Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանի արած հետևությունները մեղադրական դատավճիռ կայացնելու հիմք չեն կարող լինել. փաստաբան

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով`  այս քրեական գործի մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքի հիման  վրա, իսկ մեղադրանքի հիմքում դրված մյուս նյութերը, որոնք կոչված են հիմնավորելու վերջինիս ցուցմունքը` կրում են ֆակուլտատիվ բնույթ և հակասում են Գալուստյանի ցուցմունքներին:

Պաշտպանական կողմի միջնոդությունը բավարարելով` առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել որպես մեղադրյալ հարցաքննված Արտաշես Գալուստյանի նախաքննական ցումունքը և Աշոտ Առուշանյանի հետ առերես հարցաքննության արձանագրությունը հանել մեղադրանքի հիմքից՝ համարելով անթույլատրելի ապացույց:

«Այս քրեական գործի դատավճռով վկայակոչված, իբրև Առուշանյանի մեղքը հիմնավորող դատարանի ենթադրությունները, ամբողջությամբ բխում են դատարանի կողմից անթույլատրելի ճանաչված ապացույցներից: Դրանք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Դատարանի կողմից դատավճռում Աշոտ Առուշանյանի մեղքը հաստատված լինելու մասին մյուս պատճառաբանությունները զուտ ենթադրության արդյունքներ են, և դրանք չեն բխում գործով հետազոտված ապացույցներից, դրանցով դատարանը կարծես թե անմեղության ապացուցման բեռը դրել էր պաշտապանության կողմի վրա»,- նկատեց փաստաբանը:

Ըստ նրա `եթե հաստատված չէ այն փաստը , որ Աշոտ Առուշանյանը տեղյակ է եղել կատարվելիք գողության մասին, ինչպես նաև հաստատված չէ, որ որևէ տեղեկություն է տվել հանցագործության կատարումը թույլ տալու համար, ապա դատարանի արած հետևությունները չեն կարող հիմք լինել մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

«Արտաշես Գալուստյանը ձերբակալվելուց հետո տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, սակայն դրանցից որևէ մեկում  Աշոտ Առուշանյանի կողմից իրենց տեղեկություններ տրամադրելու մասին չի խոսել: Ավելին ասել է.  « Ինձանից ու Էդգարից բացի ոչ մեկ դրա մասին չի իմացել»»:

Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, Աշոտ Առուշանյանի դեմ Արտաշես Գալուստյանը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել` ազատություն ստանալու նպատակով: Վերջինիս հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն խցում պահվել է նաև Տիգրան Առաքելյանը:

«Իմ ասածի մասին է վկայում նաև դատաքննության ընթացքում հարցաքննված Տիգրան Առաքելյանի ցուցմունքը: Վերջինս դատարանին է հայտնել, որ Արտաշես Գալուստյանը ազատվելու նախորդ օրը և այդ օրը հստակ ասում էր, որ ինքը տուն է գնալու, իր խափանման միջոցը փոխելու են: Նույնիսկ նշել է, որ ուզում են, որ ինքը երրորդ անձի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տա, որից հետո նոր իր խափանման միջոցը կփոխեն: Այս խոսակցության հաջորդ օրը հսկիչը եկել է և տարել է Գալուստյանին, որից հետո այլևս չի վերադարձել: Հատկանշական է, որ Տիգրան Առաքելյանն այս ցուցմունքը տվել է ոչ այս գործի շրջանակներում, այլ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող Պետրոս Գալուստովին և Արատշես Գալուստյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործի շրջանակներում: Միայն դրանից հետո է նա այս գործով հարցաքննվել առաջին ատյանի դատարանում»:

Տիգրան Առաքելյանի տված ցուցմունքը հաստատել են նաև նույն խցում գտնվող Հայկ Թադևոսյանը և Անդրեյ Մազիևը: Նրանց ցուցմունքները ևս ուսումնասիրվել են դատարանում` կցված են Պետրոս Գալուստովին և Արատշես Գալստյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործին:

Նախաքննության ժամանակ, երբ պաշտպանական կողմը վիճարկել է Աշոտ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը, քննիչը և մեղադրողը հայտնել են, որ հանցագործությանը մասնակից այլ անձինք էլ կան, որոնց ինքնությունը պարզված չէ:

«Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է Արատշես Գալուստյանը օժանդակել հանցագործության բացահայտմանը և մերկացրել հանցագործության մասնակիցներին, եթե դեռևս ինքնությունը չբացահայտված այլ մարդիկ էլ կային»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Նա չբացառեց այն հանգամանքը, որ կարող էին լինել նման մարդիկ, հաշվի առնելով նաև այն, որ նրանցից մեկի փոխարեն արդեն 2 տարի է ակնհայտ անհիմն մեղադրանքով կալանքի տակ է պահվում Աշոտ Առուշանյանը:

Դատական նիստը հետաձգվեց`նշանակվելով օգոստոսի 11-ին:

 Արև Ավագյան

Իրավաբան.net

 

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել