համար, մեր դատապարտյալների համար, ո՞րն է ամենաճիշտ որոշումը: Եթե այս կառույցն ամբողջովին ապառազմականացնենք, ապա կարող ենք ունենալ ինչպես դրական արդյունք, այնպես էլ բարդություններով լի հետևաք: Տվյալ պահին, իմ կարծիքը միայն սուբյեկտիվ կարող է լինել, որ եթե մենք գնանք ապառազմականացման, ապա դա պետք է արվի քայլ այլ քայլ, փուլ առ փուլ:

Երբ ստեղծվում էր այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, ասում էին, որ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը կլուծվի այսկերպ, սակայն տարիներ անց կրկին բախվել ենք նույն պատին, սակայն ներկայումս պրոբացիոն ծառայությունների ներդրման համատեքստում են տեսնում այս խնդրի լուծումը: Իրականում, որտե՞ղ է բացը, ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ բախվում նույն պատին:

Դիպուկ հարց եք տվել, ասեմ, որ այստեղ էլ կան խնդիրներ: Տվյալ պահին, գերծանրաբեռնվածության խնդրի լուծումը` պայմանական վաղաժամկետ ազատումը, հանրային աշխատանքի կամ տուգանքի կիրառումը: Ըստ էության` որոշումները կայացնում է դատարանը: Դատարանն ու դատավորը պետք է փոխեն իրենց մտածելակերպը: Ազատազրկումը լավագույն պատժատեսակը չէ: Իհարկե, դեպքեր են լինում, որ հարկավոր է այն կիրառել: Ի վերջո, մենք հասկանում ենք, որ այս գործընթացի մեծ բաժինը կապված է դատարանների հետ:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել