Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ճակատիցդ գյուլելու եմ». սպառնում են Վարդան Պետրոսյանի պաշտպանին

Վարդան Պետրոսյանի գործով տուժող Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ իրավիճակը սրվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցից հետո: Նա հարց ուղղեց Էմմա Հակոբյանին, թե արդյո՞ք լրատվամիջոցներից մեկում հարցազրույց տված և որպես նրա ընկերուհի ներկայացած Սիրանույշ Տռուզյանին ճանաչում է տուժողը:

Պաշտպանը մեջբերեց հարցազրույցում նշված խոսքերը, թե Սիրանույշ Տռուզյանի տեղեկություններով՝ Էմմա Հակոբյանը նստած է եղել մեքենայի առջևի երկու նստատեղերի արանքում՝ դեմքով դեպի հետևի նստարանում նստած երեխաները: Էմմա Հակոբյանը խնդրել է տղաներից մեկին փոխվել տեղերով, սակայն հետևի նստարանում նստած երկու տղաներից ոչ մեկն էլ չի համաձայնվել՝ նշելով, թե իրենք իրար կողք պետք է նստեն: Սիրանույշ Տռուզյանը հայտնել է, որ հորեղբոր երկու որդիները շատ կապված են եղել իրար հետ:

Այդ մասին տված հարցազրույցից հատված ընթերցելուց հետո տուժող կողմը բարկացավ. Արթուր Հակոբյանը տեղից հայտարարեց.«Իրար հետ շատ էին կապված, դրա համար էլ երկուսին էլ տարաք»:

Նիստերի դահլիճում ներկա գտնվող անձինք սկսեցին խոսել տեղից: Դատարանը սանկցիա կիրառեց տուժողներ Արթուր և Հայկ Հակոբյանների նկատմամբ և 4 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից :

«Ճակատիցդ գյուլելու եմ»,- բղավեց տուժող կողմի հարազատներից մեկը՝ նայելով Նիկոլայ Բաղդասարյանին: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատական կարգադրիչներին կարգադրեց ճշտել անձի ինքնությունը: Նա հեռացավ դատական նիստերի դահլիճից:

Նկատողություն ստացավ նաև պաշտպանական կողմի ծանոթներից մի քաղաքացի:

Դեպքից հետո Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին միջադեպի առթիվ քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն ուղարկել դատախազություն ՝ նշելով, որ դա անհարգալից վերաբերմունք է իր անձի նկատմամբ: «Ես երկար ժամանակ համբերել եմ՝ հասկանալով մարդկանց վիշտը»,- նշեց պաշտպանը:

«Երկրորդ դատավարություն ես չեմ ների ինձ, ես խնդրում եմ այդ միջնորդությունը հետ վերցնել, թախանձագին խնդրում եմ, համարեք, որ այդ հայհոյանքներն ինձ են ուղղված»,- միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց Վարդան Պետրոսյանը՝ դիմելով Նիկոլայ Բաղդասարյանին: Նա նշեց, որ մարդիկ վշտի մեջ են ու նոր խնդիրներ ստեղծել պետք չէ:

Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց միջնորդությունը: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ Նիկոլայ Բաղդասարյանն իր հարցերի ձևակերպմամբ է նպաստում, որ տուժող կողմի նյարդերը տեղի են տալիս:

«Այդ հարցերը կարելի է ձևակերպել այնպես, որ վրդովմունք չառաջանա»,- նշեց Ռուբեն Բալոյանը:

Էմմա Հակոբյանը հայտնեց, որ ինքը Սիրանույշ Տռուզյանին չի ճանաչում ու դեպքի վերաբերյալ ոչինչ չի պատմել նրան:

Դատական նիստը շարունակվում է:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել