Պայքարենք կոռուպցիայի դեմ համատեղ. հակակոռուպցիոն ուսուցում Երևանում

Քաղաքական կամք գումարած հասարակության անհանդուրժողականություն հավասար է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար: Իհարկե, կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար սա վերջնական բանաձև չէ, սակայն կարևոր նախապայման է:

Կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում գիտելիքներ ունենալն անհրաժեշտ է: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում են կազմակերպել Երևանի ՔՀԿ-ների համար: Սա Երևանում կազմակերպված թվով 4-րդ սեմինարն է:

«Դուք գիտեք, թե որքան ցածր է բնակչության իրավագիտակցության մակարդակը, կարելի է ասել, որ բնակչությունը հակված է կոռուպցիայի, որպեսզի կարողանա իր հարցերը «հեշտ» ու «կարճ» ժամկետներում լուծել»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն:

Յուրաքանչյուր մասնակից կոռուպցիայի դեմ պայքարի իր տեսլականն է ներկայացնում. որքանո՞վ է արդյունավետ իրականացվում դրա դեմ պայքարը:

«Կարծում եմ ոչ միայն պետությունը, այլ նաև հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքական կուսակցություններն ու հասարակությունն ընդհանրապես պետք է պայքարի կոռուպցիայի դեմ»,- ասաց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն ՀԿ-ի ներկայացուցիչ Սամսոն Խաչատուրյանը:

«Որքանով, որ տեղեկացված եմ այդքան էլ արդյունավետ չի իրականացվում, բայց միանշանակ այն տեսակետը չեմ պնդի, որ որևէ գործողություն չի իրականացվում»,- նշեց Սոցիալական արդարություն ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Առաքելյանը:

«Պետք է կամք լինի պետության կողմից և հասարակության, բայց առաջին հերթին պետությունը պետք է ստեղծի հաստատություններ, ինստիտուտներ, որոնք կզբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով»,- հայտնեց Ինտեգրացիայի և ժողովրդավարության հայկական կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Լուսինե Զակալաշվիլին:

«Ինձ թվում է` անարդյունավետ է իրականացվում, դրա համար էլ ես այստեղ եմ, դրա համար եմ ես մասնակցում այս հակակոռուպցիոն սեմինարին, դրա համար եմ ես թողել բոլոր գործերս ու հիմա «վիզ եմ դնում», ջանում սովորելու բոլոր այն գործիքները, որոնք ինձ կօգնեն դեմն առնելու այդ չարիքի»,- կես կատակ, կես լուրջ նշեց «ԱրմՔոմեդի» պատմամշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը:

Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության ծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ:

Սերգեյ Սարգսյանին սեմինարից առավել շատ հետաքրքրել է Կառավարության ծրագիրը: Վստահ պնդում է` հետևելու է Կառավարության ծրագրի կետերի իրականացմանը, ապա կատակում` եթե Կառավարությունը չկարողանա իրականացնել ծրագիրը, ապա կսկսվի իր կյանքի ամենաուրախ շրջանը. կսկսի «ԱրմՔոմեդի» հաղորդման շրջանակներում քննադատել իշխանություններին:

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Ընտրանի

Իրադարձություններ