Ամբաստանյալը պատմեց հազարավոր դոլարների, հոր ինքնասպանության և իրեն ահաբեկող անձի մասին

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ ամբաստանյալին տրամադրել ժամանակ ցուցմունք տալուն նախապատրաստելու համար: Նույն նիստի ընթացքում ցուցմունք տվեցին երկու վկա, որոնցից մեկը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն էր:

Այսօրվա նիստին հարցաքննվեց ամբաստանյալ Արթուր Սարգսյանը: Նա ներկայացրեց իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ: Նա իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքի որևէ դրվագով, այնուհետև ներկայացրեց սեփական դիրքորոշումը` անդրադառնալով 2003 թվականից մինչև 2013 թվականը տեղի ունեցող իրադարձություններին: Իր և տուժողների հետ շփմանն առնչվող մանրամասները նա բաժանել է մի քանի դրվագների: Նա նաև պնդեց, որ չի հանդիպել Դավիթ Սարգսյանի հետ.

«Ես իմ կյանքի ընթացքում երկու անգամ եմ եղել կառավարության շենքում: Ես չեմ ճանաչել Դավիթ Սարհգսյանին: Նրա շուրջ ծավալված սցենարը շատ պրիմիտիվ է: Դավիթ Սարգսյանին առերես տեսել եմ միայն դատարանում»,- շեշտեց ամբաստանյալը:

Նա պատմեց, որ մինչև 2005 թվականը աշխատել է Երևանի քաղաքապետարանում, զուգահեռ զբաղվել գործարարությամբ, մասնավորապես թվով չորս գիշերային ակումբներ է ղեկավարել: 2005 թվականին նրան հրավիրել են ԱԱԾ, այնուհետև Գլխավոր դատախազություն, որից հետո ազատվել է աշխատանքից, կորցրել է բիզնեսը: 2007 թվականից բացել է հացատուն, հանդիպել գործով տուժող «Էլգա» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Գասպարյանին, ով տեղեկացրել է, որ «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության կողմից գովազդային վահանակներ պատրաստելու պատվեր ունի, ամբաստանյալը նրա այս պատվերը կատարում է, այնուհետև, 2008 թվականին պայմանագիր են կնքում, ամբաստանյալը արտադրամաս է հիմնում և արտադրում վահանակներ, իսկ Էդուարդ Գասպարյանն իրեն ապահովում է պատվերով և 19 մլն 600 հազար ՀՀ դրամ գումար է նրան փոխանցում, սկսում են արտադրությունը:

Մեկ առ մեկ ամբաստանյալը թվեարկում էր մյուս տուժողների ծանոթության մանրամասներն ու մեղադրանքում առկա գումարի չափը, օրինակ` անդրադառնալով գործով տուժող Հակոբ Գրիգորյանի դրվագին նա ասաց. «Հակոբ Գրիգորյան. 85 ԱՄՆ դոլար»,- Մեղադրողը տեղից շտկեց՝ հազար. «Այո, 85 հազար ԱՄՆ դոլար»:

Այնուհետև նա անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին` նշելով, որ քրեական գործով նախաքննող մարմինը չի ձեռնարկել հնարավոր բոլոր մեխանիզմները` գործի անաչառ քննության համար. «Նախաքննությունն ընթացել է բացառապես մեղադրական թեքումով, չեն ստուգվել իմ պատճառաբանությունը: Նախաքննող մարմինը նաև ուշադրություն չի դարձրել մեկը մյուսին հակասող ցուցմունքներին»,- ասաց նա:

Ամբաստանյալն անդրադարձավ նաև իր անվանափոխման հանգամանքներին: Հիշեցնենք` տուժողներն իրենց ցուցմունքներում պնդել էին, որ Արթուր Սարգսյանը ներկայացել է, որպես իտալահայ բիզնեսմեն և ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ. «Այս իրավիճակը ստեղծվել է մի անձնավորության թեթև ձեռքով, ես չեմ նշի այդ մարդու անունը՝  իմ և իմ ընտանիքի անվտանգության նկատառումից ելնելով: 2008 թվականի դեկտեմբեր ամսին մասնակցում էի մի խնջույքի, ընդհանուր շրջապատում խոսում էինք մեր բիզնեսներից, ես էլ պատմեցի իմի մասին: Ծանոթացա մի անձնավորության հետ, նա նույնպես բիզնեսմեն էր, ես մանրամասն պատմեցի իմ բիզնեսի մասին, ասելով որ հաջողություն կհասնի բիզնեսում, եթե ներդրումներ շատ լինեն: Այդ անձնավորությունն ասաց, որ իր շրջապատում մեծահարուստներ կան ու ինձ կօգնի: Մենք հանդիպեցինք առավոտյան, նա ասաց, որ ունի երիտասարդ որդի, չի ցանկանում, որ նա այդ տարիքում շատ շփվի իր տարեկիցների հետ, ցանկանում է, որ նա ողջ օրը զբաղված լինի գործով, համաձայն է այդ դեպքում առաջարկը ընդունել: Ես համաձայնվեցի, նշված պայմանագիրը նոտարով բաժանեցինք բաժնեմասերի»,- այնուհետև ամբաստանյալը պատմեց, որ որոշ ժամանակ անց նշյալ անձը իրեն զանգահարում է և հայտնում, որ մեծ գումարներ կարող է ներդնել, սակայն միայն մի պայմանով, որպեսզի ամբաստանյալը 50-50 բաժնեմասը փոփոխի և դարձնի 70-30 տոկոսադրույքով, որից 30-ը Արթուր Սարգսյանին, վերջինս հրաժարվում է. «Նա ինձ ժամանակ տվեց մի երեք օր, որպեսզի խելոք համաձայնվեմ, հակառակ դեպքում կկործանի ինձ»: Արթուր Սարգսյանը նաև պատմեց, որ ինքը որոշում է հեռախոսն անջատել և քաղաքից բացակայել, որպեսզի նշյալ անձը հասկանալով, որ առանց իր մասնակցության չի կարող աշխատեցնել արտադրամասը` փոշմանի: Սակայն ամբաստանյալի խոսքերով` օրեր անց զանգում է ընկերոջը, ով հայտնում է. «Որ իմ բացակայության օրը մի խումբ ջահելներ լցվել են մեր տուն, վայրենաբար ինձ են հարցրել, հայտարարել, որ մեծ պարտքեր ունեմ, հորս վերցրել են, երկու օր հորս չեն տեսել, իսկ հետո նա ինքնասպանություն է գործել»:

Այնուհետև ամբաստանյալը պատմեց, որ ինքը որոշել է անունը փոխել, որպեսզի չնկատվի այդ անձի կողմից: Այս ամենից հետո նա կրկին շարունակում է ձեռնարկատիրական գործունեությունը: Այսօրվա դատական նիստին ամբաստանյալին հարցաքննեցին նաև նրա պաշտպանն ու մեղադրողը: Վերջինս նաև միջնորդությամբ հանդես եկավ, որպես վկա հերթական անգամ հարցաքննել Գեղամ Օհանյանին, ում հետ կնքվել է պայմանագիր գովազդային վահանակների և մետաղական կոնստրուկցիաների պատրաստման վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց` նշանակվելով ամսի 8-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել