Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հենց սա էլ հիմք ընդունեց, որպեսզի նրա արաքը որակի ոչ թե սպանություն ուղղակի, այլ անուղղակի դիտավորությամբ. Երեմ Սարգսյան

«Վերաքննիչ բողոքով խնդրում ենք, որպեսզի Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը և Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչի ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ 2-րդ և 3-րդ մասերով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը)` նշանակելով արդար պատիժ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա` դատավարության ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Դավիթ Խաչատրյանին դատապարտելու հարցում ինչ-որ պետական մեխանիզմ է աշխատել. «Մենք տեսանք ՊՆ-ի, դատախազության, դատարանի միահամուռ աշխատելաոճը, որ որոշված էր Դավիթ Խաչատրյանին դատապարտել նման ծանր պատժի այն պայմաններում, երբ բացարձակ հիմնավորում չկար»:

Այնուամենայնիվ փաստաբանը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը ուժ կգտնի իր մեջ վեր կանգնել այդ ամենից և չի անի ամեն բան, որպեսզի գոհացնի տուժող կողմին. «Կարծում ենք ի վերջո արդարություն կլինի»:

Փաստաբանը մեզ հետ զրույցում ընդգծեց այն հանգամանքը, որ մեղադրական եզրակացության համաձայն` Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի կողմից հնչեցված հայհոյանքից հետո, իր ԵՍ-ը գերադասելով, մարդու կյանքը արհամարհելով, ուղղակի դիտավորությամբ, Լյուքս Ստեփանյանին սպանելու նպատակով կրակել է և սպանել նրան: Հնչեցված կրակոցի հետևանքով Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել նրա առողջությանը:

«Մենք փորձում էինք դատարանին դատաքննության ողջ ընթացքում վերլուծություններով ցույց տալ, համոզել, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու որևէ շարժառիթ չի ունեցել: Հնչեցված հայհոյանքներն ընդամենը կատակ են եղել: Դրա համար որևէ մեկը որևէ մեկին չէր սպանելու տվյալ իրադրությունում, իսկ այդ կրակոցը նա դիտավորյալ չի կատարել»,- ասաց Երեմ Սարգսյանը` հավելով. «Մենք այս ամենը հիմնավորել ենք: Դատարանը տեսնելով, որ մեր ամբողջ ասվածը համապատասխանում է իրականությանը, բայց քանի որ հոդվածը փոխելու խնդիր կար` պետք է դատապարտվեր սպանության հոդվածով, դատարանը կայացրած դատավճռում նշեց հետևյալը` դատարանը հիմնավորված է համարում, որ Դավիթ Խաչատրյանը տուժողներին, մասնավորապես Լյուքս Ստեփանյանին սպանելու նպատակ չի ունեցել, չի ցանկացել, որ իր ընկերները վնասվեն, Լյուքս Ստեփանյանը մահանա, բայց այդքանով հանդերձ դատարանը հաստատված համարեց, որ Դավիթ Խաչատրյանը ձգանը դիտավորյալ է սեղմել: Հենց սա էլ հիմք ընդունեց որպեսզի նրա արաքը որակի ոչ թե սպանություն ուղղակի, այլ անուղղակի դիտավորությամբ»:

Փաստաբանի խոսքով` շատ կարևոր է այն, որ Դավիթ Խաչատրյանն իր ցուցմունքում հստակ նկարագրել էր, թե ի՞նչ հանգամանքներում է այդ պատահական կրակոցը եղել, և որ ինքը ձգանը դիտավորյալ չի սեղմել: Մինչդեռ դատարանը նշել է, որ Դավիթ Խաչատրյանի ցուցմունքնեը անարժանահավատ են` չնայած որ նրա բոլոր ասածները հաստատվել են գործով առկա մյուս ապացույցներով:

«Դատարանը չի հերքել մեր ասածը, քանի որ ապացույցները գործում առկա են, բայց որպեսզի հոդվածը չփոխի, առանց որևէ հիմնավորման ավելացրել է վերջին դրվագը` որ ձգանը դիտավորյալ է սեղմել»:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով դատապարտվել է 17 տարի ազատազրկման:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել