Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորը «հարմար գտավ» դատական նիստը հետաձգել. նիստերի դահլիճում բողոքի ալիք բարձրացավ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով 4 վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից և պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունից հետո դատավորը Լևոն Ավետիսյանը «հարմար գտավ» դատական նիստը հետաձգել: Դա առաջացրեց Արա Զաքարյանի և նիստերի դահլիճում գտնվող անձանց դժգոհությունը:

«Բայց ինչո՞ւ, հարգելի դատարան, ես միջնորդություն եմ ներկայացրել»,- զարմացավ պաշտպանն ու հավելեց, որ դատավորի նման գործողությունների պատճառով է, որ նիստերի դահլիճում գտնվող անձինք չեն հավատում արդար դատաքննությանը և անընդատ միջամտում են նիստի ժամանակ: Նա միջնորդել էր 4 վկաների նախաքննական ցուցմունքները ճանաչել որպես անթույլատրելի ապացույց:

Դատական նիստը հետաձգելու դատավորի ցանկությունը բողոքի ալիք բարձրացրեց նիստերի դահլիճում, մարդիկ սկսեցին ոտքերով հարվածել գետնին՝ բղավելով. «Մենք բոյկոտում ենք դատական նիստը»: Դատավորը հեռացավ, սակայն Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները շարունակում էին վիրավորական խոսքեր ուղղել մեղադրող դատախազ Հենրիկ Պապիկյանի հասցեին: Դատական կարգադրիչները առժամանակ հետո կարողացան քաղաքացիներին դուրս բերել նիստերի դահլիճից:

Մեղադրող դատախազ Հենրիկ Պապիկյանը նիստի ընթացքում հրապարակեց վկաներ Հենրիկ Հարոյանի, Օսաննա Զաքարյանի, Վարդան Կարապետյանի և Ծովինար Եղոյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ նրանք բացակայում են Հայաստանից և չեն կարողացել նրանց դատարան բերել:

Վկա Հենրիկ Հարոյանը նախաքննության ժամանակ հայտնել է, որ իր հայրը Ռուսաստանի Դաշնությունից պապին 2 000 դոլլար է ուղարկել, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանը լուծի իր զինվորական ծառայությունից ազատվելու հարցը: Մնացած գումարը պետք է իր պապը մաս-մաս տար, բայց թե կոնկրետ ո՞ւմ պետք է գումար տար Վոլոդյա Ավետիսյանը և ինչպե՞ս պետք է ազատեր նրան զինվորական ծառայությունից, նրան հայտնի չի եղել:

Պաշտպան Արա Զաքարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ տվյալ վկան դատարանում եղած ժամանակ ոչինչ չի հիշել, հոգեկան խնդիրների պատճառով այս պահին ազատված է զինվորական պարտադիր ծառայությունից, վկայի պապը՝ Հենրիկ Զաքարյանը, նախորդ դատական նիստի ժամանակ ասել է, որ թոռը հիշողության կորուստ ունի: Նա դատարանին խնդրեց ապահովվել վկայի ներկայությունը դատարանում, քանի որ իրենք իրավունք ունեն վկային հարցեր տալու: Նույն միջնորդությունը կրկնեց նաև մյուս վկաների դեպքում:

Վկա Օսաննա Զաքարյանը՝ Հենրիկ Հարոյանի մորաքույրը, նախաքննության ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունից իր քրոջ ընտանիքը զանգել է Հայաստանում բնակվող իր հայրիկին, տվել Վոլոդյա Ավետիսյանի համարը, որ զանգի, հանդիպի՝ նպատակ ունենալով լուծել Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից ազատելու կամ նրանց բնակավայրին մոտ ծառայության անցնելու հարցը: Վկան տեղյակ է եղել, որ հայրը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ, բայց տեղյակ չի եղել, թե որտեղ են հանդիպել: Հանդիպումից հետո նրա հայրն ասել է, որ կլինի գործը, սակայն  Վոլոդյա Ավետիսյանը գումար է պահանջել: Օսաննա Զաքարյանը տեղյակ չի եղել, թե որքա՞ն գումար է հայրիկից պահանջել:

Վկան նախաքննության ժամանակ հայտնել է նաև, որ իր քրոջ որդին Ռուսաստանում ավտովթարի է ենթարկվել և գլխի, ոտքի, աչքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի:

Հաջորդ վկան՝ Վարդան Կարապետյանը, ով զորամասում է ծառայել, նախաքննության ժամանակ ասել է, որ Վոլոդյա Ավետիսյանն իրեն դիմել է՝ նշելով, որ իր բարեկամի երեխան Ռուսաստանից պետք է գա զինծառայությունից ազատվելու համար: Ազատամարտիկը խնդրել է զորամասում աշխատողին հետաքրքրվել՝ կստացվի այդ գործը, թե՝ ոչ:

Ըստ Վարդան Կարապետյանի նախաքննական ցուցմունքի՝ նա, չցանկանալով նեղացնել Վոլոդյա Ավետիսյանին, ասել է, որ կհետաքրքրվի, սակայն այդ հարցով ոչ մեկին չի դիմել: Ավելի ուշ նույն հարցով Վոլոդյա Ավետիսյանը կրկին զանգահարել է: Վարդան Կարապետյանը հայտնել է, որ նրան, ում պետք է տեսնի, հիմա Ռուսաստանում է: Վոլոդյա Ավետիսյանը գործով վկային այլ հեռախոսահամար է տվել, որ դրանով խոսի նրա հետ, քանի որ կասկածել է, որ իր հեռախոսահամարը գաղտնալսում են, ապա ասել է, որ կոդերով խոսեն, որպեսզի ոչ ոք չհասկանա, թե ինչ են խոսում:

Վկա Ծովինար Եղոյանն ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի հորաքրոջ աղջիկն է: Նա նախաքննության ժամանակ հայտնել է, որ իր ընկերուհի Անժելա Պողոսյանի որդին, ով ծառայելիս է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, միշտ դժգոհել է ծառայությունից: Ծովինար Եղոյանն ընկերուհու ասել է, որ մորեղբոր որդին գնդապետ է, կդիմի օգնության խնդրանքով:

Նա հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին, ասել որ իր ընկերուհու որդին ծրագրավորող է, խնդրել նրան կամ այլ զորամաս տեղափոխել կամ համակարգչի վրա աշխատանքի տեղավորել: Վոլոդյա Ավետիսյանը խոսել է ինչ -որ մեկի հետ, ասել, որ կարող են 5 00 ԱՄՆ դոլարի դիմաց նշանակել նույն զորամասում համակարգչային օպերատոր: Ազատամարտիկն ասել է, որ ընկերն է անելու և հստակ կլինի այդ գործը: Սակայն Անժելա Պողոսյանը հետագայում հրաժարվել է նրանց առաջարկից:

Դատախազ Հենրիկ Պապիկյանը, վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո, նա նշեց, որ նախաքննության ժամանակ վկա Վարդան Կարապետյանն առերեսման է ներկայացել, սակայն Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվել է նրա հետ առերեսվելուց: Պաշտպանական կողմն այդ կերպ հնարավություն է ունեցել հարցաքննելու վկային, որը չի արել:

Վկա Հենրիկ Հարոյանը ներկայացել է դատարան,պաշտպանական կողմը հնարավորություն է ունեցել հարցեր տալու, սակայն չի տվել: Նա առաջարկեց, որ Ծովինար Եղոյանի ներկայությունը դատարանում ապահովվելու համար, պաշտպանական կողմը միջոցներ ձեռնարկի, քանի որ վկան Վոլոդյա Ավետիսյանի ազգականն է: Նա նորմալ համարեց այն, որ դատարանը հնարավորություն չի ունեցել վկա Օսաննա Զաքարյանի ներկայությունը ապահովվել: Այսքանից հետո նա դատարանին խնդրեց մերժել պաշտպանի միջնորդությունը:

Արա Զաքարյանը հակադարձեց, որ նախաքննության փուլում պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվում ստանալ հուզող բոլոր հարցերի պատասխանները, Հենրիկ Հարոյանին կարող էր հարցեր տալ միայն նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, իսկ մյուս վկաների ներկայությունը դատարանում, եթե մեղադրական կողմն ուզենար, կապահովվեր, ինչպես արեց Հենրիկ Հարոյանի պապի՝ Հենրիկ Զաքարյանի դեպքում: Նա հիշեցրեց, որ վկայի տատը դատարանում հայտնել էր, որ ամուսինը Ռուսաստանում է և չի կարող Հայաստան վերադառնալ գումար չունենալու պատճառով, սակայն հաջորդ դատական նիստին ներկայացավ:

«Նա հստակ ասաց՝ ես ստիպված էի գալ, որ թոռանս հետ խնդիրներ չառաջանան»,- հիշեցրեց պաշտպանը:

Արա Զաքարյանի միջնորդության վերաբերյալ դատավորը որոշում կկայացնի մայիսի 23-ին:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու մեջ, ավելի ուշ նաև խարդախության փորձ կատարելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել