Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը բավարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործի քննությունն այսօր սկսվեց ամբաստանյալի հայտարարությամբ, ապա նույն թեմայի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` հիշեցնելով, որ նախորդ դատական նիստի ժամանակ տուժող կողմն ու նրա հարազատները սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին, և դատավորը պարտավոր էր դիմել դատախազին քրեական գործ հարուցելու պահանջով:

«Սույն դատարանի շենքի բակում տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից հրահրված վեճի արդյունքում տուժողները շարունակեցին սպառնալիքներ հնչեցնել` մասնավորապես պնդելով, որ իրենք քաղաքում կհանդիպեն ինձ և կիրականացնեն իրենց սպառնալիքները: Այնուհետև Աբովյան քաղաքից դեպի Երևան քաղաք ուղևորվելու ժամանակ ավոտմեքենան, որի մեջ գտնվում էր տուժողը, կտրեց իմ ավտոմեքենայի առաջը և տուժող Արթուր Հակոբյանը, գլուխը հանելով ավտոմեքենայի առջևի ձախ ուղևորի դռան ապակու հատվածից, շարունակեց իմ հասցեին հնչեցնել սպառնալիքներ»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը հավելելով, որ ըստ իր կարծիքի` տուժող կողմի նման պահվածքը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց ցուցմունքներում հնչեցրել են փաստեր, որոնք իրականում դեպքի նախորդող պահին տեղի չեն ունեցել:

Ըստ պաշտպանի` տուժող կողմը մտածում է, որ ինքն է խանգարում ճշմարտությունը թաքցնելուն, որոշել են սպառնալիքների միջոցով խոչընդոտել իր մասնագիտական պարտականությունները կատարելուն:

«Իրականում Արթուր Հակոբյանին պատկանող մեքենան մինչև վթարը չի փչացել, իրականում, հարգելի դատարան, իր ավտոմեքենան կողնակում կանգնած չի փորձել գազ տալ ավոտմեքենան վերանորոգելու նպատակով, իրականում վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, այլ ոչ թե կողնակում: Իրականում Արթուր Հակոբյանը բաց է թողել Աշտարակ տանող ճանապարհը և, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարի նախորդող պահին հետադարձ կատարելով փորձել է վերադառնալ դեպի Աշտարակ տանող ճանապարհի մուտքը, որպեսզի ուղևորվի իր տուն»,- թվարկեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա միջնորդեց իր անձի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառել:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ տուժող կողմի պահվածքը վրդովմունքից է առաջացել և հավաստիացրեց, որ Նիկոլայ Բաղդասարյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:

«Հարգելի դատարան, ինձ համար պարզ դարձավ, թե կողմերի միջև ինչո՞ւ է թշնամանք սերմանվում. դրա մեջ մեծ լումա է դնում Նիկոլայ Բաղդասարյանը: Նիկոլայ Բաղդասարյանին որևէ վտանգ չի սպառնում, սա ընդամենը նրա աշխատելաոճն է. զրպարտել մյուս կողմի ներկայացուցչին` ի դեպ ինձ, և ես այս խնդիրը բարձրացնելու եմ: Արթուր և Հայկ Հակոբյանները վրդովված են Նիկոլայ Բաղդասարյանի այն առաջարկից, որ ընդունեն, թե «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետընթաց է կատարել և որևէ խնդիր չեն ունենա: Ես պատասխանել եմ, որ անբարոյական առաջարկ է, բայց փոխանցել եմ կողմին առաջարկը»,- ասաց Ռուբեն Բալոյանը` առարկելով միջնորդության դեմ:

Իսկ դատախազ Արթուր Սարգսյանը միջնորդությունը բավարարելու կամ մերժելու հարցը թողեց դատավորի հայեցողությանը:

Դատավորը կարծիք հայտնեց, թե այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոյանի գործը վերաբերելիս լինի երկու փաստաբաններին: «Հիմա այստեղ անձնական խնդիրներ լուծելու դաշտ չէ. ամբողջ օրը մենք լսում ենք, որ պարոն Բալոյանն այսպես ասաց, պարոն Բաղդասարյանն այսպես ասաց. չէ, մենք պետք է լսենք վկաներին, հետազոտենք ապացույցները»,- Ռուբեն Բալոյանին ընդհատեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

Դատարանը որոշեց անձի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառել` պաշտոնապես գրավոր նախազգուշացնել Արթուր և Հայկ Հակոբյաններին, համապատասխան ստորագրություններ վերցնել, իսկ նա, ով դատարանում սպառնալիքներ էր հնչեցրել, հաղորդում ներկայացնել ոստիկանության Կոտայքի բաժին:

Սկսվեց վկաների հարցաքննությունը:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել