Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Այդ ամենը տեսնելով` ես միջամտեցի». տուժող ճանաչված ոստիկանը ցուցմունք է տալիս

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօր ցուցմունք տվեց գործով տուժող ՊՊԾ ոստիկանության գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

«Մինչև միջադեպը ոչ ոքին չեմ ճանաչել: Նոյեմբերին 5-ին իմ ծառայակիցներն ինձ տեղեկացրին, որ Շանթ Հարությունյանը պատրաստվում է երթ իրականացնել: Հասարակական կարգը պահպանելու և երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով իմ գումարտակի մոտ 15-20 ոստիկաններ հավաքվեցին Ազատության հրապարակի ծառայողական մուտքի մոտ»,- այս մասին այսօր դատարանում հայտնեց տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ինքը նկատել է, որ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների ձեռքին կան փայտե մահակներ, ինչպես նաև լսել է, որ Շանթ Հարությունյանը ցանկանում է երթ կազմակերպել դեպի Բաղրամյան 26. «Ես նաև նկատել էի, որ նրանց ձեռքին կային փաթեթավորված ինչ-որ բաներ, բայց իմ մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինչ են դրանք: Մոտենալով դեպի Մաշտոցի պողոտայի մոտ՝ Շանթ Հարությունյանը ցանկանում էր դուրս գալ երթևեկելի մաս: Ես եմ միջամտում, մոտենում եմ Շանթ Հարությունյանին՝ փորձելով բացատրել, որ դուրս չգա երթևեկելի մաս, բայց այդ ընթացքում նրա համախոհները ևս արդեն դուրս էին եկել երթևեկելի մաս»:

Տուժողի խոսքով, երբ ինքը մոտեցել է Շանթ Հարությունյանին, վերջինս սկսել է փայտով հարվածել իրեն և չենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Դրանից հետո ոստիկանը փորձել է բռնել փայտերը՝ հարվածներից խուսափելու նպատակով. «Այդ պահին ինձ մոտեցավ զինվորական համազգեստով մի քաղաքացի, ով սկսեց ինձ հրել: Այդ ժամանակ իմ գումարտակի անձնակազմը, մոտենալով ինձ, սկսեց հորդորել քաղաքացիներին, որ դուրս գան երթևեկելի հատվածից, սակայն նրանք շարունակում էին չենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, որից հետո էլ հնչեցին այդ պայթյունները, որոնք կուրացնում էին մեր աչքերը, ազդում էին մեր շնչառության վրա»:

Հենց այս միջադեպից հետո էլ սկսվել է խառնաշփոթը: Ոստիկանի խոսքով՝ Շանթ Հարությունյանը ձեռքի փայտը բարձրացրել էր և ցանկանում էր հարվածել ոստիկաններից մեկին: Այդ պահին մոտենում է ոստիկան Վարդան Գևորգյանը, սակայն նրան են մոտենում երթի մասնակիցներից մի քանիսը և սկսում են հարվածել մարմնի տարբեր մասերին. «Այդ ամենը տեսնելով` ես միջամտեցի: Բռնելով Շանթ Հարությունյանի ձեռքից՝ փորձում էի փայտը վերցնել, սակայն իմ հետևի կողմից մոտ երեք համախոհներ սկսեցին ինձ հարվածել: Առաջին հարվածը ստացել եմ սպիտակ, կարմիր գծերով կուրտկայով մի տղայից, որը հետագայում պարզվեց Ավետիս Ավետիսյանն էր՝ հարվածեց մեջքիս, երկրորդ հարվածը էլի մեջքիս հասցրեց այս անգամ Մկրտիչ Հովհաննիսյանը: Նա ցանկանում էր նաև երրորդ հարվածը հասցնել ձեռքիս, բայց ես բռնեցի և չթողեցի հետագա հարվածները հասցնի: Իմ կողքին էր այդ պահին ոստիկան Արա Մարտիրոսյանը: Նրան մոտեցավ ակնոցներով մի տղամարդ, հրեց և նա կորցրեց հավասարակշռությունը՝ հետագայում պարզվեց, որ դա Տիգրան Պետրոսյանն է»:

Տուժողի խոսքով՝ ինքը նաև նկատել է, որ երթի մասնակիցներն իրենց ձեռքի փայտերով ծեծում են քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդու, իսկ որոշ մասնակիցներ էլ նրանց կոչ էին անում, թե ծեծեք, ոստիկան են:

Գեղամ Խաչատրյանի ցուցմունքի համաձայն՝ ոստիկան Ազատ Հովսեփյանի ոտքերի տակ ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը տրաքացրել է այսպես կոչված «բոմբը», ինչից հետո Շանթ Հարությունյանի համախոհները նրան գցել են գետնին. «Ես մոտեցա, որ օգնեմ, բայց ինձ մոտեցավ համախոսհներից մեկը՝ ջինսե տաբատով, ով փորձեց հրել ինձ: Ես բռնեցի նրա ձեռքի փայտը, որ չթողնեմ հարվածի: Հետագայում պարզվեց, որ այդ քաղաքացին Արմեն Հովհաննիսյանն է: Հետո ինձ մոտեցավ ևս մի մասնակից, ով ինձ հրեց և վայր գցեց»:

Գետնին ընկնելուց հետո տուժողը զգացել է սուր, կտրող ցավ աջ կողային հատվածում, իսկ վեր կենալուն պես` հետապնդել է այդ քաղաքացուն և հանձնել հրամանատարներին, որպեսզի վերջիններս էլ բերման ենթարկեն այդ մասնակցին. «Բացի այդ ցավը, շատ այլ ցավեր էլ եմ զգացել, քանի որ հարվածները շատ էին: Ես վեր կենալուց հետո տեսա, որ Շանթ Հարությունյանը փայտով հարվածում է Արտակ Գևորգյանին: Դրանից հետո, երբ մենք բոլորով հավաքվել էինք մի տեղ իմ հետևից մոտեցավ Շահեն Հարությունյանը և բարձրախոսով հարվածեց ձախ կոնքային հատվածիս, որից հետո ես ունեցա գլխապտույտ, գիտակցությունս կորցրի, բայց շուտ սթափվեցի և շարունակեցի իմ ծառայությունը»:

Տեղի ունեցածից հետո ոստիկանը գնացել է Օպերայի հարակից տարածք, որպեսզի լվացվի, սակայն նկատելով, որ աջ կողային հատվածում կտրած վերք կա՝ ՃՈ մեքենայով միանգամից տեղափոխվել է Պռոշյանի հիվանդանոց, որտեղ էլ ստացել է առաջին բուժօգնությունը. «Սակայն գլխացավերս շատացան և ինձ տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Այդ ամենը կատարվել է 10-15 րոպեի ընթացքում և դրան հետևել են մոտ 100-120 քաղաքացիներ, ովքեր լսել են այդ հայհոյանքները և տեսել Շանթ Հարությունյանի և նրա համախոհների կողմից կատարված գործողությունները»:

Շանթ Հարությունյանի խոսքով՝ ոստիկանն իրեն զրպարտում է. «Տենց բան չի եղել, ոչ մեկ չի իմացել, թե ես ուր եմ գնում, անգամ իմ ընկերները: Կա՞ մի հոգի, որ կարա ապացուցի ձեր էդ խոսքերը: Ես իմ ընկերների հետ չեմ քայլել, ես քայլել եմ Օսիպյանի հետ ու տենց բան կարայի մենակ իրան ասեի: Դրանք կարաք կամերաներով էլ նայեք, հազար հատ կամերա ա եղել: Ի՞նչ նպատակով եք հիմա ինձ զրպարտում»:

Այս պահին դատարանում դեռևս շարունակվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել