Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորը դատավճռի հիմքում դրել է անձնական ենթադրություններ և չփարատված կասկածներ. փաստաբան

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանի և Ռաֆիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով:

Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Դատարանում Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս թույլ է տվել դատավարական և նյութական իրավունքի խախտումներ: Մասնավորապես չի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, իսկ հետազոտած ապացույցներն էլ չեն արժանացել ճիշտ գնահատման. «Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ` հետևաբար ենթակա է բեկանման: Սույն քրեական գործը լուծելիս չեն պահպանվել ՀՀ սահմանադրության և քրեական օրենսգրքի մի շարք պահանջներ: Դատարանում չեն հարցաքննվել դատակոչված 4 վկաներից 3-ը` Կարեն Մկրտչյանը, Արաքս Հարությունյանը և Արթուր Կարաքեշիշյանը, ինչպես նաև նախկին մեղադրյալ, այժմ հանգուցյալ Արտաշես Գալուստյանը»:

Պաշտպանի խոսքով` Արտաշես Գալուստյանից վերցված նախաքննական ցուցմունքը դատարանում հրապարակվել է և դրվել մեղադրական դատավճռի հիմքում (հեղ. նախաքննության ժամանակ հանգուցյալ վկայի և ամբաստանյալի միջև առերեսում տեղի չի ունեցել): Վերջինս նկատեց` Էդգար Կարաքեշիշյանին դատարանը մեղավոր է ճանաչել բացառապես դատարանում չհարցաքննված վկաների և հանգուցյալ, նախկին մեղադրյալ Արտաշես Գալուստյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա. «Դատավորը դատավճռի հիմքում դրել է անձնական ենթադրություններ և չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեին հօգուտ ամբաստանյալի և ոչ ի վնաս նրան»:

Ռաֆիկ Սաֆարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատարանը ոչ մի կոնկրետ ապացույցով չի հիմնավորվել և դատավճռում չի նշել, որ Էդգար Կարաքեշիշյանը Արտաշես Գալուստյանի հետ Աշոտ Առուշանյանի օժանդակությամբ ուղղակի դիտավորություն են ունեցել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի ավտոմեքենայից գումար գողանալու: Գործով նման կոնկրետ ապացույց չկա: Ինչ վերաբերում է Արատշես Գալուստյանի հետ հեռախոսազանգերին, ապա դրանք ևս որևէ կերպ ապացուցված չեն, քանի որ չի նշվում, թե կոկրետ ինչ են խոսել ու ինչի մասին»:

Եզրափակելով խոսքը` փաստաբանը ասաց, որ և՛ նախաքննության, և՛ դատաքննության ժամանակ խախտվել է Էդգար Կարաքեշիշյանի պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքը. «Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Ենթադրենք, եթե անգամ արել է: Մարդը, որ առաջին անգամ է նման բան անում, 7 տարի ազատազրկո՞ւմ են տալիս: Այսինքն` ինչքան խիստ եմ պատիժ նշանակում, դուրս է գալիս, որ իմ նշանակած դատավճիռն օրինական է: Պատիժ նշանակելիս պետք է ելնել նաև մարդասիրության սկզբունքներից: Այս գործը ՄԻԵԴ-ը անպայման կբեկանի: Ճիշտ կլինի, որ Վերաքննիչ դատարանը ինչքան հնարավոր է ճիշտ եզրակացության գա և ապահովի վկաների ներկայությունը»:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 8-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել