Նորություններ

Արդարության ընկալումն ու պահանջը հաճախ ներկայացվում է չափազանց սուբյեկտիվ. Արսեն Բաբայան

Տնտեսագետների պահանջարկն աշխարհում ավելի շատ է, քան իրավաբաններինը: Այս կարծիքին հետևելով՝ իրավաբան Արսեն Բաբայանը, որպես մասնագիտացում, ընտրել էր տնտեսագիտության կապի ճյուղը: «Գուցե պատճառներից մեկն էլ աշխատանքային շուկայում մրցակից մասնագիտություն ունենալու ցանկությունս էր»,- նշում է Բաբայանը: Սակայն առաջին բարձրագույն կրթությունը ստանալու հենց առաջին կուրսից այդ ցանկությունը զիջեց դիրքերը: Ու չնայած նրան, որ իրավաբանը դպրոցական տարիներից իր հայրիկի օրինակով հասկացել էր իրավաբանի աշխատանքի ծանրությունը, այդուամենայնիվ ընտրեց իրավաբանությունը՝ որպես երկրորդ մասնագիտություն:
«iravaban.net»-ը զրուցել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական Արսեն Բաբայանի հետ:

– Դուք արդեն երկար տարիներ աշխատում եք իրավական ոլորտում, հետևաբար ավելի ճիշտ կկարողանաք գնահատական տալ ՀՀ դատարանների նկատմամբ հասարակության վերաբերմունքին: Որքանո˚վ է Հայաստանի քաղաքացին հավատում դատարանների արդար վճռին:
-Իրավական ոլորտում անգամ երկար տարիներ աշխատելը դեռևս բավարար չէ դատարանների նկատմամբ հանրության վստահությունը գնահատելու համար: Կարծում եմ, որ ցանկացած երևույթի նկատմամբ գնահատական հնչեցնելու համար առնվազն հարկավոր է այդ գնահատականը չափել օբյեկտիվ և պրոֆեսիոնալ գործիքներով: Բայց միևնույն ժամանակ ասել, թե դատարանների նկատմամբ հանրության վստահության աստիճանը գոհացուցիչ է՝ միամտություն կլինի: Եթե փորձեմ հնարավորինս մոտ թվերով գնահատել, ապա ստիպված կլինեմ ուսումնասիրել վստահելի աղբյուրների վերլուծություններ, որոնք, միաժամանակ, պետք է լինեն խիստ մասնագիտական որակի: Օրինակ` միջազգային լուրջ հեղինակություն վայելող կազմակերպություններից մեկը տարածաշրջանում իրականացրել է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության գնահատում և եկել այն եզրահանգման, որ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ բացարձակ անվստահություն է արտահայտում հանրության միայն 25 տոկոսը: Այս տոկոսի փոքր լինելը կարելի է գոհացուցիչ համարել, սակայն, միևնույն ժամանակ նույն հետազոտությամբ պարզվել է, որ հանրության կողմից դատական իշխանության նկատմամբ բացարձակ վստահությունը կազմում է ընդամենը 6 տոկոս: Եթե անվստահության չափը կարելի է գոհացուցիչ համարել, ապա բացարձակ վստահության ցուցանիշը, կարծում եմ, դեռևս մտահոգիչ է: Այդ վերլուծության համաձայն` հանրության մնացյալ հատվածը դատական իշխանությանը չի վստահում մասնակի, կամ մասնակի վստահում է, կամ դեռևս չի կողմնորոշվել այդ հարցում, կամ էլ անտարբեր է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ յուրաքանչյուր գնահատման հիմքում անհրաժեշտ է դնել այնպիսի աղբյուր, որին իսկապես կարելի է վստահել` հաշվի առնելով մի շարք պահանջներ:

-Ասում են` որպեսզի մարդկանց սովորեցնես սիրել արդարությունը, հարկավոր է նրանց ցույց տալ անարդարության հետևանքները: Ինչպիսի˚ն է Ձեր մոտեցումն այս հարցին:
-Արդարությունը սիրելու համար որևէ մեկին պետք չէ ոչինչ ցույց տալ: Արդարությունն այն եզակի երևույթներից է, որ սիրվում է ի սկզբանե, ի վերուստ: Յուրաքանչյուր գիտակից մարդ սիրում և պահանջում է արդարություն: Այլ հարց է, որ արդարության ընկալումն ու պահանջը հաճախ ներկայացվում է չափազանց սուբյեկտիվ: Որոշ առումներով գուցե կարելի է օբյեկտիվ համարել այդ սուբյեկտիվ ընկալումները, քանի որ յուրաքանչյուրս քիչ թե շատ արդարության հաղթանակը ակնկալում ենք տեսնել միայն մեր օգտին: Ինչ վերաբերում է անարդարության հետևանքների ցուցադրմանը, ապա, այո՛, ես գտնում եմ, որ պարզապես անհրաժեշտ է ցույց տալ անարդարության յուրաքանչյուր դեպք, ինչպես նաև դրա հետևանքները, որը, անշուշտ, պետք է լինի իրավաչափ գնահատված: Յուրաքանչյուր անարդարության հետևանքի իրավաչափ գնահատականը, ինչպես նաև դրա հանրամատչելի դարձնելը նպաստելու է հնարավոր նույնանման անարդարությունների դեմ պայքարի կարևորագույն խնդրի արդյունավետության բարձրացմանը:
-Խորհրդային միության ժամանակաշրջանում կար հասարակական պարսավանք պատժի տեսակը: Եթե դատավորն այդ պատիժն էր նշանակում, ապա սկսում էին լրատվամիջոցներով պարսավել զանցանք կատարածին: Պատժի այդ տեսակը մեր իրականությունում այլևս աշխատող տարբերակ չէ˚:
-Խոսքի ազատության իրավունքի բարեխիղճ իրացման շնորհիվ, կարծում եմ, այսօր չկա նման պատժատեսակի անհրաժեշտություն: Ինչպես գիտենք, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժամանակներում հստակ գործում էր մամուլի նկատմամբ գրաքննություն: Ներկայումս, երբ պետությունը չափազանց կարևորում է մամուլի դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում, որդեգրել է մամուլի ազատության քաղաքականություն: Ինչպես արդեն նշեցի, խոսքի ազատության իրավունքի բարեխիղճ իրացումը կատարում է «հասարակական, հրապարակային պարսավանք» պատժատեսակի դերը: Սակայն պետք է ցավով արձանագրել, որ լրատվության միջոցները մեծամասամբ ցուցաբերում են անհամբերություն, ինչի արդյունքում անտեսվում է կարևորագույն սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ լրատվության միջոցը խոսքի ազատության իրավունքը չարաշահում է, ցավոք, խոսքի և կարծիքի ազատության կարևորագույն իրավունքի ներքո միամտաբար կամ միտումնավոր հասցնում է վիրավորանք, կամ զրպարտում է իր ընտրած թիրախին: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Վճռաբեկ դատարանի հրապարակած որոշումը, ինչով ընդունվեց վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանվելու օրենսդրական նորմերի կիրառումը սահմանող մի շարք կարևոր կարգավորումներ:

-Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքը` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունների շրջանակում, փաստում է, որ շա˚տ են կարգազանց դատավորները:
-Արդարության խորհրդի որոշումներն ամբողջությամբ և առանց բացառությունների հրապարակվում են Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում: Նշածս աղբյուրից կարող են օգտվելը բոլորը, ինչն էլ յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս հնչած հարցը վերլուծել անհատական: Իմ անհատական վերլուծությունն ինձ առիթ չի տալիս մտածել, թե կարգազանց դատավորները շատ են:

-Վերջերս հարցում ենք անցկացրել հասարակության շրջանում դատական համակարգի վերաբերյալ: Քաղաքացիներից մեկի բնորոշմամբ` կոռուպցիան այնքան ժամանակ չի վերանա, մինչև իրավաբանական բուհերի ուսանողները չդադարեն մտածել` ուսման համար այսօր ծախսած փողի կրկնակին վաղը հետ են բերելու: Ճի˚շտ է, որ մեր իրականությունում իրավաբանի, փաստաբանի, դատավորի մասնագիտությունները նույնացվում են հարուստ, ազդեցիկ ու «կարևոր» մարդիկ լինելու հետ:
-Համամիտ չեմ նշված քաղաքացու կարծիքի հետ: Հարցին փորձեմ մոտենալ տնտեսագիտորեն: Գիտելիքը, մեծ հաշվով, «ապրանք» է, որը մենք «գնում» ենք ուսանողական տարիներին: Անկախ նրանից սովորում ենք վճարովի, թե անվճար, միևնույնն է, կատարում ենք աշխատանք՝ սովորելու տեսքով, որը փոխհատուցվում է գիտելիք «ապրանքատեսակով»: Երբ արդեն ավարտում ենք բուհ-ը, ունենում ենք գիտելիք «ապրանքատեսակի» բավականին պաշար, որը հետագայում պիտի «վաճառենք»: Գիտելիքի վաճառքը հենց այն աշխատանքի կատարումն է, որի համար օգտագործում ենք գիտելիքներ և դրան համարժեք ստանում վարձատրություն: Կարծում եմ, որ գովելի է այն իրողությունը, որ ուսանողը մտածում է այսօր ծախսած գումարի կրկնակին վերադարձնելու մասին, գովելի է, քանի որ վերադարձնելու միակ պայմանը լավ գիտելիքների առկայությունն է, իսկ լավ գիտելիքներ ստացած մասնագետ անհրաժեշտ է թե՛ հանրությանը, և թե՛ պետությանը:
Ինչ վերաբերում է իրավաբանի, փաստաբանի, դատավորի մասնագիտությունները հարուստ ու ազդեցիկ մարդու հետ նույնացնելուն, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտի լավ մասնագետն իրական հնարավորություն ունի լինել հարուստ, ազդեցիկ կամ առանց չակերտների կարևոր: Ասածս իդեալական վիճակին է միայն վերաբերում, քանի որ, ցավոք, ներկայումս քիչ չեն հրաշալի մասնագետներ, գիտնականներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հարուստ չեն: Նշված մարդկանց մեջ են և՛ դատախազներ, և՛ փաստաբաններ, ինչպես նաև դատավորներ:

-Ձեր բլոգում գրում եք, որ պետական կառավարման համակարգում վերահսկողությունը բերում է կառավարման որակի արդյունավետ բարելավմանը, միաժամանակ նշելով. «Վերահսկողությունը նման է դեղի, որի չարդարացված շատ օգտագործումն առաջացնում է այլ հիվանդություններ։ Ցավոք, ներկայումս` կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին, մենք հաճախ վերահսկողություն դեղամիջոցը շատ ենք նշանակում»։ Այս դեպքում ո˚րն է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի դեղամիջոցի Ձեր տարբերակի չափն ու ձևը:
– Այդ դեղահաբը տարիներ շարունակ փնտրում ու փորձում են գտնել աշխարհի բոլոր պետությունները: Որոշ երկրներում դա հաջողվում է, իսկ որոշներում` ոչ, անգամ այն դեպքերում, երբ հաջողված փորձն է ներդրվում չհաջողվածներում: Սակայն պետք է նկատել, որ դեռևս որևէ երկրում չի հաջողվել գտնել լիարժեք բուժման միջոցը: Յուրաքանչյուր դեղամիջոցի ընտրությունը հատուկ է տվյալ հիվանդի առանձնահատկություններին: Անհրաժեշտ է դեղամիջոց նշանակելիս միաժամանակ հաշվի առնել մի շարք հանգամանքներ, օրինակ՝ արդյո՞ք այդ դեղամիջոցից օգտագործողի մոտ չեն առաջանա այլ ծանր հետևանքներ: Որպես օրինակ կարելի է քննարկել Վրաստանի դատաիրավական համակարգի կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի միջոցը: Կարծել, թե նույն Վրաստանում կոռուպցիան իսպառ բացակայում է, միամտություն կլինի: Սակայն միևնույն ժամանակ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ Վրաստանուն կոռուպցիայի դեմ պայքարը համապատասխանում է ընդունված չափանիշներին, այսինքն՝ դրանք հիմնականում արդյունավետ են: Սակայն Վրաստանում ընտրված այդ «բուժման» հետևանքում նկատվում է մեկ այլ ծանր հետևանք: Վիճակագրությունն արձանագրում է, որ Վրաստանի դատարանները հիմնականում մերժում են գույքային խոշոր պահանջներով դատական հայցերը: Վրացի և եվրոպացի փորձագետները պնդում են, որ դրա պատճառը վերահսկողությունից վախենալն է: Ըստ փորձագետների` վրացի դատավորները հիմնականում չեն բավարարում գումարային խոշոր պահանջները, քանի որ վախենում են, որ վերահսկողը կկարծի, թե ինքն այդ գործից ունեցել է կոռուպցիոն շահ: Այստեղ, ինչպես նկատեցիք, բացի այն, որ առկա է դատավորի անկախությունը վտանգելու լուրջ մտահոգություն, միաժամանակ տուժելու է նաև հասարակությունը:
-Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դարձավ 17 տարեկան: Ինչպիսի˚ ճանապարհ կմաղթեք պատանի Սահմանադրությանը:
-Սահմանադրությունն ինձ համար ավելին է, քան պարզապես իրավական ակտ, առավել ևս՝ 17 ամյա պատանի: Սահմանադրության չգործելու մասին դժգոհություններ հաճախ ենք լսում, սակայն բոլորս պարտավոր ենք գիտակցել, որ Սահմանադրությունը չի կարող գործել ինքնուրույն: Յուրաքանչյուրս պարտավոր ենք հզորացնել Սահմանադրության գործունակությունը դրա խստագույնս պահպանմամբ: Այն պետք է լինի բոլորիս հիմնական հենասյունը: Նրանով պետք է հպարտանալ և անել ամեն ինչ, որպեսզի Սահմանադրությունն իսկապես լինի բարձրագույն օրենք:

Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել