Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վիճաբանություն ու փոխադարձ մեղադրանքներ. Վարդան Պետրոսյանի դատն ընթացավ ծանր մթնոլորտում

Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքում, այսօր Աբովյանի դատարանում հայց ներկայացրեց քաղաքացիական հայցվոր, գյուղատնտեսական ծրագրերի պետական հիմնարկի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը: Վերջինս պնդեց 2 մլն 600 հազար դրամի հայցը՝ պարզաբանելով, որ նշյալ գումարը սեփական նախաձեռնությամբ են ճշտել՝ օգտվելով auto.am կայքից:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե արդյոք գումարը մեքենայի շուկայական արժեքն է, Հ.Կարապետյանը դրական պատասխան տվեցի, որին ի պատասխան փաստաբանը տեղեկացրեց, թե հետվթարային վիճակում ավտոմեքենայի մնացորդային արժեքը կազմել է 737 հազար դրամ: Այնուհետև պաշտպանը նշեց, որ մնացորդային արժեքը հարկավոր է հանել շուկայականի գնից և այն պահանջել ԱՊՊԱ-ից:

Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առարկեց, նշելով, որ քաղհայցվորն ինքն է որոշում ումից պահանջի այդ գումարը. «Այս հարցը պարզաբանման ենթակա չէ, քաղհայցվորը 2 մլն 600 հազար է ուզում, ոչ թե 3 մլն, այսինքն` 400 հազար դրամն էլ զիջում է անում: Դրա մեջ վատ բան չկա»,- շեշտեց : 

Այնուհետև Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Վարդան Պետրոսյանի՝ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված ցուցմունքները: Վարդան Պետրոսյանը միացավ միջնորդությանը` ասելով. «Իմ առաջին, երկու հարցաքննությունը ցանկացել են իրականացնել, առանց իմ պաշտպանի, միշտ ասել եմ՝ խնդրում եմ իմ փաստաբանը կողքիս լինի»: Այս միջնորդության դեմ առարկեց մեղադրող կողմը և տուժողի ներկայացուցիչը: Արդյունքում, դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։

Այնուհետև քննարկվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի մինչ այս արված միջնորդության քննությունը, փաստաբանը խնդրում էր անհիմն ճանաչել դեպքի օրը տեղի ունեցած փորձաքննության տվյալները` շեշտելով, որ քննիչը չի արձանագրել մի շարք հետքեր: Նա ցուցադրեց քննչական մարմնի լուսանկարներն ու եզրակացությունը, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արված լուսանկարները, որոնցում ակնհայտ հակասություններ կային: Քննիչի պնդմամբ` Niva մակնիշի մեքենայի ետևում հեղուկ է եղել, ինչը չի արձանագրել քննիչը, նա քննչական գործունեության առաջին օրը չի արձանագրել նաև մեքենայի ետևի անիվներից մեկի հետքերը, որը երկրորդ օրը արձանագրվել է կիսատ, չեն արձանահգրվել հետևի և դիմացի ձախ անիվների հետքերը. «Փոխարենը արձանագրվել է մի հետք, որը լուսանկարներում չկա»: Պաշտպանը արձանագրված հետքեր անհիմն համարելու միջնորդության մեջ նշեց, որ արձանագրությունների տակ ստորագրել է ՀՀ Կոտայքի մազրի ոստիկանության ոմն աշխատակից, որի անունը առկա չէ փաստաթղթում. «Այնպես որ պարոն դատավոր ես առաջարկում եմ հետաձգել միջնորդության քննարկումը` նշյալ փորձագետին` Թ. Եգորյանին դատարանում հարցաքննելու միջնորդությունը անելու համար»: Նշյալ միջնորդությունը բավարարվեց, դատարանը բավարարեց նաև դատախազի միջնորդությունը հարցաքննության կանչել դեպքի վայրի զննությանը մասնակից ընթերականին, ՃՈ տեսուչներին և տեղամասային տեսուչին` իրենց միջնորդությունը հիմնավորելով նրանով, որ փաստաթղթերում առկա է երկրորդ ընթերականի ստորագրությունը, սակայն կասկածներ կան նրա ներկայության շուրջ: Դատարանը բավարարեց միջնորդությունը, որին ի հավելում` պաշտպանը միջնորդեց հարցաքննության հրավիրել քննիչ Հայկարամ Նահապետյանին, դատարանը այն  մերժեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Այսօրվա դատական նիստը ընթանում էր զավեշտալի մթնոլորտում: Զուգահեռ վիճաբանություններ էին ծագում մեղադրող և պաշտպանական կողմի միջև, տեղից նկատառումներ էր անում տուժող կողմի ներկայացուցիչը: Դատավորը մի քանի անգամ ստիպված եղավ կարգի բերել նրանց, օրինակ, երբ խոսքը գնում էր քաղհայցի մասին, պաշտպանը սեփական դիրքորոշումը հայտնելուց հետո` հայտարարություն ցանկացավ անել. «Դե որ ինքը արեց, ես էլ պետք է անեմ»,- տեղից առարկեց տուժող կողմի ներկայացուցիչը. «Մենք էլ բան ու գործ չունենք, գործը քննելու տեղը գանք ձեր հայտարարությունները լսենք»,- զայրացած ասաց դատավորը:  Երբ պաշտպանը ներկայացնում էր դեպքի վայրում առկա հետքերը, տուժողի ներկայացուցիչը բորբոքվեց` նշելով, որ փաստաբանի արգումենտները բազմաթիվ անգամ լսել ենք. «Էս տեմպերով, որ շարունակենք 2015 թվականի վերջին գործի դատաքննությունը չի ավարտվի»: Նիստին լարված էին նաև տուժողներ Արթուր և Էմմա Հակոբյանները:  

Հիշեցնենք` Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել