Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ոստիկանները ծերունուն ասել էին, թե տանում են պարգևատրելու. վկայի ցուցմունքի մանրամասները

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով հարցաքննվեց վկա Հենրիկ Զաքարյանը: Ըստ նրա` ինքը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի վերջինս օգնի թոռան՝ Հենրիկ Հարոյանի ծառայությունը մոտ տեղ կազմակերպելու հարցում. զինծառայությունից ազատելու հարց չի բարձրացվել նրանց կողմից:
Նա նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի համարն իրեն Ռուսաստանի Դաշնությունում ապրող աղջիկն է տվել: Ինքն էլ զանգահարել է, պայմանավորվել և երկու թոռների հետ հանդիպել ազատամարտիկին Էջմիածինի կամուրջի մոտ:

Երբ վկան ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանին 2000 դոլար մաղարիչ է տվել, որպեսզի թոռանը մինչև բանակ տանելը հիվանդանոց պառկեցնի, դեղերի հարցը հոգա, դատական նիստերի դահլիճից հայհոյանք հնչեց: Դատավոր Լևոն Ավետիսյանը բարկացավ և դատական կարգադրիչներին կարգադրեց այդ մարդու ոստիկանության բաժին տանել և ևս մեկ անգամ զգուշացրեց նիստի ներկաներին, որպեսզի դատավարության կարգը չխախտեն:

Որոշ ժամանակ անց ևս մեկ քաղաքացի լքեց նիստերի դահլիճը՝ նշելով. «Ես էլ եմ նույնից ասում (նկատի ուներ հայհոյանք-խմբ.)»:

Հենրիկ Զաքարյանը դատարանին հայտնեց, որ երբ եկել են իրեն ու թոռանը ոստիկանության բաժին տանելու, ասել են, որ տանում են նրան պարգևատրելու:
Պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե այդ դեպքում նա չի հարցրել, թե թոռանն ո՞ւր են տարել, վկան պատասխանեց, որ չի հարցրել: Երբ հասել են ոստիկանության բաժին, այնտեղ նոր իմացել են, թե ինչի՞ համար են իրենց տարել: Գիշերը ոստիկանությունում են անցկացրել, քանի որ վկայի խոսքով այդ ուշ ժամին գնալու տեղ չունեին:

«Ես ձեզանից շատ եմ ուզում, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվի»,- նշեց վկան: Վկան դատարանին հայտնեց, որ իր թոռանը այդ պահի դրությամբ երեք տարով տարկետում են տվել, բայց Վոլոդյա Ավետիսյանը որևէ կապ չունի դրա հետ. թոռն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ հիշողության կորուստ և այլն:
Վկան ողջ հարցաքննության ընթացքում կցկտուր տեղեկություններ էր հայտնում՝ երբեմն հարցերին չպատասխանելով, երբեմն նշելով, որ առաջին անգամ է ոստիկանություն եղել և գլուխն օդի մեջ է եղել, ոչ մի բան չի հասկացել:

Դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև: Պաշտպանական կողմը թողեց դատարանի հայեցողությանը: Դատավոր Լևոն Ավետիսյանը բավարարեց միջնորդությունը:
Նախաքննական ցուցմունքում Հենրիկ Զաքարյանը նշել էր, որ Վոլոդյա Ավետիսյանն իրենից 1500 դոլար է պահանջել՝ թոռանը մոտ ծառայության անցնելու օգնելու համար, իսկ ծառայությունից ազատելու համար՝ 5000 դոլար:

Երբ երկրորդ անգամ հանդիպելու համար պայմանավորվել են, Վոլոդյա Ավետիսյանը հեռախոսով ասել է, թե երկու տուփ կոֆե պետք է բերի վկան, այսինքն՝ 2000 դոլար: Ըստ վկայի՝ այդ գումարը նրան տվել են, սակայն ազատամարտիկը մոռացել և չի հարցրել թոռան տվյալները: Նա ավելի ուշ հեռախոսով է Հենրիկ Հարոյանի անձնական տվյալները թելադրել:

Նշենք, որ նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքները շարադրված էին գրագետ և ոչ այն նույն բառապաշարով, որով վկան խոսում էր նիստերի դահլիճում: Ավելի ուշ նա հաստատեց, որ ցուցմունքներն իր ձեռագրով է գրել և ստորագրել:
Վկան դատարանին հայտնեց, որ հետագայում նպատակ չեն ունեցել Վոլոդյա Ավետիսյանին ևս 3000 դոլար փոխանցել, սակայն հետ չեն էլ պահանջել տված 2000 դոլարը:

Հարցաքննության ժամանակ Հենրիկ Զաքարյանին բարկացրին պաշտպան Արա Զաքարյանի բազմաթիվ հարցերը, ինչի պատճառով նա որոշեց լքել նիստերի դահլիճը: Այն կանխվեց դատական կարգադրիչի կողմից: Նա նշեց, թե չի հիշում, թե ի՞նչ է գրել այն ժամանակ, քանի որ շփոթված է եղել:
Վկան դատարանին ներկայացրեց տեղեկանք, որով հաստատում էր՝ ինքն առողջական և ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանալու մասնակցել մյուս դատական նիստերին:

Մյուս դատական նիստի ժամանակ կհրապարակվի Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը, որի հրապարակումը հետաձգվել էր պաշտպան Արա Զաքարյանի՝ դատական նիստին մասնակցելուց հրաժարվելու պատճառով: Նշենք նաև, որ այսօր դատական նիստի ժամանակ Հենրիկ Հարոյանի պապը՝ Հենրիկ Զաքարյանը, հաստատեց, որ թոռը հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի. հնարավոր է մեկ օր առաջ կատարված դեպքը չհիշի:

Վոլոդյա Ավետիսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել