Երբ իմ երկրի դատավորն այդքան խեղճացած է ու վախեցած դատախազից, քննիչից, «վերևներից»…փաստաբան

Հասարակական քննարկումների օրակարգ տեղափոխված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է ստեղծել երկաստիճան դատական համակարգ, ներկայումս գործող եռաստիճան համակարգի փոխարեն:

Թե այդ հնարավոր փոփոխությունը որքանո՞վ է նպաստելու արդարադատության իրականացման որակի բարձրացմանը, հայտնի չէ:

Հրապարակված տվյալների համաձայն, ներկայումս կալանքի վերաբերյալ միջնորդությունների 95 տոկոսը դատարանները բավարարում են, իսկ սա, մեղմ ասած, իմ խորին համոզմամբ, նշանակում է, որ այդ առումով, դատարանները պարզապես կատարում են նոտարական գործառույթ, և ընդամենը դատական կնիքով վավերացնում նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանքի միջնորդություննները՝ իրենց նկատմամբ ունեցած վստահության մակարդակը հավասարեցնելով գետնին:

Ձեր գործն է, արեք այն, ինչ ցանկանում եք, բայց խոսել ամպագոռգոռ, խոսել ինչ-ինչ բարեփոխումների տեսլականից, արդարադատության իրականացման որակի բարձրացումից, բացի այն, որ լոկ գեղեցիկ խոսքերի շարադրանք է, այլև դրանով ինքներդ Ձեզ դնում եք ծիծաղելի իրավիճակի մեջ:

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ընդամենը մեկ օրինակի տեսքով փորձեմ հիմնավորել վերը նշվածը և ցույց տալ այդ հարցի վերաբերյալ դատարանի ՛՛դարակազմիկ՛՛ դիրքորոշումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Labita v. Italy /153/ գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ որոշ ժամանակ անձին կալանքի տակ պահելուց հետո հիմնավոր կասկածի առկայությունը բավարար չէ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար:
Նման դեպքերում դատարանը պետք է պարզի, թե շարունակու՞մ են, արդյոք, գոյություն ունենալ ազատությունից զրկելը օրինականացնող այլ հիմքերը:

Գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

Սրան զուգահեռ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համահունչ Եվրոպական դատարանն ընդունել է, որ գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել հանցագործության ծանրության աստիճանից (Տես՝ Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի եւ Կաբալերոն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերը), որոնցում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ օրենսդրական դրույթը, որով արգելվում է ազատ արձակելը առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար, խախտում է Եվրոպական կոնվենցիան:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել իր 13.07.2007թ. ՎԲ-115/07 որոշմամբ:

Սա նշանակում է, որ անկախ իրեն մեղսագրվող հանցանքի ծանրությունից, անձը, մինչև իր նկատմամբ հրապարակվելիք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, թե´ մինչդատական փուլում, և թե´ դատաքննության ընթացքում, կարող է դատարանի՝ իր նկատմամբ ընտրված որպես խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ ընդունված որոշմամբ գտնվել ազատության մեջ:

Բայց խոսքս իրական անկախ ԴԱՏԱՐԱՆԻ մասին է:

Երեկ, երբ վերը նշված հիմքերով համապատասխան միջնորդություն էի ներկայացրել ՛՛Դատարան՛՛, մերժումից հետո, դատավորը, սրտաճմլիկ դեմքով, նիստից հետո ասում է ինձ. կներե´ս, չէի´ կարող, տեղ չունեի…

Իհարկե, ներում եմ, ու ոչ միայն ներում եմ: Ավելին, Ձեզ և Ձեր նմաններին, բառիս բուն իմաստով, ազատություն եմ ցանկանում:

Երբ իմ երկրի ԴԱՏԱՎՈՐՆ այդքան խեղճացած է ու վախեցած՝ դատախազից, քննիչից…՛՛վերևներից՛՛, և զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ օրենսդրորեն իրեն վերապահված իրավունքի իրացումից, մեր մեջ ասած, մարդկայնորեն ես ինձ նվաստացված եմ զգում…

Գրառումը` փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել