Եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Լոռու և Տավուշի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար

Եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Լոռու և Տավուշի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զանգվածային լրատվության միջոցների համար: Կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ`«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի» շրջանակներում:

«Այս ուսուցումների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, փորձը, հմտությունները, կազմակերպություններին և լրատվամիջոցներին կօգնեն ոչ միայն սույն ծրագրի շրջանակներում ապագայում սպասվող դրամաշնորհների դիմել և հաղթելու դեպքում իրականացնել իրենց ծրագիրը, այլ ընդհանրապես այլ ծրագրեր, հետաքննություններ իրականացնելու համար», – ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ: Հարցը քննարկելիս մասնակիցները շատ ակտիվ են: Ամենակարևոր` քաղաքական կամքն է. կարծիքները չեն տարամիտվում:

«Կոռուպցիայի դեմ պայքարը լինի Հայաստանում, թե այլ երկրում , յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզնից: Երբ ինքներս որոշենք, որ մաս չենք կազմում կոռուպցիայի, համոզված եմ, այդ դեպքում մենք կկարողանանք ինչ-որ չափով կոռուպցիայի դեմ պայքարել»,- կարծում է «Տավուշ» մարզային հեռուստաընկերության հեռուստալրագրող Արման Տեր- Արսենյանը:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրերը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ: Տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները ևս ուսուցման օրակարգում էին:

«Հոնկոնգի փորձը հետաքրքրությունս բավականին շարժեց: Իհարկե, մենք բավականի հեռու ենք այդ փորձին հասնելուց, բայց կարծում եմ, շատ լավ կլինի, որ հասնենք»,- ասաց «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության գլխավոր խմբագիր Նարինե Մաթևոսյանը:

Հենց այս երկրում 1974 թվականից սկսված պետության ղեկավարը որոշել է պայքար մղել կոռուպցիայի դեմ, քրեականացրել են ապօրինի հարստացումը, ստեղծել Հակակոռուպցիոն գործակալություն: Ապօրինի հարստացումը քրեականացնելուց հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատազրկման են դատապարտվել:

«Կոռուպցիան մեր պետության, հասարակության համար արդիական խնդիր է`որպես հասարակության զարգացման հիմնական խոչընդոտ»,- նշեց Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Ավանեսյանը։

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ:

Իրավաբան․net

Ընտրանի

Իրադարձություններ