Եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Շիրակի մարզում

Եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Շիրակի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար: Կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը`Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

«Այս ուսուցումների ընթացքում, բնականաբար, նոր հմտություններ, նոր գիտելիքներ ձեռք կբերեք»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Ուսուցման ծրագրում կարելի է գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում բավականին շատ հարցերի պատասխաններ: Թեման քննարկելիս մասնակիցները շատ ակտիվ են: Պայքարի հարցում կարևորում են միասնությունը:

«Ծրագրի շրջանակներում մենք բազմիցս ականատես ենք եղել խնդիրների, որոնք կարելի է լուծել համատեղ ուժերով» ,-նշեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ կորդինատոր/ փորձագետ Գայանե Գևորգյանը:

«Այսօր Հայաստանում կոռուպցիոն դրսևորումներ գրեթե բոլոր համակարգերում կա: Եթե բնակիչները, մարդիկ, հանրությունը, հասարակությունը միահամուռ լինի և միասնական ուժերով պայքարի, հաջողության կհասնի»,- կարծում է Գյումրում «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը,զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոնհանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարությանծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ: Տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները ևս ուսուցման օրակարգում էին:

«Եթե պատասխանատվության ենթարկվեն որոշակի անձնանց, բնականաբար, գոնե որոշակի չափով կնվազի կոռուպցիայի դրսևորումները մեր երկրում,- նշեց «Կանթեղ» Գյումրու Մանկապատանեկան ՀԿ-ի հիմնադիր նախագահԱրմեն Գաբրիելյանը:

«Լոգոս» երիտասարդական հասարակական կազմակերպություն նախագահ Արա Մելիքջանյանն էլ վստահ է. «Իշխանության վերին օղակների պատրաստակամությունը շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի գործում»:

«Ինձ թվում է մենք անպայման պետք է աշխատենք նրանց հետ, վեր հանենք Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում ցավոտ կետերը և գտնենք ընդհանուր ճանապարհներ այս ցավոտ խնդիրը լուծելու համար»,- ասաց Գյումրու երիտասարդ կանանց քրիստոնեական «Ֆլորա» ասոցիացիայի նախագահ ՍվետլանաՄկրտչյանը:

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ:

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ