Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես մեքենայի մեջ նստած 180 աստիճան ֆռացել եմ». Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը ցուցմունք տվեց

Դերասան Վարդան Պետրոսյանի գործի շրջանակներում այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ցուցմունք տվեցին տուժող Հայկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, տուժողների իրավահաջորդներ Աննա Կարապետյանը և Նաիրա Հայրապետյանը:

Հայկ Հակոբյանը դատարանին հայտնեց, որ դեպքի օրը` Ծաղկաձորից Աշտարակ վերադառնալիս, ինքը նստած է եղել եղբոր` մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի կողքին: Իրենց մեքենան դանդաղ է շարժվել, ինքն ու եղբայրը խմած չեն եղել: Մեքենան կանգնել է հողածածկ գոտում 5-10 վայրկյան, եղբայրը մեքենայից չի իջել, մի քանի անգամ գազ է տվել մեքենան:

«Հսկայական արագությամբ մեքենան եկավ… մեքենան ֆռացել է 180 աստիճան: Ես մեքենայի մեջ նստած 180 աստիճան ֆռացել եմ: Աչքերս բացել եմ, դեմքով եղել եմ դեպի երեխեքը, մեջքով դեպի «պարբրիսը», ոտերս վերև, ես ընկել եմ ներքև: Ուշքի ենք եկել, ուզեցել ենք դուռը բացել, չենք կարողացել, ուզեցել ենք ջարդել պատուհանը, բայց քանի որ ձախ ոտս էր ապակու կողմը, չէի կարողանում ջարդեի: Տենց սիգնալ ենք տվել, գոռացել ենք օգնություն, եկել են, հանել են: Իջել ենք ավտոյից, մեքենան լռիվ ուրիշ դիրքով է կանգնած եղել: Տենց երեխեքին հանեցին, տարան Շտապօգնությունով, ինձ էլ ուրիշ մեքենա դրեցին, տարան»,- դեպքի մասին պատմեց Հայկ Հակոբյանը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանի հարցին ի պատասխան նշեց, որ քաղհայցի մասով իրենց փաստաբանը միջնորդություն կներկայացնի ավելի ուշ:

Դատախազ Արթուր Սարգսյանը հարցրեց, թե արդյոք տուժողը հիշում է` մեքենայի մեջ ով որտե՞ղ է նստած եղել, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Էդգարս` իմ տղան, իմ հետևն էր նստած, կողքը Էդոն էր նստած, հետո Էմուլը, հետո Տաթևը: Ես էլ` դեմը»:

Պաշտպանական կողմը տուժողին հարցեր չուներ: Նրա հարցաքննությունն ավարտվեց:

Տուժող Էմմա Հակոբյանը նշեց, որ դեպքից շատ մանրամասներ չի հիշում, քանի որ շոկային վիճակում է եղել: «Մենակ հիշում եմ էն, որ ահավոր վատ վիճակ էր, երեխաներն անգիտակից էին. մենք իրենց գիտակից վիճակում չենք տեսել, պապան ու հոպարն էլի գիտակից էին, բայց ի վիճակի չէին տեղաշարժվել ինքնուրույն»,- նշեց տուժողը:

Դատախազ Արթուր Սարգսյանը հարցրեց, թե արդյոք տուժողը հիշում է, թե որտե՞ղ է նստած եղել մեքենայում, Էմմա Հակոբյանը պատասխանեց. «Այո, հիշում եմ: Պապայի հետևում նստած էր Էդգարը, իրա կողքը Էդոն էր, մեջտեղի հատվածում ես էի, իմ կողքը` Տաթևը»:

Նա երթևեկության նկատմամբ ուշադիր չի եղել. տղաներն իրար հետ են խոսել, ինքն ու Տաթևը հեռախոսով են զբաղվել: Պաշտպանական կողմի այն պնդումը, թե ինքը նստած է եղել մեքենայի առջևի երկու նստատեղերի արանքում, չի համապատասխանում իրականությանը:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց, թե արդյոք Էմմա Հակոբյանը ճանաչում է Սիրանույշ Տռուզյանին: Տուժողը պատասխանեց, որ իր ծանոթներից է: Պաշտպանը նշեց, որ քրեական գործի նյութերին է կցված մի փաստաթուղթ, որը հարցազրույց է արված լրատվական կայքերից մեկի կողմից որպես Էմմա Հակոբյանի ընկերուհի ներկայացած Սիրանույշ Տռուզյանի հետ: Հենց նա է հարցազրույցում ասել, որ Էմման նստած է եղել մեքենայի առջևի երկու նստարանների արանքում:

«Էմման դեպքով դեպի երեխեքն ա նստած եղել, մեջքը ցավալուց ա եղել, Էդգարին ասել ա, Էդգար արի նստի իմ տեղը, մեջքս ցավում ա, Էդգարն ասել ա չէ: Երկու ախպեր` հոպարի տղա, շատ կապված են եղել իրար հետ: Ասում ա չէ, Էդոյիս հետ պետք է նստեմ…»,- հարցազրույցից այս հատվածն ընթերցելու ժամանակ դատարանում իրավիճակը լարվեց և Արթուր և Հայկ Հակոբյանները սկսեցին վիրավորական խոսքեր ուղղել Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին:

Դատարանում միջադեպ տեղի ունեցավ: Էմմա Հակոբյանն ավելի ուշ հայտնեց, որ ինքը նման բան չի ասել Սիրանույշ Տռուզյանին, քանի որ այդ աղջկա հարցազրույց տված ժամանակ ինքն ի վիճակի չի եղել խոսելու, մանրամասներ պատմելու:

Հաջորդը դատարանում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը: Նա հայտնեց, որ ինքն ու Նաիրա Կարապետյանը սպասում էին Ծաղկաձորից վերադարձող իրենց ընտանիքի անդամներին, ուշացել են, զանգել են, չեն պատասխանել, ավելի ուշ իր եղբայրն է պատասխանել զանգին, իրենք մեկնել են հիվանդանոց:

«Արթուրը հիվանդանոցում գիտակից վիճակում էր, բայց ամբողջությամբ վիրակապերի մեջ էր, Տաթևը վատ վիճակում էր, գիտակցություն ուներ, Էդոն անգիտակից էր, շատ վատ էր, բայց իմ տղային ես տենց էլ չեմ տեսել: Հետո աղջկաս` Էմմաի հետ հեռախոսով խոսեցի, ասեց, որ ինքն ու հայրը լավ են. մյուս երեխեքի մասին էլ ասում էին կոմայի մեջ են, կարթնանան. իմ տղան արդեն չկար, ես չգիտեի, առավոտն եմ իմացել: Մի քանի օր հետո կարողացել ենք լսել, թե ոնց է կատարվել դեպքը: Ես դեպքից 3-4 օր հետո եմ իմացել, որ Վարդան Պետրոսյանն է եղել»,- նշեց Աննա Կարապետյանը:

Մյուս տուժողի իրավահաջորդ Նաիրա Կարապետյանը դատարանին հայտնեց, որ ավտովթարի մասին տեղեկանալուց հետո ինքը խոսել է Էմմայի հետ, նա ասել է, որ լավ է, իրենք էլ մտածել են, որ բոլորն էլ նման թեթև վնասվածքներ են ստացել:

«Արթուրի պես օրինապահ վարորդ երևի թե քաղաքում չկա. ինքն առանց հայելի երբևէ դուրս չի եկել ճանապարհ. 4 երեխան մեքենայի մեջ, նա չէր կարող առանց հայելի, մեքենան անսարք կամ խմած դուրս գար ճանապարհ. դա խելքին մոտիկ բան չի»,- նշեց Նաիրա Կարապետյանը` պատասխանելով Ռուբեն Բալոյանի այն հարցին, թե պաշտպանական կողմը շատ է շահարկում այն փաստարկը, թե մեքենա կողային հայելիներ չի ունեցել:

Հաջորդ դատական նիստի կհարցաքննվեն վկաները:

Նշենք նաև, որ այսօր Վարդան Պետրոսյանը, արձագանքելով Ռուբեն Բալոյանի դիտարկմանը, թե նախկինում քննիչը հարցաքննություն չէր անցկացնում դեպքի մասակիցների հետ մինչև մահացածների 40 օրը լրանալը, հայտարարեց, որ Բալոյանը ճիշտ է ասում. ճիշտ չէ վթարի ենթարկված մարդուն անմիջապես հարցաքննել։

«Այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է»,- հավելեց դերասանը:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել