Զանգե՞լ է արդյոք ամբաստանյալը ֆինանսների նախկին նախարարին

Այսօր Արթուր Սարգսյանի դատական նիստը սկսվեց 40 րոպե ուշացումով: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այն պայմանավորված էր ազատ դահլիճի բացակայությամբ: Այսօր դատարան չէր ներկայացել վկա Գեղամ Օհանյանը, ում դատարանը կհրավիրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանման միջոցով: Նիստի ընթացքում շարունակվեց ամբաստանյալ Սրթուր Սարգսյանի հարցաքննությունը:

Դատավորը նրանից հետաքրքրվեց, թե Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի հետ հեռախոսազրույց ունեցե՞լ է, թե` ոչ, ամբաստանյալը ասաց, որ նման բան չի եղել, «Համարը չգիտե՞ք», հետաքրքրվեց դատավորը. «Համարը, եթե պետք լիներ կնոջիցս կվերցնեի, բայց պետք չի եղել: Ես իմ համարից միանշանակ նրան չեմ զանգել, հնարավոր է կինս օգտված լիներ, բայց իմ հիշելով` իմ համարներից նման զանգ չի եղել»: Նշենք, որ այնուհետև ամբաստանյալը նշեց, որ իր հեռախոսը գտնվում է քննչական կոմիտեում. «Ես շատ եմ ցանկանում, որ ճշտվի թե այդ հեռախոսի մեջ Դավիթ Սարգսյանի համարին զանգ եղել է, թե ոչ, որպեսզի ավելի հստակվի այս ամենը»:

Այսօրվա նիստին ամբաստանյալի փաստաբանը գործին առնչվող մի շարք փաստաթղթեր ներկայացրեց` միջնորդելով լրացուցիչ փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը այն բավարարեց մասնակիորեն:

Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ տարբեր գործարքներ է իրականացնել տուժողների հետ` ներկայացնելով նաև Դավիթ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթղթեր, ինչպես նաև հանդես գալով նրա անունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Հերթական դատական նիստը նշանակվեց ամսի 24-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել