Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ինձ դատեք իմ արածի համար, ոչ թե իմ չարածի». հայտարարությունը դահլիճում իրարանցում առաջացրեց

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործի դատաքննությունը ավարտվել է և դատավարությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Այսօր դատարանում մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Արթուր Զաքարյանը: Մոտ մեկ ժամ տևած ճառում մեղադրողը դատարանին ներկայացրեց ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի հիմնավորումները: Անդրադառնալով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, մեղադրող Ա. Զաքարյանը մասնավորապես ասաց.

«Գործում առկա է ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, այսինքն` ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի հանցավոր արարքը պայմանավորված է տուժողի անօրինական գործողությամբ: Գործում առկա չեն պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատարյանը մեղադրվում է իր զինծառայակից՝ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանելու և մեկ այլ զինծառայակցի՝ Հրաչյա Սարգսյանին մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ օրենասգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ապօրինաբար մեկի ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ քրեական օրենասգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Դատախազը դատարանին միջնորդեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենասգրքի 114 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրան դատապարտել 14 տարի ազատազրկաման, մեղավոր ճանաչել 102 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Մեղադրող Զաքարյանը դատարանին միջնորդեց վերջնական պատիժ նշանակել և ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Մեղադրական ճառից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալը: Նա ասաց. «Ինչ եղել ա նախաքննության ընթացքում, դրանից հետո եղել ա դատաքննություն, ու դրա ժամանակ լիքն ապացույցներ ա ձեռք բերվել, որ ես էդ արաքը չեմ արել, իսկ դուք հիմա էդ ամեն ինչն անտեսում եք ու նույն մեղադրանքն եք ներկայացնում: Ինձ դատեք իմ արածի համար, ոչ թե իմ չարածի: Ես հենց էս վայրկյանից հայտարարում եմ հացադուլ»:

Ամբաստանյալի հայտարարությունը դահլիճում իրարանցում առաջացրեց: Դատավոր Զոյա Զաքինյանը երկու հոգու դուրս հրավիրեց դատարանի դահլիճից: Ամբաստանյալի հայտարարությունը նյարդայնացրեց նաև տուժողի իրավահաջորդ Լուիզա Ստեփանյանին:

Ելույթ ունենալով եզրափակիչ ճառով` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն ասաց, որ դատարանից ակնկալում է արդարացի պատիժ, այնպիսի պատիժ, որ ընկալելի կլինի տուժող կողմի համար և կծառայի իր գլխավոր նպատակին՝ հետագայում նման հանցագործությունների կանխմանը:

Ամբաստանյալի պաշտպանները պատրաստ չէին պաշտպանական ճառին: Նրանք դատարանին խնդրեցին 20 աշխատանքային օր, նախապատրաստվելու համար: Պաշտպանների միջնորդությունը դահլիճում ներկաների դժգոհությունը հարուցեց:
Դատական նիստի եզրափակիչ մասը անցավ լարված մթնոլորտում: Լյուքս Ստեփանյանի հարազատները դժգոհ էին նաև մեղադրողի պահանջած պատժաչափից: Նրանք պահանջում էին ցմահ ազատազրկում: Դատակա նիստի ավարտից հետո դատարանի բակում Լյուքս Ստեփանյանի դժգոհ հարազատները իրենց բողոքն արտահայտեցին երկու պաստառներ պարզելով, որոնց վրա գրված էր «Լյուքս Ստեփանյանի սպանողը համարվում է թուրք» և «Պահանջում ենք ցմահ ազատազրկում»:
Դատավարությունը կշարունակվի մայիսի 30-ին:

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել