Փաստաբան Նորայր Նորիկյանի բարեկամական հորդորը ՀՀ արդարադատության նախարարին

 Երբեմն մտածում եմ, որ ողջամտությունը կորցրած անձի, ավելի ճիշտ` պետական պաշտոնայի գործողություններին գնահատական տալը դուրս է ոչ միայն տրամաբանության, այլև բարեկրթության սահմաններից` նաև այն նկատառումով, որ ներդրածդ ջանքերն, այսպես, թե անյպես, դատապարտված են ձախողման:

Բայց որ այս մարդկանց համար անգործությունը դարձել է բառիս բուն իմաստով կենսակերպ, այլևս, գոնե ինձ համար, համոզմունք է:
ՀՀ արդարադատության նախարարությունում ամեն մի նոր նախարարի նշանակումից հետո որոշակի հույսեր են արթնանում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան հնարավոր է շտկել:

Անհուսալի այս լավատեսությունը մշտապես ավարտվում է հերթական խորը հիասթափությամբ:

Երբ լսում ես այս համակարգում իրականացվող բարեփոխումների շռնդալից ընթացքի և դրանցում արձանագրված հաջողությունների մասին, առաջին տպավորությունն այն է, որ մենք, բոլոր դեպքերում, ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում:

Որպեսզի ակնառու և առավել փաստարկված լինեն վերը նշված մտահոգությունները, անհրաժեշտ եմ համարում կոնկրետ օրինակով ցույց տալ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում աշխատող պաշտոնյաների, իմ գնահատականով, անգործության կոնկրետ դրսևորման հետ…

Ս.թ. սեպտեմբերի 10-ին /կոնկրետ դատապարտյալի գործով/ գրություն եմ ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին, օրինակը` ՀՀ ԱՆ քրեակատարողական նորանշանակ վարչության պետ` Ա. Օսիպյանին/` խնդրելով քննության առարկա դարձնել գրությամբ արծարծված մտահոգությունները, որոնք, թեև վերաբերում են կոնկրետ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությանը, այդուհանդերձ, նախարարի ուշադրությունն եմ հրավիրել դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրների վերաբերյալ ընդհանրապես, ընդգծելով, որ այդ ոլորտում, ցավոք սրտի, մենք գործ ունենք արմատավորված, մեղմ, ասած, ոչ ճիշտ պրակտիկայի հետ, որի հետևանքով, մեծ հաշվով, մշտապես խախտվում են դատապարտյալների իրավունքները:

Առավել առարկայացված նշել ենք, որ տարածված լուրերի համաձայն, իսկ փաստերը խոսում են այն մասին, որ այդ լուրերն այդքան էլ հեռու չեն իրականությունից, ներքին կարգով արգելք է դրված մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, պայմանական ազատում ընդհանրապես չի կիրառվում ՀՀ Քր. օրենսգրքի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով:

Թե ի՞նչ իրավական հիմնավորում կա այս ամենի ներքո, անհայտ է, և չի էլ կարող լինել:

Ավելին, նախարարի ուշադրությունն ենք հրավիրել նայև այն հանգամանքի վրա, որ պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի արատավորված պրակտիկայի, որոշակի հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ ըստ էության քողարկված արգելքի, պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով միջնորդություն ներկայացնող վարչական հանձնաժողովի որոշումների չպատճառաբանվածության, ոչնչով չսահմանափակվող հայեցողության գոյության պայմաններում մարդկանց մոտ առաջացել է արդարության նկատմամբ վստահության իսպառ բացակայություն:

Այդ կապակցությամբ թեև գործող իրավական կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը կարծեք թե բավարար են համակարգը բնականոն հունով աշխատեցնելու համար, սակայն գործնականում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում, ըստ էության, տիրում է բառիս բուն իմաստով հայեցողական որոշումների ընդունման մթնոլորտ:

Շատ դեպքերում, քննարկվող հարցի լուծման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց սուբյեկտիվ ընկալումները, ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների բացակայությունը, ինչպես նաև գործընթացին ներգրավված մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող չափորոշիչների և կայացվող որոշումների հիմնավորումները ստվեր են նետում համակարգի վրա ամբողջությամբ` հուսահատության եզրին հասցնելով դատապարտյալներին և վերջիններիս ընտանիքներին:

Վերջին հաշվով, չենք ուզում գիտակցել, որ դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը նրա իրավական կարգավիճակի կարևոր բաղադրիչներից մեկն է:

Ցավոք սրտի, պատճառաբանված և հիմնավորված պատասխանի փոխարեն ստանում ենք պատասխան գրություններ, որոնցում, բառիս բուն իմաստով, մեջբերված են լոկ իրավական նորմերի դրույթներ, պատկերավոր ասված` մարդիկ զբաղված են copy past-ով: Պատրաստել են իրենց համար պատասխան գրությունների շաբլոններ, փոխում են պարզապես անուն-ազգանունները և վերադարձնում, թքած, որ ամեն մի կոնկրետ գործով մի խեղված ճակատագիր է կանգնած…

Հարգելի պարոն նախարար

Ինչպես յուրաքանչյուր սերնդի, այնպես էլ յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տրված փոխել պատմության ընթացքը կամ դառնալ պատմություն…Դուք բացառություն չեք…

Ես Ձեզ բարեկամաբար հորդորում եմ` հանձնարարեք Ձեր ենթականերին, թող Ձեզ ներկայացնեն Ձեր աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի` 27.09.2014թ. թիվ 10/7159-14 գրության, ինչպես նաև քրեակատարողական վարչության ՍՀԻԱ բաժնի պետի` 24.09.2014թ. թիվ 40/12-2838 գրության կրկնօրինակները, և դրանց բովանդակությունը, խնդրում եմ, համադրեք մեր կողմից Ձեզ ներկայացված գրության բովանդակության հետ և հուսով եմ` պատկերն ամբողջական ու տեսանելի կլինի Ձեզ…

Ես Ձեզ բարեկամաբար հորդորում եմ, հանձնարարեք Ձեր ենթականերին` մեզ իրավաբանական խորհրդատվություն չտրամադրել` խորհուրդ տալով ուր դիմել, ինչպես դիմել, այն դեպքում, երբ ինքներս ենք Ձեզ ներկայացրել առկա խնդիրների առկայությունն ու դրանց լուծման` համակարգում տիրող խոչընդոտները` ընդգծելով բացառապես դրանց իրավական լուծման ճանապարհը…

Ես ինքս առաջին ծափահարողը կլինեմ, եթե Ձեր ենթականերն անգործության, կամ ձևականության, եթե կուզեք նաև` իմիտացիայի փոխարեն իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն…հավատացեք, այդ դեպքում շահելու են բոլորը, համակարգն` առավելևս…

Եվ վերջապես, ես Ձեզ բարեկամաբար հորդորում եմ զբաղվել լրջորեն` համակարգում առկա հիմնախնդիրները լուծելու համար:

Հակառակ դեպքում, հաջորդ նախարարը կրկնելու է նույնը, ինչ փորձում եք անել կամ ասել այսօր Դուք…

Հարգանքով`
Փաստաբան` Ն.Նորիկյան

Գրառումը` փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել