Կոռուպցիայի դեմ պայքարը և՛ հասարակության, և՛ պետության խնդիրն է. հակակոռուպցիոն ուսուցում

Կոռուպցիայի դեմ պայքարում հասարակությունն ու պետությունը պետք է հավասարապես շահագրգռված լինեն ու աշխատեն համատեղ: Միայն այդ դեպքում է հնարավոր ակնհայտ արդյունքի հասնել:

«Մեր բնակչության հակակոռուպցիոն ընկալումը շատ ցածր է և ավելի հակված է կոռուպցիայի: Բնականաբար, հասարակական կազմակերպությունները շատ աշխատանք ունեն կատարելու»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Երևանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում է կազմակերպվել Երևանի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:
Ուսուցման թեմայի վերաբերյալ քննարկումը թեժ են. մի բանում համակարծիք են` կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համատեղ:

«Այսօր շատ-շատերն ինչ-որ քայլեր անելով, ուղղակի չեն գիտակցում, որ իրենց արարքը կոռուպցիա է որակվում կամ իրենք դարձել են կոռուպցիայի զոհ»,- նշեց «Զարթոնք- 89» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Գարեգինյանը:

Եռօրյա սեմինարի մասնակիցները փաստում են` պետության կողմից կոռուպցիայի դեմ պայքար կա, բայց մեկ մեծ բաց կա:

«Պայքար կա երևույթի դեմ, բայց թե ինչ ծավալով է, ինչ մակարդակով է և տեմպերն ու դրա դեմ պայքարի հեռահար նպատակներն ինչպիսին են, դա արդեն ուրիշ հարց է»,- նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հեղինե Նազարյանը:

«Եկեք երկու բան առանձնացնենք` ինչ ունենք իրականում և ինչ կա գրված թղթերում: Եթե համեմատենք այս երկուսը, ապա շատ մեծ տարբերություն կա: Մենք ունենք շատ լավ իրավական ակտեր, որոնք ուղղակի թղթի վրա են, եթե այդ իրավական ակտերն իսկապես գործեն, կարծում եմ արդյունքն ակնհայտ կլինի»,- փոխանցեց Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիրանուշ Զաքարյանը:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության ծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ:

Ուսուցման ծրագրում են նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները, տեղեկատվություն ստանալու մեխանիզմներին ու աղբյուրները:

«Ժուռնալիստական հետաքննությունը բավականին լուրջ մասնագիտական կարողություններ է պահանջում և այն մարդիկ, ովքեր դրանով պետք է զբաղվեն, պարտավոր են որոշակի ուսուցում անցնել»,- հայտնեց «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր, փորձագետ Դավիթ Ալավերդյանը:

«Որպես լրագրող կարծում եմ, որ բացահայտելը, թե կոռուպցիան ինչ դրսևորումներ կարող է ունենալ, ինձ հետագայում կարող է օգնել իմ լրագրողական գործունեության մեջ, ինչու չէ նաև գուցե լրագրողական հետաքննություններ իրականացնելիս», -նշեց «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության լրագրող Արփինե Հովսեփյանը:
«Առհասարակ տեղեկատվության ազատության իրավունքը կոռուպցիայի բացահայտման համատեքստում հանդես է գալիս որպես գործիք, նախապայման, որով կարելի է հետագայում համադրելով թեկուզ լրագրողական հետաքննության հետ բացահայտել կոռուպցիան»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի կառավարություն-ՔՀԿ երկխոսության հարցերով պատասխանատու Գևորգ Հայրապետյանը:

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ը և Զլմ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Ընտրանի

Իրադարձություններ