«Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը

Պրոբացիոն ծառայություն: Այս երկու բառերն իրենց մեջ ներառում են հանցագործություն կատարած անձի ուղղման լավագույն միջազգային մոդելը:

Պրոբացիոն ծառայության սահմանումները բազմաթիվ են, գաղափարը մեկը` «Պրոբացիան առնչվում է հասարակության մեջ օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարմանը: Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն»:

Այս իրավական բացատրությունը սահմանվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ անդամ պետություններին ուղղված 2010/1 առաջարկությամբ: Բացի այս փաստաթղթից առկան են բազմաթիվ այլ իրավական նախադրյալներ, որոնք հիմք են հանդիսանում պրոբացիոն ծառայության ներդրման համար: Մենք դրանք բաժանել ենք երկու բլոկի` միջազգային և ներազգային: Այս հոդվածում նաև անդրադարձ կկատարենք պրոբացիոն ծառայության ներդրման մի շարք խնդիրների` մասնագետների միջոցով ուղենշելով դրանց լուծումները:

Միջազգային իրավական նախադրյալները

Պրոբացիան իր միջազգային իրավական հիմքերով չափազանց տարբեր է ու տարաբնույթ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված ու տպագրված` «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ստեղծման խնդիրներն ու առանձնահատկությունները» հետազոտության հեղինակները միջազգային իրավական ակտերը բաժանում են երկու մասի` Եվրոպայի խորհրդի փաստաթղթեր և Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթեր:

Նշյալ հետազոտության աշխատանքային խմբի ղեկավար` «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ այս ծառայությունը քրեական և վերականգնողական արդարադատությունների միջնակետում կառուցված ինստիտուտ է. «Ըստ էության քրեական արդարադատության ինստիտուտ է, մյուս կողմից իր ողջ գաղափարախոսությամբ, ասել է, թե` գործելակերպով, վերականգնողական արդարադատության ինստիտուտներից մեկն է, որը ենթադրում է ավելի ճկուն հակազդեցություն` անձի, մարդու փոփոխությանն ապավինելը, այլ ոչ թե ազատազրկելը»:

Պրոբացիոն ծառայության իրավական նախադրյալներից, առաջինը` և թերևս հիմնարարը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ անդամ պետություններին ուղղված 2010/1 առաջարկությունն է: Ինչպես արդեն նշել ենք` այս փաստաթղթով է սահմանվում պրոբացիայի եզրույթը:

Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ

Այս առաջարկությամբ պետություններին խորհուրդ է տրվում պատժողական քաղաքականությունից անցում կատարել վերաինտեգրմանը. «Ըստ այդմ` աշխատանք տանել, որ նախ ազատազրկումը որպես պատժամիջոց ավելի քիչ կիրառվի, ավելի շատ կիրառվի ազատազրկման այլընտրանքային պատժատեսակները և համայնքներում ստեղծվեն տարբեր ծառություններ, որոնք կօգնեն դատապարտյալին վերաինտեգրվել հասարակությունում` լուծելով խնդիրները»,- փոխանցեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի խոսքերով` այն նաև կարգավորում է «պրոբացիայի ծառայող» գաղափարը, պրոբացիայի գործընթացները և ինտեգրալ դերը. «Ինչո՞ւ ինտեգրալ, քանի որ պրոբացիան ծառայություն է մատուցում պետական իշխանություններին` ոստիկանությանը կամ քննչական մարմիններին, դատախազությանը, դատարանին և քրեակատարողական ծառայությանը: Այս պետական մարմիններին պրոբացիան օգնում է զեկույցներով, մասնագիտական միջամտությամբ, կամ էլ ուղղակի հասարակությանը աջակցում է ազատազրկված դատապարտյալների հետ աշխատանքում»,- նշեց պարոն Գասպարյանը:

8 գլուխներից և 108 կետերից բաղկացած վերոնշյալ փաստաթուղթը նաև խորհուրդ է տալիս մի շարք գործառույթներ իրականացնել պորբացիայի ծառայության անձնակազմի ստեղծման շրջանակներում, միաժամանակ այն կարգավորում է պրոբացիայի և այլ մարմինների հետ փոխհարաբերությունները, ծառայության աշխատանքի գործընթացը, հասարակության և լրատվամիջոցների հետ հարաբերությունները:

Այս կանոնների կիրառման պարագայում հարկավոր է հաշվի առնել նաև մի շարք այլ միջազգային իրավական ակտեր (Տես` նույն տեղում):

Բացի այդ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ անդամ պետություններին ուղղված 2010/1 առաջարկությունում խորհուրդ է տրվում ապագայի համար հիմք ընդունել Միավորված ազգերի կազմակերպության «Ազատությունից զրկելու հետ չկապված պատժամիջոցների վերաբերյալ նվազագույն կանոնները», որոնք առավել հայտնի են որպես «Տոկիոյի կանոններ»: Այս փաստաթուղթը `«ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծման խնդիրներն ու առանձնահատկությունները» հետազոտության հեղինակները ներառել են երկրորդ բլոկի մեջ:

Հետազոտության հեղինակները փաստում են` «Տոկիոյի կանոնների արժեքավոր դերն այն է, որ ազատությունից զրկելու հետ չկապված և այլընտրանքային պատժամիջոցները մանրամասն ներկայացված են մինչդատական փուլի, դատական, վճռի հրապարակման փուլի և դատապարտումից հետո եկող գործընթացի համար» (տես` նշյալ հետազոտությունում, էջ 19):

Արշակ Գասպարյանը նաև հավելում է. «Անչափահասների և ընդհանրապես պատիժների վերաբերյալ առկա են մի շարք իրավական փաստաթղթեր, այդ թվում` ՄԱԿ-ի «Տոկիոյի կանոնները», «Պեկինյան կանոններ» և «Ռեադյան ուղենիշներ», որոնց կարմիր թելով անցնող գաղափարախոսություններից մեկն այն է, որ հատկապես անչափահասների նկատմամբ ազատազրկում պետք է կիրառել խիստ բացառիկ դեպքերում, այն էլ տվյալ երկրի օրենքով սահմանված նվազագույն պատժաչափով»:

«Այս բոլոր առաջարկություններում կան որոշակի սկզբունքներ, բայց միաժամանակ չկա պարտադիր ուժ ունեցող կոնվենցիա, որը կարելի է կիրառել»,- փոխանցեց «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, նա նաև ընդգծեց. «Այս խորհուրդները տրվում են պետություններին, որպեսզի նրանք որոշեն, թե ինչպես կգործեն պրոբացիայի ծառայությունները: Յուրաքանչյուր պետություն իր քաղաքականությունն է մշակում»:

Ներազգային իրավական փաստաթղթեր

Պրոբացիոն ծառայությունների ստեղծման քաղաքականության հիմքը դրվեց Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական  ծրագրով: Այն ազդարարում է. «ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին պրոբացիայի ծառայություն»:

«Սա իրավական այն հիմնաքարն է, որից արդեն բխում են մյուս գործողությունները` մշակել իրավական ակետրի նախագծեր, դրանք ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը և այլն: Այսինքն` պետությունը նախագահի մակարդակով իր առջև խնդիր է դրել ստեղծել լիարժեք պրոբացիոն համակարգ` իր բոլոր գործառույթներով, իրավունքներով և պարտականություններով»,- Իրավաբան.net-ին հաղորդեց Պրոբացիայի ներդրման աշխատանքային խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյան, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան 

Պրոբացիոն ծառայության ստեղծման կարևորությունը շեշտվում է նաև ՀՀ կառավարության 2014թ.-ին հաստատված ծրագրով, որտեղ ասվում է հետևյալը. «Կրկնահանցագործությունը կրճատելու, հանցանք կատարած անձանց հոգեբանական աջակցման և սոցիալական ինտեգրումը խթանելու նպատակով ստեղծել պրոբացիոն ծառայություն»:

Մյուս իրավական նախադրյալը Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ հայեցակարգն է: Այն ներկայացնում է այս ծառայության ներդրման հիմնավորումները, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, բերվում են վիճակագրական տվյալներ և ուղենշում են այն անելիքները, որոնք հարկավոր է իրականացնել այս ծառայության ներդրման պարագայում:

«Հայեցակարգը տվել է ուղենիշներ` ելնելով մի շարք հանգամանքներից: Հիմք է ընդունվել այն, որ պետք է ստեղծել պրոբացիայի ծառայություն Արդարադատության նախարարության կազմում` քրեակատարողական վարչությունից անջատ»,- ասաց «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը, ով հայեցակարգի համահեղինակներից է:

«Հայեցակարգ լավ հիմք է, որպեսզի օրենսդրական ակտերը մշակող անձիք, հետագայում նաև օրենսդիրը հասկանան, թե ինչ իրավական դրույթներ է հարկավոր նախատեսել օրենքով»,- հավելեց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, նա նաև շեշտեց.  «Այս հայեցակարգում մանրամասն ներկայացված է, ոչ միայն այն, թե ինչ է մեր պետությունը ուզում, այլ նաև այն, թե ինչ է պրոբացիան և ինչպես են դրան վերաբերվում եվրոպական շատ երկրներ»:

Համաձայն հայեցակարգի` «Ներկայումս գրեթե բոլոր երկրներում պրոբացիայի ծառայության գործառույթներն իրականացվում են ոչ ուժային կառույցների կողմից և հիմնականում պրոբացիայի հետևյալ չորս փուլերով.

1. մինչդատական,

2. դատական,

3. պենիտենցիար,

4. Հետպենիտենցիար»:

Առաջին երկու փուլերը պետք է կարգավորվեն Քրեական դատավարության օրենսգրքով:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ. «Այդ միջոցների վերահսկողությունը կդրվի պրոբացիայի վրա»,- ասաց «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը:

Արշակ Գասպարյանի խոսքերով. «Դատավորին և դատախազին զեկույց տալը կամ տնային կալանքը` որպես այլընտրանքային պատժատեսակ կատարել, այս ամենը կարգավորելու է Քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Միաժամանակ այս նախագծով վարչական վերահսկողությունը դրված է ոստիկանության վրա, բայց սա այլընտրանքային խափանման միջոց է, որը կրկին պետք է կատարի պրոբացիայի ծառայությունը»:

Հաջորդը` Պենիտենցիար պրոբացիոն փուլն է, որը «ենթադրում է դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող գործառույթները» (մեջբերումը` հայեցակարգից):

Այս փուլի կարգավորմանը միտված է ՀՀ քրեական օրենսգիրքը, որի 12-րդ գլխով սահմանվում են պատժից ազատելու հիմքերը, դրանք են` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը (հոդված 76), պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը (հոդված 77), հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը (հոդված 78), պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով (հոդված 79), պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով (հոդված 80), պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով (հոդված 81):

Նշյալ անձանց նկատմամբ պրոբացիոն ծառայությունը իրականացնելու է վերահսկողություն` նրանց առջև դնելով որոշ պարտավորություններ:

Հետպենիտենցիար փուլում բացի պատիժը կրած անձի նկատմամբ վերահսկողությունից, պրոբացիոն ծառայությունը պետք է նրան օժանդակի և աջակցի վերասոցիալականացման ընթացքում:

«Չորրորդ փուլը ամենադժվարին ու բարդն է լինելու,- փոխանցեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանը.- օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն: Այս տարիների ընթացքում, ինչ մենք աշխատում ենք` առաջացել է հիմնավորում, որ այս փոփոխությունները ներկայումս անհրաժեշտ են»,- եզրահանգեց նա:

Լևոն Ավետիսյան, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ 

Եղած իրավական փաստաթղթերի շարքն այսքանով չի ավարտվում: Առկա են նաև մի շարք իրավական ակտեր, որոնք առանցքային նշանակություն ունեն պրոբացիոն ծառայության համար: Դրանք են` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 1561-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի հրամանը` «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության» կարգը հաստատելու մասին (44-Ն):

Բացի այդ, հայեցակարգի համահեղինակներից Արշակ Գասպարյանի խոսքերով` հարկավոր է մշակել շուրջ 40 նոր իրավական ակտեր:

«Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը օրենսդրական դաշտի փոփոխությունը խնդիր չի համարում. «Հարցն այն է, որ ժամկետների մեջ չենք տեղավորվում: Համակարգը պետք սկսեր գործել արդեն, բայց օրենսդրական բավականին խոշոր փոփոխությունների կարիք կա, որոնք չեն հասցնում ԱԺ մտցնել»,- ասաց նա:

Արման Դանիելյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ 

ՀՀ արդարադատության նախարության կողմից ստեղծված պրոբացիայի ծառայության ներդման աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով` ներկայումս համակարգի ներդրման համար նշանակություն ունեցող իրավական ակտերը գտնվում են մշակման փուլում: Նախատեսվում է ներկայացնել օրենսդրական փոքր փաթեթ, որպեսզի պրոբացիոն ծառայութունը սկզբնական փուլում գործի.

«Մասնավորապես` 2015թ. հունվար ամսից նախատեսում ենք իրականացնել պիլոտային փորձարկումն այդ ծրագրի, առնվազն երկու պիլոտ` մեկը Երևանում, մյուսը մարզերից մեկում: Մենք ներկայումս աշխատանք ենք սկսել կրթական մոդուլի մշակման ուղղությամբ, որը հնարավորություն կտա համապատասխան մասնագետներ պատրաստել»,- նշեց նա:

Սուրեն Քրմոյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Աշխատանքային խմբի մեկ այլ անդամ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հավելեց, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ավելի ծավալուն իրավական փաթեթի մշակման շուրջ. «Որը կներակայացվի Ազգային ժողով մյուս տարվա կեսերին, հավանաբար այդ մեծ փաթեթով լիարժեք պրոբացիոն ծառայությունը կսկսի գործել 2016 թվականից` նայած, թե Ազգային ժողովը, երբ այն կընդունի»:

Իրազեկում և մասնագետների պատրաստում. պրոբացիոն ծառայության ներդրման մյուս հիմնախնդիրները

S Soghomonyan facilitatorՀայաստանում պրոբացիոն ծառայությունների ներդրման համար չափազանց կարևոր են նաև զարգացման նախադրյալների ստեղծումը: Պնդում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նրա խոսքերով` հարկավոր է հանրամատչելի եղանակներով իրականացնել իրազեկման քարոզարշավներ հասարակության անդամների, այդ թվում` դատապարտյալների և իրավակիրառ մարմինների շրջանում. «Այս հարցում իրավասու մարմինների հետ համատեղ իրենց ներդրումը կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները, առավել ևս իրավական ուղղվածությամբ: Ինչո՞ւ ոչ՝ նաև կարելի է վերջիններիս օժտել պրոբացիոն ծառայություններ իրականացնելու լիազորություններով: Ի դեպ, նման կարգավորում նախատեսվում է նաև ՄԱԿ-ի «Տոկիոյի կանոններում»:

Բացի այդ, փաստաբանի խոսքերով` առկա է նաև մասնագիտական կրթության պակաս. «Անհրաժեշտ է միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա մշակել և ներդնել պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական մասնագիտական ուսուցման համակարգ: Ինչու եմ խիստ կարևորում այս հարցը, օրինակ՝ պատժից պայմանական ազատելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի համապատասխան մարմինը, ով մշակված օբյեկտիվ չափանիշների հիման վրա պետք է որոշի դատապարտյալին վաղաժամկետ ազատելու հարցը, կամ սահմանված պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը: Բնականաբար նման որոշումներ կայացնելու համար անկախ հանձնաժողովը պետք է ունենա որակյալ անդամներ»,- եզրահանգեց նա:

«Մասնագետներ արդեն իսկ պատրաստվում են»,- ասում է ԵՊՀ-ի իրավագիDSC08745-copy-Ghazinyan-EPH-440x293տության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա փոխանցեց, որ ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի քրեաբանության (կրիմինոլոգիա) մասնագիտացման շրջանավարտը պատրաստի հավակնորդն է այդ ծառայությունում աշխատելու համար. «Դա մինչ մասնագիտական է, մինչ առարկայական, մասնակցում են կրիմինոլոգիա ծրագրին հոգեբաններ, սոցիոլոգներ, իրավաբաններ, որովհետև կրիմինոլոգիան զուտ իրավաբանական գիտություն չէ»,- նշեց դեկանը:

Նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Տիգրան Սիմոնյանի խսքերով` այդ մասնագետները պետք է ոչ միայն իրավական գիտելիքների տիրապետեն, այլ նաև` սոցիոլոգիայի և հոգեբանության. «Պրոբացիոն ծառայողի ներկայացվող հիմնական ցենզերից մեկը, հենց կրթականն է: Ցանկալի է, որ այդ ծառայողներն ունենան բարձրագույն կրթություն, եթե դա լինի և՛ իրավագիտության, և՛ հոգեբանության կամ սոցիոլոգիայի բնագավառում, ապա այդ ծառայողի գործունեությունը շատ ավելի արդյունավետ և նպատակային կլինի»:

ՊG Petrosyan MIP DSC00105 copyրոբացիոն ծառայության ներդրումը գնահատելի է նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից. «Մենք ըստ էության այս փուլում ողջունելի ենք համարում ծառայության ներդրման ջանքերը: Դրական է նաև մեր մոտեցումը հայեցակարգի վերաբերյալ: Ավելի առարկայական ու կոնկրետ առաջարկներով հանդես կգանք հետագա փուլերում, երբ հստակ նախագծեր կլինեն: Այդուհանդերձ, նախնական փուլում մենք համարում ենք, որ դա ողջունելի և դրական առաջընթաց քայլ է` հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը:

Եզրահանգումներ

Բյուջետային միջոցների տնտեսում, կրկնահանցագործության կրճատում,  քրեկատարողական հիմնարկների բեռնաթափում, հացագործություն կատարած անձի կատարյալ վերաինտեգրում և ի վերջո` մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն: Մասնագետների համոզմամբ` այս արդյունքները կունենաք, եթե ներդրվի պրոբացիոն ծառայության համակարգը:

Կարևոր է գիտակցել, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների հաջող ընթացքը պայմանավորված է նաև հանրության մասնակցությամբ՝ հանձինս ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության կազամկերպությունների: Պրոբացիոն ծառայությունը պետական ծառայությունների մեջ ամենահասարակական է, փաստում են մեր զրուցակիցները, որովհետև առանց հասարակության հոգատար վերաբերմունքի, առանց մեր դիրքորոշումների և աշխարհայացքների փոփոխության` շատ դժվար կլինի ներդնել այն: Մասնագետների խոսքերով` մեր պետության քաղաքացիները պետք է հասկանան, որ պատիժ դեռ չի նշանակում ազատազրկում: Պրոբացիոն ծառայությունը գալիս է կոտրելու արմատացած կարծրատիպը, որ պատիժը հավասար է ազատազրկման:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Վերլուծություններ

Իրադարձություններ